Հայաստանը Կենտրոնական Ասիայում պատերազմին մասնակցելու հեռանկարի առաջ

- in Հրապարակ
Zenq

Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականությունն արդեն որոշված է, եւ դժվար թե մոտակա տարիներին էական փոփոխություններ լինեն: ԱՄՆ-ն նախկինի պես Վրաստանը ներգրավելու է Եվրոպական միության ու ՆԱՏՕ-ի հետ համագործակցության, քաղաքական ու տնտեսական տարբեր ծրագրերի, Ռուսաստանի ու Իրանի հանդեպ իր քաղաքականության մեջ:

Թուրքիայի հանդեպ ԱՄՆ քաղաքականությունը, բացի սերտ համագործակցությունից, ներառում է նաեւ նախազգուշական գործողություններ, եւ ԱՄՆ-ն շահագրգռված չէ Հարավային Կովկասում ու Մերձավոր Արեւելքում Թուրքիայի ազդեցության ուժեղացմամբ:

Դժվար թե կարելի է պնդել, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ հնարավոր է համաձայնություն Թուրքիայի ազդեցությունը սահմանափակելու հարցում: ԱՄՆ-ն կարիք չունի Ռուսաստանին ներգրավել այդ քաղաքականության մեջ, քանի որ Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունները հեռու են իդեալական լինելուց:

Հայաստանը, հիմա արդեն նաեւ Վրաստանը, զգուշավոր են Թուրքիայի մտադրությունների հարցում, եւ ամերիկացիները կարիք չունեն ուժեղացնել ինչ որ նախազգուշական ռեպլիկները Թուրքիայի էքսպանսիայի հարցում: Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերություններն այնքան բարդ են, որ առանց ամերիկացիների նախաձեռնությունների էլ Ռուսաստանը ռազմավարական առումով դիմակայում է Թուրքիային:

Սակայն այդ հակասությունները միշտ կարելի է անտեսել, եթե խոսքը Սեւ ծովում ու Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ներկայության սահմանափակման մասին է: Վերջին շաբաթներին Թուրքիան ԱՄՆ-ին զիջումներ անելու պատրաստակամություն է դրսեւորում, քանի որ հասկացել է, որ անհնար է ապահովել ազգային անվտանգությունը առանց ԱՄՆ-ի մասնակցության:

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պատրաստ էին ավելի սերտ համագործակցության Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում, սակայն Ռուսաստանը նետվեց «ճեղքման»՝ վերստեղծելու միութենական պետություն, առանց որեւէ հիմքի, այդպիսով առաջացնելով ԱՄՆ հակազդեցությունն ու քննադատությունը:

Հասկանալի է, որ Ռուսաստանը շահագրգռված է տարածաշրջանի պետությունների շրջափակմամբ, իսկ ԱՄՆ-ն մտադիր է առավելագույնս ապաշրջափակել տարածաշրջանը: Ի վերջո, դա հանգեցրեց Ռուսաստանի մեկուսացման ու շրջափակման քաղաքականությանը:

Արեւմուտքը փորձում է Ռուսաստանը հասցնել ենթարկված պետության վիճակին: Դա չի բացառում տարբեր ուղղություններով Ռուսաստանի օգտագործումը որպես բուֆեր: Նախեւառաջ, Ռուսաստանին կցանկանային ներգրավել Կենտրոնական Ասիայում երկարատեւ պատերազմին, հնարավոր է՝ վասալների հետ միասին:

Այս կապակցությամբ, Հայաստանը կանգնած է Կենտրոնական Ասիայում պատերազմին մասնակցելու հեռանկարի առաջ: Հայաստանը հրաժարվել է եվրոպական երկրի կարգավիճակից, սակայն չի դարձել եվրասիական երկիր, այլ՝ կենտրոնասիական: Դա նույնպես վատ չէ: Ինչպես ասում են Ուզբեկստանում, «Բուխարան հեռու է, իսկ Սամարղանդը՝ ավելի հեռու»: Այս տարածաշրջանում միշտ շատ անաշա ու անաշիստներ են եղել:

Վերջին տարիներին Սեւծովյան ու Արեւելյան Միջերկրածովյան շրջաններում խնդիրներն ուժգնացել են, եւ դա կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի ռազմական ու քաղաքական ներկայության մեծացմանը: Ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ ՆԱՏՕ-ն շահագրգռված չեն այս շրջաններում Ռուսաստանի ներկայության կամ ազդեցության ուժեղացմամբ: Հնարավոր է՝ նրանք շահագրգռված են Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի որոշ ծառայություններով, այսինքն՝ Ռուսաստանը ներքաշելով աշխարհքաղաքական փակուղային, փակ տարածություն, այնտեղ ուղղելով նրա բոլոր ջանքերն ու ռեսուրսները:

Դա կարող է հանգեցնել նաեւ Ռուսաստանի ու Չինաստանի շահերի հակասություններին, ինչը ձեռնտու է Արեւմուտքին: Այստեղ հնարավոր է համարվում ՆԱՏՕ-ի ու ՀԱՊԿ-ի համագործակցությունը, սակայն դժվար թե ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն նույնը հնարավոր են համարում Սեւ ծովի, Կովկասի ու Մերձավոր Արեւելքի շրջանակներում:

ԱՄՆ-ն շահագրգռված է, որ Ռուսաստանն Արեւմուտքին խնդրի ներգրավվել Կենտրոնական Ասիայում էքսպանսիային, ինչից կարող է միայն պատերազմ ստացվել: Ռուսաստանը ցանկանում է, որպեսզի Արեւմուտքում ՀԱՊԿ-ը դիտարկեն որպես մեկ ամբողջություն եւ ճանաչեն այդ բլոկի լեգիտիմությունը:

Սակայն սա ընդամենը դրվագ է «Հարավային Կովկասի տեղը ԱՄՆ քաղաքականության մեջ» թեմայի քննարկումներում: Այս հանգույցում անհասկանալի շատ բան կա, սակայն տպավորություն է ստեղծվում, որ ամենաքիչը տեղեկացված են քաղաքական գործիչներն ու զինվորականները:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ, www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20