Հայաստանը դիտվում էր որպես հետ մնացող երկիր

- in Կարծիք
EM ETM

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) չորս անդամներից մեկն է, որը հիմնադրվել է 2015 թվականի սկզբին:

Տնտեսագիտության և քաղաքագիտության լոնդոնյան դպրոցի կայքում` blogs.lse.ac.uk, Լաուրա Դելքուրը և Կատարինա Վոլզուկը գրում են, որ Ռուսաստանի ճնշման ազդեցությամբ Հայաստանը ԵՏՄ-ին միանալուց բացի, այլ ընտրություն չուներ, չնայած Եվրամիության հետ Հայաստանի աճող ներգրավվածությանը: Նրանք պնդում են, որ ԵՄ հետ Հայաստանի շարունակական հարաբերությունները կարևոր են՝ ստուգելու համար ԵՄ-ի և ԵՏՄ-ի համակեցության հնարավորությունը հետխորհրդային տարածքում:

Եվրամիության արևելյան հարևանությունը մասնատվել է. որոշ երկրներ (Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան) Եվրամիության հետ են տնտեսական ինտեգրում փնտրում՝ այն դեպքում, երբ Հայաստանը և Բելառուսը Եվրասիական բլոկի հետ են խորը ինտեգրացիայի մեջ: Ինչևէ, այդ ինտեգրացիոն բլոկում այս երկրների մոտիվացիայի և հետաքրքրությունների մեջ կան կարևոր նրբություններ: Հայաստանը հանդիսանում է ուսանելի օրինակ:

Հայաստանը դիտվում էր որպես հետ մնացող երկիր ԵՄ հետ ինտեգրացման իր նախաձեռնությունում: Թվում էր, թե Հայաստանը քիչ պատճառներ ուներ ԵՄ քաղաքականությամբ ոգևորված լինելու համար, մասնավորապես Եվրոպական հարևանության քաղաքականությամբ (ԵՀՔ) և Արևելյան գործընկերությամբ: Նախ՝ Հայաստանը չունի անդամակցության ձգտումներ՝ ի տարբերություն Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի: Երկրորդ՝ անհավանական էր, որ Հայաստանի քաղաքական ռեժիմը (ոչ մրցակցային քաղաքական համակարգ՝ օլիգարխների խմբերի կողմից գերակշռվող) կկատարեր անդամակցության համար անհրաժեշտ շատ բարեփոխումներ: Եվ վերջապես՝ գոյություն ունի շատ քիչ փոխկապվածություն Հայաստանի և Եվրամիության միջև՝ և՛ տնտեսական, և՛ անվտանգության առումով, ի հակադրություն Ռուսաստանի, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է: Այս բոլոր պատճառները ցույց են տալիս, որ Հայաստանի համար Ռուսաստանը ավելի կարևոր է, քան ԵՄ-ն, որը և հաստատվեց վերջերս նրա անդամակցությամբ Ռուսաստանի առաջնորդած Եվրասիական տնտեսական միությանը:

Իրականում, Հայաստանը եղել է բավականին ընկալունակ ԵՄ ազդեցությանը: Վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանը որդեգրել էր ԵՄ քաղաքականություն և ստեղծել մեծ թվով ինստիտուցիոնալ կաղապարներ: ԵՄ հետ բանակցություններում Հայաստանը էական ձեռքբերումներ ուներ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) համաձայնագրի ուղղությամբ: ԽՀԱԱԳ համաձայնագիրը կնքած երկրները մոտավորապես 90 տոկոսով պետք է ընդունեն ԵՄ կորպուսի կանոնները: ԽՀԱԱԳ-ն պահանջում է ինստիտուցիոնալ և կարգավորիչ մեծածավալ բարեփոխումներ ԵՄ ներքին շուկայի և քաղաքականության առանցքային հատվածներում, ինչպիսիք են սննդի անվտանգության և մտավոր սեփականության ոլորտները:

ԽՀԱԱԳ բանակցություններից առաջ ԵՄ-ն Հայաստանին ներկայացրեց «հիմնական առաջարկություններ», որոնք Հայաստանից պահանջում էին որդեգրել ԵՄ կանոնները հիմնական ոլորտներում, ինչպիսիք են սննդի անվտանգության չափանիշները, մրցակցությունը և պետական օգնությունը, մտավոր սեփականության իրավունքները և այլն, որոնք և Հայաստանը իրականացրեց:

Հայաստանի հետաքրքրվածությունը ԵՄ առաջարկների հանդեպ, իհարկե, որոշ ծախսեր է պահանջում, սակայն միևնույն ժամանակ շատ առավելություններ է ենթադրում, որոնք հասանելի կլինեն ՀՀ-ին: Արևելյան գործընկերությունը (ստեղծված 2009թ.) ժամանակին կոնկրետ երկրների ներկայացուցիչներին իր աջակցությունն է առաջարկել բարեփոխումներ անցկացնելու համար հետևյալ հարցերի առաջացման դեպքում՝ երկրում քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական իրադրության նկատելի վատթարացում: 2009թ. տնտեսական ճգնաժամը բացաահայտեց Հայաստանի տնտեսության անկայունությունը, նրա ուժեղ կախվածությունը այլ երկրներում աշխատող միգրանտների դրամական փոխանցումներից:

Տարածաշրջանային միջավայրի վատթարացումը (2008 թվականի Վրացական պատերազմը և Թուրքիայի հետ ձախողված մերձեցումը) միայն ավելացրին Հայաստանի տնտեսական խնդիրները: Այս իրավիճակում Հայաստանի կառավարությունը այլընտրանք չուներ, քան խորացնել և արագացնել բարեփոխումները: Մոդեռնիզացումը հանդիսանում էր գոյատևման ռազմավարություն և ավելի ու ավելի խոցելի դառնում Հայաստանի և նրա ղեկավարության համար, և ԵՄ առաջարկը համընկնում էր ներքին բարեփոխումների պահանջին:

Ի տարբերություն ԵՀՔ-ի, Արևելյան գործընկերությունը նոր և շոշափելի հեռանկարներ էր առաջարկում՝ պայմանագրային խորացված համակարգ, վիզաների ազատականացում և ոլորտային համագործակցության ընդլայնում: Չնայած ԵՄ արևելյան քաղաքականությունը մեծամասամբ խուսափում է անվտանգության հարցերից, որը Հայաստանի համար առանցքային է, այն առաջարկում է աննախադեպ չափերի կապեր:

ԵՄ առաջարկը նրանով էր գրավիչ, որ այն չէր ենթադրում իշխանափոխություն: Արևելյան գործընկերությունը, հատկապես կենտրոնանում էր ոլորտների կարգավորման վրա՝ մի կողմ թողնելով քաղաքականությանը վերաբերող փոփոխությունները, ինչպես օրինակ՝ ժողովրդավարացումը և մարդու իրավունքները, ինչպես նաև օրենքի գերակայությունը:

Այս հետաքրքրությունը նույնպես հիմնավորվում է ԵՄ կաղապարների երևացող համատեղելիությամբ Ռուսաստանի հետ անվտանգության դաշինքի հետ:

Հետխորհրդային Հայաստանի համար կարևորագույն հարց է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի կարգավորման ձգձգումը և Ադրբեջանի կողմից հավանական հարձակման վախը, ԼՂ-ն դարձրել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային հարցը: Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված է Ռուսաստանի հետ դաշինքի վրա, որ այն ապահովի երկրի ռազմական պաշտպանությունը, և ԵՄ հետ, որպեսզի խթանվի տնտեսական զարգացումը:

Այնուամենայնիվ, այս թվացյալ համատեղելիությունը, փաստորեն, շատ կարճ տևեց: Սկզբում Ռուսաստանը չէր սահմանափակում Հայաստանի տեղաշարժը դեպի ԵՄ, դա միանգամից փոխվեց 2013 թվականին: Ռուսաստանը սկսեց անհանգստանալ իր հարևանների վրա ԵՄ ազդեցությամբ այն ժամանակ, երբ ստեղծում էր իր նոր տնտեսական միությունը՝ Եվրասիական մաքսային միությունը, որը այնուհետև 2015 թվականին դարձավ Եվրասիական տնտեսական միություն: Հայաստանը սկզբում ԵՄՄ-ի անդամ չէր, այլ միայն ստորագրել էր համագործակցության հուշագիր: Սակայն Ռուսաստանը օգտվելով անվտանգության թույլ տեղից (վաճառելով Ադրբեջանին զենք և սպառնալով բարձրացնել վառելիքի գները) Հայաստանին ստիպեց փոխել իր որոշումը: 2013թ. սեպտեմբերի 3-ին նախագահ Սարգսյանը հանկարծակի հայտարարեց իր երկրի ԵՄՄ-ին անդամակցելու որոշման մասին:

Ինչևէ, չնայած Հայաստանը 2015թ. հունվարին միացավ ԵՏՄ-ին, շարունակում է ԵՄ հետ հետագա հարաբերությունների հանդեպ հետաքրքրություն ցուցաբերել: Բայց դրա հստակ բնույթը դեռևս ձևակերպման ընթացքի մեջ է: Հայաստանը միացավ ԵՏՄ-ին ոչ այն պատճառով, որ ուզում էր դա, այլ ստիպված էր անվտանգության և տնտեսական պատճառներով: Բայց Հայաստանի համար ԵՄ-ն է մոդեռնիզացման հարթակ:

Առաջարկվող Հայաստան-ԵՄ համաձայնագրերը այժմ կարևոր փորձադաշտ են դառնում հետխորհրդային տարածքում ԵՄ-ի և ԵՏՄ-ի միաժամանակյա գոյության համար: Հաշվի առնելով աշխարհաքաղաքական բարձր խաղադրույքները, Հայաստանի շարունակական հետաքրքրությունները դեպի ԵՄ՝ կստուգվի Ռուսաստանի պատրաստակամությունը հանդուրժելու ԵՏՄ անդամ պետության «անկախ արտաքին քաղաքական ընտրությունները»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20