Հայաստանի հարցում Թուրքիայի վերջին հանգիստ օրերն են

- in Վերլուծական
Zenq

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները եւ Թուրքիայի դերը

ԱՄՆ-ն գտնում է, որ չարժե ստեղծել արհեստական հարաբերություններ, ձգտելով վերադարձնել նախկին ժամանակները, երբ Թուրքիան գտնվում էր սերտ եւ մասնակի վերահսկելի ռեժիմում: ԱՄՆ-ն լավ ուսումնասիրել է նոր պայմանները եւ Թուրքիային հնարավորություն է տվել առավել ազատ ռեժիմում գործել միջազգային ասպարեզում, բավարարելով անկախության նրա ձգտումը:

Դա հանգեցրել է այն բանին, որ Մերձավոր Արեւելքում հայտնվելով բարդ վիճակում, Թուրքիան արդեն չի մեղադրում ԱՄՆ-ին եւ չի փորձում անհաջողությունների մեղքը գցել իր գործընկերների վրա: Կարելի է համաձայնվել այն գնահատականներին, ըստ որոնց ԱՄՆ-ն մեծ նշանակություն չի տալիս Թուրքիային, բայց միայն այն իմաստով, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում հետեւել ու սահմանափակել նրա քաղաքականությունը:

Թուրքիայի խնդիրներով զբաղվող ամերիկյան փորձագետները պնդում են, որ Թուրքիայի հանդեպ ԱՄՆ քաղաքականությունը վերջին շրջանում առավել ճկուն ու հավասարակշռված է դարձել, ինչը հանգեցրել է նոր հարաբերությունների:

Այսպիսով, Թուրքիան դարձել է ավելի ինքնուրույն, սակայն դա չի նշանակում, որ նրա պահվածքը լիովին անվերահսկելի է. ԱՄՆ-ն ձգտում է ճնշում գործադրել, միաժամանակ չհուշելով նրան, թե ինչպես պետք է վարվել:

Միեւնույն ժամանակ, ամերիկյան փորձագետներն ասում են, որ Թուրքիան իր արտաքին քաղաքականության մեջ մտել է փակուղի, եւ ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն ու Եվրոպական միությունը մտադիր են սահմանափակել թուրքական հավակնությունները այն կանոնների շրջանակում, որոնցով ապրում է Արեւմտյան հանրությունը:

Սկսել է Հայաստանի ու ՆԱՏՕ-ի համագործակցության նոր փուլը, երբ Հայաստանը շատ ընկերներ ու համակիրներ ունի, ինչը կապված է համագործակցության ծրագրերի, ընդհանրապես ռազմական շինարարության շրջանակներում խնդիրների հաջող կատարման, Աֆղանստանում ու Կոսովոյում հայկական ռազմական ստորաբաժանման գործունեության հետ:

Ներկայում ՆԱՏՕ-ում շատերն ընդգծում են Հայաստանի շահագրգռվածության անկեղծությունը, ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ-ի ուղղությամբ ռազմական քաղաքականություն վարելու ընդունակությունը: Այս հանգամանքը մեծ հետաքրքրություն է առաջացնում, սակայն ներկայում պետք է պարզել, թե Հայաստանը որքան կարող է առաջ շարժվել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մեջ, մասնավորապես՝ խաղաղարար բրիգադի ստեղծումը Դաշինքի խնդիրների շրջանակներում, եւ միաժամանակ ընդունված պարտավորություններին համապատասխան զարգացնել հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ:

Հայաստանը կարող է ՆԱՏՕ-ի ռազմական օգնության ակնկալիք ունենալ, սակայն շատ բան կախված է լինելու ներկայիս պարտավորությունների՝ խաղաղարար առաքելությունների խնդիրների կատարումից:

Այս պայմաններում, Թուրքիան չի կարող անտարբեր մնալ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի մերձեցման հարցում եւ ամեն կերպ խոչընդոտներ է հարուցելու: Դրանում շահագրգռված է նաեւ Ռուսաստանը, եւ Հայաստան-ՆԱՏՕ կոոպերացիայի շրջափակումը դարձել է Ռուսաստան-Թուրքիա համատեղ խնդիրը:

Թուրքիան ու Ադրբեջանը, չունենալով բավարար լծակներ ու միջոցներ, սպասում էին, որ Հայաստանը չի ինտեգրվի Արեւմտյան հանրությանը, այսինքն Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին: Թուրքիայի ու Ադրբեջանի հաշվարկներով, Հայաստանը պետք է առավելագույնս մեկուսացվի, եւ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը տվեց ցանկալի արդյունքը: Հենց այդ ժամանակաշրջանում Ադրբեջանը ակտիվացրեց ռազմական սադրանքները ԼՂՀ սահմանին:

Դա բավական օգտակար էր Ռուսաստանի համար, որը փորձում էր ցույց տալ, որ վիճակն ամբողջությամբ կախված է իրենից, սակայն դա նրան չհաջողվեց: Այսպիսով, երկու բաղկացուցիչ՝ Հայաստանի մեկուսացումն ու Ադրբեջանի ռազմական ակտիվացումը բավական ձեռնտու էր Ռուսաստանին:

Հայաստանի իշխանությունը սխալվեց, թե դիտմամբ հանցանք գործեց, դա արդեն ոչ մեկին չի հետաքրքրում, քանի որ Հայաստանի միջազգային մեկուսացումն իրականություն է, ինչպես նաեւ հասարակության լռության պայմաններում Հայաստանի իշխանության նախաձեռնությունները հաղթահարելու Արեւմտյան հանրության փորձերը: Արեւմտյան հանրությունը նախկինի պես երկակի ձեւով «շրջանցեց» Ռուսաստանի ու նրա հետ մեկտեղ Թուրքիայի քաղաքականությունը: Արեւմուտքը սպասեց Հայաստանի ֆինանսական փլուզմանը եւ ցույց տվեց, որ միայն ինքն է ընդունակ փրկել երկիրը տնտեսական աղետից:

Եվրոպական միության հետ հարաբերությունների գործնական խզումից հետո ԱՄՆ-ն չգնաց էմոցիոնալ պահանջների ու վիրավորվածության ճանապարհով, եւ առաջարկեց շարունակել զարգացնել ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունները, ինչը աջակցություն գտավ հայ զինվորականների շրջանում: ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների շարունակումը Հայաստանի համար Արեւմտյան հանրություն մտնելու «անցագիր» էր, ինչը ժամանակի ընթացքում դարձավ Եվրոպական միության հետ ինտեգրումը շարունակելու կարեւորագույն գործոն:

Սեպտեմբերի 3-ի ճակատագրական որոշումից հետո Հայաստանը մտավ ֆինասական աղետի սպառնալիքի փուլ, որը կապված էր Ռուսաստանի ու նրա արբանյակների տնտեսության վիճակի հետ: Ռուսական շուկաները շատ արագ անգործունակ դարձան, եւ հայկական ղեկավարությունը դա ընկալեց որպես արեւմտյան շուկաներ որոնելու եւ Եվրոպական միության հետ կորսված հարաբերությունները վերականգնելու «իրավունք»:

Ներկայում Հայաստանի իշխանությունն անհամբեր սպասում է եվրասիական նախագծի վերջնական տապալմանը: Հայաստանի կողմնորոշումն Արեւմտյան շուկաներին կհանգեցնի իրական հատվածի մի շարք ոլորտների զարգացմանը, բացի այդ՝ կվերացնի երկրի հարուստ մի քանի ընտանիքների մենաշնորհների գերիշխանությունը: Դրա դեմ կատաղի պայքար է մղում հայկական բուրժուազիան, որը հարստացել է Հայաստանը քամելու ու սնանկացնելու միջոցով:

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու ՆԱՏՕ-ի մտադրությունները դիտարկում է որպես հակաթուրքական ակցիա եւ Հայաստանի հարցերը հօգուտ Թուրքիայի ու Ադրբեջանի լուծելու հարցում Ռուսաստանի անկարողություն: Անկարայում հասկանում են, որ Հայաստանի հարցում իրենց վերջին հանգիստ ու հասկանալի օրերն են:

Այսպես թե այնպես, Հայաստանը ՆԱՏՕ-ին ու ԱՄՆ-ին ինտեգրվելու է այնքան, որ Թուրքիան ստիպված է լինելու Հայաստանի մասով սկանդալներ հարուցել ՆԱՏՕ-ում: Թուրքիան ՆԱՏՕ-ում Հայաստանին վարկաբեկելու հարուստ փորձ ունի, մշտապես կշտամբելով Հունաստանին ու Ֆրանսիային: Սակայն, նրա հարուցած խնդիրներն ի վերջո հարթվելու են ԱՄՆ մասնակցությամբ, որը հանդես է գալիս ՆԱՏՕ-ում Հայաստանի շահերի պաշտպանի դերում:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ, www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20