Բլից. «Կանայք շատ խորամանկ են, խորքային, բայց …». Արևշատ Ավագյան

- in Մշակույթ

Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ, բանաստեղծ, գեղանկարիչ, Հայաստանի գրողների և նկարիչների ստեղծագործական միությունների անդամ, հրաշալի մտավորական Արևշատ Ավագյանն է մեր բլից հարցազրույցի հյուրը:

– Ո՞վ եք Դուք եւ ինչպիսի՞ն եք:

– Ես հայորդի եմ, մտավորական, գրող, գեղանկարիչ, մշակույթն ու երաժշտությունը առհասարակ սիրող անձնավորություն, հայի ինքնությամբ, հայի հոգեմտածողությամբ, որը ներդաշնակվում է Երկիր մոլորակի բոլոր ազգերի ու ժողովուրդների դրական հոգեմտածողությանը, և միաժամանակ` տիեզերքի բանականության ներկայացուցիչ: Մի քիչ բարդ հնչեց, բայց այդպիսի մի էություն: 

– Մանկությունից կամ պատանեկությունից ի՞նչն է ամենաշատը տպավորվել Ձեր մեջ:

– Շատ բաներ: Օրինակ՝ աշխարհի, Երկիր մոլորակի բազմազանությունը, բազմաշերտությունը, գեղեցիկ բնանկարները, գեղեցիկ աղջիկները, գեղեցիկ քաղաքները, լավ ճաշատեսակները, համեղ մրգերը: Շատ եմ սիրել ճանապարհորդել, մանկությունից Աշտարակի այգիներում, Քասախի ձորում անց եմ կացրել իմ մանկությունը, ճանաչել եմ աշխարհը, շփվել եմ բնաշխարհի հետ, փորձել եմ նաև նկարել դրանք՝ նկարչությամբ, գծանկարներով, գունանկարներով, լուսանկարներով և ավելի շատ հավանած, ավելի շատ սիրած թեմաների մասին գրել եմ բանաստեղծություններ, նկարել եմ, նշումներ եմ արել, գրառումներ եմ արել, որ չմոռանամ և հետո արդեն սիրել եմ հայացքս ավելի հեռուները հառել ու 14 տարեկանում, երբ առաջին անգամ Թբիլիսի գնացի՝ «Երևան – Թբիլիսի» ֆուտբոլային խաղը նայելու, նաև ուրիշ հանրապետություններ, ուրիշ քաղաքներ, և հետո` այդ ընթացքը շարունակվեց տարբեր քաղաքներում, տարբեր երկրներում փնտրեցի այն ամենը, ինչը նաև ներդաշնակ է հայ մարդուն, նրա հետաքրքրություններին, այցելեցի թանգարաններ, պատկերասրահներ: Կարծում եմ` մշակույթը հենց մարդկային ստեղծագործությունն է, եթե օրինակ, արարչագործությունը Աստծունն է՝ սարեր, ծովեր, որոնք մարդը չի ստեղծել, մինչդեռ մարդը սարերն է նկարում, ծովերն է նկարում, գեղեցիկ աղջիկներին է նկարում, բարի մարդկանց է նկարում … Եվ երաժշտությունը, որը բնության մեջ ջրի ձայնն է, քամու ձայնն է, կենդանիների ձայնն է … Բոլորը խոսում են. քարը խոսում է իր լռությամբ, երբեմն շատ տաքանում է, հետո` սառչում ու սկսում ձայներ հանել, ինչպես մարդը, երբ դժգոհում է, երբեմն  տնքում է, իր ուրախությունը չի կարողանում զսպել երեխան, որը առաջին անգամ տեսնում է թռչող թիթեռնիկին: Այնպես որ` շատ տպավորվելու, սիրելու բան կա աշխարհում, և այդ գեղեցկությունները գնահատելու, ամրագրելու համար պետք է այդ մասին գրել, նկարել, երգել …

– Ձեր առավելությունները որո՞նք են:

– Առավելությունների մասին խոսելը մարդկային առումով դժվար է, որովհետև համեստությունը պետք է մարդուն զարդարի, բայց ես կարծում եմ, որ շատ առավելություններ ունեմ, որովհետև ավելի շատ բան եմ տեսնում, քան` իմ հասակակիցներից շատերը, ավելի շատ եմ կարդում, ավելի քիչ եմ լսում դժգոհություններ, բամբասանքներ, չարախոսություններ, փորձում եմ դրանց չխառնվել: Գնահատում եմ մարդկանց, որևէ մեկին փորձում եմ չնախանձել և ամեն ինչին նայել բարեհոգի, գնահատողի հայացքով: 

– Իսկ թերություննե՞րը:

– Երևի` որ շատ բարի եմ, ներողամիտ: Դրանք, իհարկե, էլի առավելություններ են, բայց կան մարդիկ, որոնց ստորություններին, ասում են, ավելի լավ է պատասխանել ստորությամբ, վրեժխնդրությամբ, թեև` ես չեմ ընդունում, չնայած ազգային ոճրագործներին, այ, նրանց նկատմամբ ես գտնում եմ, որ պետք է այդպիսին լինել, ոչ թե իմ ձեռքով, այլ այն մարդու ձեռքով, ով պետք է մարդ սպաներ, ինքը թող սպանի, ոչ թե լավ մարդուն, այլ այն ոճրագործին, երբեմն նույնիսկ ներքին թշնամուն, որը մեր իրականության մեջ կա և օգնում է մեր թշնամուն իր անձնական շահի համար: 

– 5 ածականով բնութագրեք Ձեզ:

– Համեստ, բավարարվածության զգացում ունեցող, օգտակար լինող և հետևանքների մասին մտածող: Այնուամենայնիվ, իմ ողջ էությամբ փորձում եմ ամրապնդել նախնիներիցս ժառանգած դրական հատկանիշները, որոնք իմ ինքնության մեջ են արտահայտվում, իմ ազգի, բոլոր ընկերների, հարազատների շահերի հետ և մտածել նաև իմ ժառանգների մասին, որ հետո նրանց համար ավելի հեշտ լինի ապրելը, որպեսզի նրանք ավելի հարուստ լինեն ոչ միայն նյութապես, այլև` հոգեպես, որպեսզի մեր ազգից վերանան փոքր մարդու, փոքր ազգի բարդույթները: Հիմա ասում ենք` թող թուրքերը ճանաչեն Ցեղասպանությունը, օրինակ, ես այդպես չեմ մտածում, ինձ բոլորովին պետք չէ, որ նրանք ճանաչեն, այլ պետք է պարտադրել, որ փոխհատուցեն: Եթե միայն ճանաչեն, դրա մեջ ուրախանալու ոչինչ չկա, մենք միևնույնն է գիտենք, որ դա եղել է, Աստված դա տեսել է, մենք տեսել ենք, գրեթե ամբողջ աշխարհը ճանաչում է: Այսօր ԱՄՆ-ի 44 նահանգներ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը, բայց մենք ուզում ենք, որ Օբաման անպայման ասի «Ցեղասպանություն» բառը, չնայած` մի քանի անգամ ասել է նախընտրական քարոզարշավում: Այսինքն` ավելորդ ազգային եռանդ ենք վատնում, ջանքեր ենք գործադրում լսելու համար այդ դատարկ խոսքը, որը մեզ պետք չէ: Մենք կարող ենք շնորհակալություն հայտնել Օբամային, որ ամբողջ աշխարհով ասում է` Եղեռն, որովհետև դրանով նոր եզրույթ է մտնում միջազգային հարաբերություններում: 

– Ձեր մեղքերը, որոնց համար դատապարտվելու եք:

– Փորձել եմ այդպիսի մեղքեր չգործել: Որևէ մեկը չի կարող դժգոհել, որ ես իրեն խաբել եմ, ինչ որ բան գողացել եմ … և այլն:

– Ձեր կյանքի ամենամեծ սխալը:

–  Ճիշտն ասած, այդպիսի սխալ չեմ հիշում:

– Ձեր կյանքի ամենահամարձակ քայլը:

– Խորհրդային տարիներին ես երազում էի մշակութային կենտրոն ստեղծել՝ իմ ուզած ձևով, որտեղ Հայաստանի և ամբողջ աշխարհի բոլոր մշակույթները համատեղվեն, ներդաշնակվեն, և մեր արվեստագետները ներկայանան աշխարհին և օտարներին` հայ մշակույթի միջոցով, բայց այդ կենտրոնը ստեղծելու համար հողատարածք հնարավոր չէր գտնել, որովհետև յուրաքանչյուր մարդ մի սեփականություն պետք է ունենա, մեկ հողամաս, որտեղ ապրում է: Հիմա ես համարձակություն եմ ունեցել հողատարածք ներդնելու ընտիր տեղում, օրինակ, Քասախ գետի ափին՝ Աշտարակ – Օշական ճանապարհի վրա և Օշականի մյուս թևում, մեր լեռնային գետերի ափերին, ուր հետաքրքիր անդնդախոր ձորեր, տեսարաններ կան: Ամեն ինչ արեցի, որպեսզի ստեղծեմ բարիք, ծառեր եմ տնկել, բայց իմ տնկած ծառերից մեկ գիշերվա մեջ 178-ը գողացել են: Դա համարձակ քայլ է, չէ՞, բայց այսօրվա իրականության մեջ, այդպիսի կենտրոն ունենալու համար մեծ ներդրումներ է պահանջվում: Թեև` ես այն շարունակում եմ, թեկուզ ինչ-որ դոնկիխոտյան հավատով, որովհետև ստեղծել եմ այգի Քասախի ափին, որի ծառերը տնկել են մեր 60 լավագույն մտավորականները` 2002 թ.-ի նոյեմբերի 15-ին՝ ծիրանենիներ, դեղձենիներ, ընկուզենիներ, մի խոսքով` բոլոր այն ծառերը, որոնք աճում են Հայաստանում:

Եվ իմ այգում ավանդույթ է ստեղծվել` ամեն տարի կեռասի հասնելու օրը  նշելը, հետո թթի օրն ենք նշում: Իսկ հուլիսի 1-ին` ամեն տարի մեր մտավորականների կողմից տնկած ծառերի այգում նշում ենք ծիրանի օրը: Հետո` դեղձի, խաղողի, ընկույզի, նռան օրերը … Այս ամենը ես եմ սահմանել, որպեսզի այդ օրերը դարձնեմ փոքրիկ տոն: Սա ես համարում եմ փոքրիկ համարձակություն: Եվ ուզում եմ, որ այդտեղ կառուցվի Մշակույթի կենտրոն: Օրինակ՝ գեղանկարչության, գրականության, երաժշտության առանձին տներ: Մի խոսքով, բոլոր մուսաները ունենան իրենց տները, ու յոթ օր շարունակ լինեն գրքերի շնորհանդեսներ, որևէ գրողի հետ հանդիպում, ցուցահանդես, համերգ, թատրոնի, կինոյի, մյուս արվեստների ցուցադրություններ: Այդ օրերը այնպես պետք է հաջորդեն իրար, որ ամբողջ տարվա ընթացքում` գիշեր ու ցերեկ, կենտրոնը գործի` համախմբելով տարբեր ազգերի ու ժողովուրդների, նրանց հաղորդակցի իսկական մշակույթի հետ: Նման համարձակ բան եմ մտածել: Ես պատկերացնում եմ դրախտային, հայկական մի վիթխարի կառույց, որը աշխարհում կարող է լինել եզակի և բոլոր առումներով օգտակար հայ երեխաներին կրթելու և դաստիարակելու համար: Այդ այգին գտնվում է Հայոց այբուբենի հուշասյան կողքին, Քասախ գետի ափին: Այնտեղ հիմա էլ պոեզիայի բացօթյա ցերեկույթներ ենք կազմակերպում:

– Որո՞նք են Ձեր խոցելի կողմերը:

– Շատ փխրուն եմ: Շատ ճակատագրական բաներ են եղել իմ կյանքում, բայց ես ինձ վնասողին չարով չեմ պատասխանել, անտեսել եմ, ճիշտ է, դժվարությամբ և դժգոհելով, բայց «աջ եմ քաշվել», որպեսզի որևէ մեկին չվնասեմ: Չգիտեմ, ես սա եմ համարում իմ խոցելի կողմը:

– Թշնամիներին եւ հակառակորդներին ինչպե՞ս եք դիմագրավում:

– Թշնամին կոպիտ է ասված, ես ավելի շատ նախանձի դրսևորումներ եմ տեսել իմ նկատմամբ, որովհետև ես որևէ բան չեմ արել, որ մարդիկ թշնամանան իմ հանդեպ:

– Սկզբունքներ, որոնք խախտել եք, եւ որոնք երբեք չեք խախտի:

– Չեմ ուզում ասել, որ ես շատ բարի եմ, շատ լավն եմ, ես ուղղակի փաստեր եմ բերում, որ ժամանակին շատ մարդկանց եմ օգնել: Իսկ չեմ խախտի ճշմարտախոսությունը: Միշտ փորձել եմ չստել, որովհետև տանել չեմ կարողանում սուտը:

– Տխրությունը եւ ուրախությունը ո՞ւմ կերպարով են Ձեզ այցելում:

– Ես, ճիշտն ասած, նաև տխրությունն եմ սիրում, որովհետև տխրության մեջ էլ կա գեղեցիկը: Տխրություն, երբ օրինակ տեսնում ես, որ ծառը ցրտահարվել է, կամ` տեսնում ես մուրացկանի և մտածում, թե ինչո՞ւ պետք է մեր երկրում նման մարդիկ լինեն: Տեսնում ես մի աղջկա, ով ցուրտ եղանակին բարակ է հագնվել, և տխրում ես նրա համար, չէ՞ որ նա ապագա մայր է: Ուրախանում եմ, երբ տեսնում եմ, օրինակ, գարնանը ծաղկած ծառեր:

– Դուք Ձեզ երջանիկ մարդ համարո՞ւմ եք, կատարյալ երջանիկ լինելու համար ի՞նչ է Ձեզ պակասում:

– Այո, համարում եմ, իսկ կատարյալ երջանկության համար ինձ պակասում է մարդկային չհասկացվածությունը:

– Ո՞րն է հաջողության հասնելու Ձեր երեք պայմանը:

– Առաջին հերթին ներունակությունը, աշխատասիրությունը և նպատակասլացությունը:

– Ի՞նչ կփոխեիք Ձեր մեջ, եթե նորից ծնվեիք …

– Երկրորդական, ձանձրալի և անպտղաբեր զրույցներից, հանդիպումներից զերծ կմնայի:

– Ի՞նչն է  Ձեզ զարմացնում եւ զայրացնում:

– Զարմացնում է մարդկային պարզամտությունը: Զայրացնում է ժամանակի անիմաստ վատնումը:

– Ինչի՞ց եք հոգնում:

– Երբեմն այնքան եմ աշխատում և կարդում, որ հոգնում եմ: Նաև հոգնում եմ մարդկանց զազրախոսություններից, չարախոսություններից:

– Ձեր կյանքի ամենամեծ պարտությունը:

– Պարտություն չեմ ունեցել, եթե ունեցել եմ, ապա դրանք եղել են նյութական կորուստներ, որոնք մեծ պարտություններ չեմ համարում:

– Ի՞նչ խոչընդոտներ եւ վտանգներ եք հաղթահարել կյանքում:

– Ինձ շարունակ արգելակել են` դպրոցից սկսած, փորձել են խանգարել, փորձել են հուսահատեցնել, փորձել են վախեցնել, բայց բարեբախտաբար, ես հաղթահարել եմ այդ ամենը:

– Ի՞նչ սենսացիոն հայտարարություն կարող եք անել հենց հիմա` այս հարցազրույցի շրջանակում, այնպես, որ մեր բոլորի բերանը «բաց մնա»:

– Ես կարող եմ մեր Արևմտյան Հայաստանի հողերը վերադարձնելու հարցը լուծել առանց մի փամփուշտ կամ ական օգտագործելու: Այսինքն` գաղափարախոսություն կա, որով ես դա կարող եմ անել:

– Ձեր կենսագրության մեջ ամենահպարտանալու կետը ո՞րն է:

– Որ ինձ ավելի շատ ճանաչել և գնահատել են արտասահմանցիները, քան` հայերը: Դա իսկապես հպարտություն է:

– Կա՞ արդյոք որևէ բան, որի համար ամաչում եք:

– Չէ, նման բան չի եղել: Եղել է, որ կողքիս մարդը պահի տակ մի բան անի, եւ ես նրա փոխարեն կողքի մարդկանց մոտ ամաչեմ:

– Ի՞նչ հոբբի ունեք:

– Մի ժամանակ դրոշմանիշեր էի հավաքում, հիմա նկարներ եմ հավաքում: Տանը նաև ունեմ աֆրիկյան մանուշակներ, որոնց անձամբ ես եմ խնամում: Տասներկու տեսակ ունեմ և շարունակաբար բազմացնում եմ ու նվիրում ուրիշներին:

– Ինչի՞ եք պատրաստ հանուն սիրո եւ ինչի՞ պատրաստ չեք:

–  Հանուն սիրո պատրաստ եմ աշխատել, նվիրվել, ուրախացնել այն էակին, ում սիրում եմ, բայց պատրաստ չեմ կեղծելու, խաբելու, արժանապատվությունս կորցնելու:

– Կանայք … ինչպիսի՞ն են նրանք, եւ ինչպե՞ս կարելի է գրավել նրանց սիրտը:

– Կանայք շատ խորամանկ են, խորքային, բայց երբեմն այնքան թափանցիկ են, որ ինչքան էլ փորձեն իրենց թաքցնել, միևնույն է, բացահայտվում են:

– Առաջին սիրո խոստովանություն:

– Առաջին սիրո խոստովանությունս եղել է դպրոցում, գրել էի մեկ – երկու դասարան ցածր մի աղջկա, իսկ նա պատասխան նամակում գրել էր` «Ոչ», բայց վարդ էր նկարել, ես էլ բանաստեղծություն էի գրել ասելով. «Թե նամակում ոչ ես գրել` մերժելով սերն իմ առաջին, էլ ինչո՞ւ ես վարդ նկարել սիրո մերժող տողի տակին»:

– Իսկ Ձեզ սիրո խոստովանություններ արե՞լ են:

– Այո, արել են, բայց պարտադիր չէ խոսքով, անգամ հայացքով կամ շրթունքի շարժումով կարելի է արտահայտել սերը:

– Խենթություններ, որոնք արել եք սիրելիի համար:

– Կոնկրետ դժվարանում եմ հիշել, բայց եղել են, բարեբախտաբար:

– Ամենառոմանտիկ օրը:

– Շատ են եղել, մի օր չէ: Օրինակ, Մոսկվայում աստիճաններով բարձրանում էի, մի աղջիկ իջնում էր, միմյանց ժպտացինք, հետո զգացի, որ նա շրջվում է, ես էլ ետ դարձա, հետո երկուսս էլ նորից ետ շրջվեցինք … Որոշակի ժամանակ ափսոսում էի դրա համար:

– Բնութագրեք Ձեր ընտրյալին: Ի՞նչը չեք սիրում նրա մեջ եւ ի՞նչն եք սիրում:

– Նրա մեջ սիրում եմ հպարտությունը, արժանապատվությունը, ազնվությունը: Իսկ թերությունները չնկատելու եմ տալիս, որովհետև սիրում եմ:

– Տան հոգսերից որո՞նք են Ձեզ վրա:

– Շատ սիրում եմ տարբեր տեսակի թեյեր պատրաստել, տղաս մի անգամ ասաց, որ ամենալավ լիմոնով թեյը ես եմ պատրաստում:

– Ամենաթանկարժեք իրը, որ ունեք:

– Գրքերը, նկարները … Ինձ շատ են նկարել, շուրջ հիսուն յուղաներկով արված նկարներ ունեմ, որոնք սրբությամբ պահում եմ:

– Հայրական ապտակի արժանացե՞լ եք:

– Մի անգամ Աշտարակում, գաղթականների թաղամասում, ոչխարները և այծերը գալիս էին, ես փոքր էի և ուզում էի նրանց հեծնել, հայրիկս մի անգամ դրա համար պարանով հարվածել է:

– Վեճերի, կռիվների, ծեծկռտուքների մասնակցե՞լ եք եւ կապտուկներով վերադարձե՞լ եք տուն:

– Ոչ, չեմ մասնակցել:

– Օրը քանի՞ տուփ եք ծխում, ամենաշատը ինչքա՞ն կարող եք խմել եւ ի՞նչ եք նախընտրում խմել:

– Չեմ ծխում, ծխելը թողեցի, երբ աղջիկները սկսեցին ծխել: Մի բաժակը խմելուց հետո մոտ քսան րոպե դադար եմ տալիս, նոր մյուսն եմ խմում, կամ` կում – կում եմ խմում, նախընտրում եմ խմել մրգօղիներ:

– Մոլախաղերում ինչքա՞ն գումար եք պարտվել եւ հաղթել:

– Երբևէ չեմ խաղացել:

– Եթե ոսկե ձկնիկ բռնեիք, ի՞նչ կխնդրեիք (հատուկ խնդրանք` ազգի, հայրենիքի համար բան չխնդրել):

– Կցանկանայի, որ մի դղյակ կառուցվեր մշակույթի կենտրոնում, որը կոչվեր «Սիրո տուն», և այնտեղ կդնեի գիրքս, որը կոչվում է «Սիրո տաղարան», ինչպես նաև` սիրո մասին բանաստեղծություններ, նկարներ, երգեր, և աշխարհի լավագույն սիրո բանաստեղծությունները թարգմանել կտայի: Արդյունքում` գեղեցիկ դղյակ կլիներ:

– Ո՞րն է Ձեր կյանքի հեքիաթը:

– Այն կյանքն է որը ես ապրում եմ ամեն օր, այն շարունակվում է: Եղել է, կա ու դեռ բարեբախտաբար շարունակվում է:

– Կներկայացնե՞ք  մանկության չիրականացած և իրականացած մեկական երազանք:

– Մտածել եմ բանաստեղծ դառնալ` դարձել եմ, նկարիչ դառնալ` դարձել եմ: Չիրականացած երազանքը աստղագետ դառնալն է: 

– Ճակատագիր կա՞, թե` մարդն ինքն է որոշում ինչպես ապրել: Ունե՞ք կյանքից ստացած դասեր:

– Իհարկե ճակատագիր կա, ամեն մարդ Աստծուց ստացած առաքելություն ունի: Բայց երբեմն, օրինակ, որդը մտնում է պտղի մեջ, բայց այդ պտուղը դրանում մեղք չունի, այդպիսին է և մարդը: Յուրաքանչյուր փորձությունից դաս եմ քաղում: 

– Երբեւէ գուշակների այցելե՞լ եք: Ձեր սուրճի բաժակը նայո՞ւմ են:

– Ոչ, չեմ այցելել, սուրճիս բաժակը, եղել է, որ նայել են, բայց չեմ հավատում գուշակություններին: 

– Ամենաշատը ի՞նչ թեմաներով եք ստիպված լինում սուտ ասել կամ խաբել ինչ-որ մեկին:

– Երբևէ չեմ ստել:

– Ասում են` իսկական տղամարդը չի խմում, չի ծխում, չի խաղում, երբեք չի վիճում ու պարզապես գոյություն չունի։  Իսկ ո՞վ է իսկական տղամարդն ըստ ձեզ:

– Իսկական տղամարդը չստողն է, չխմողը և չխաղացողը: 

– Ժողովրդական առածն ասում է. «Իսկական տղամարդը տուն պետք է կառուցի, ծառ տնկի և որդի ունենա»: Իսկ ի՞նչ պետք է անի իսկական կինը:

– Իսկական կինը պետք է տղամարդու օգնականը լինի և նրան փաղաքշանք, սեր ու ներշնչանք պարգևի:

– Երբեւէ եղե՞լ է, որ Դուք Ձեր ասած խոսքին գերի դառնաք:

– Ոչ, չի եղել, ինչ խոստանում եմ` աշխատում եմ անել: 

– Կուռք ունե՞ք, ո՞ւմ կերպարն է խթան հանդիսացել Ձեր գործունեության համար:

– Կուռքեր չունեմ, միայն հավատացել եմ Աստծուն:

– Ի՞նչ եք կարծում, այս կյանքում անփոխարինելի մարդիկ կա՞ն: Եթե այո` ո՞վ է նա Ձեզ համար (բացի հարազատներից):

– Անփոխարինելին միայն Աստված է: 

– Ինչպիսի՞ն կբնորոշեիք մշակութային կյանքը Հայաստանում: 

– Մշակութային կյանքը եռում է, շատ  մեծ հնարավորություններ ունի առաջ գնալու, բայց հնարավորությունները չեն օգտագործվում:

– Ձեր մեկ հարցն` ինձ: 

– Խնդրեմ առանձին նյութով անդրադառնաք նաև իմ կողմնից նախաձեռնվող նոր Մշակութային կենտրոնին:

– Սիրով: Շնորհակալություն բլից հարցազրույցի համար:

Զրուցեց` Լիլիթ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20