«Հարավկովկասյան երկաթուղիներում» խնդիրները խորանում են

- in Տնտեսական
Haravkovkasyan erkatuxi

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունում առկա խնդիրներն օր օրի խորանում են: Առաջիկայում ընկերությունը կսահմանի քառօրյա աշխատանքային շաբաթ, ինչը հնարավորություն կտա որոշակի գումարներ խնայել:

www.lragir.am. Բացի դա, ընկերությունում գրեթե ամեն օր կադրային կրճատումներ են լինում, ինչը ևս խոսում է այն մասին, որ ընկերությունում լուրջ ֆինանսական խնդիրներ կան, որը կարող է տանել սնանկացման: Մասնավորապես ընկերությունում ի սկզբանե աշխատում էր 4800 մարդ, իսկ հիմա 3100 աշխատակից է մնացել: Ավելին՝ հիմա խոսքը է գնում շուրջ 600 աշխատակցի զանգվածային կրճատման մասին: Թե դա ինչ մեխանիզմով կիրականացվի՝ դեռ հայտնի չէ:

Նշենք, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է` կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Հայաստան գալով՝ ընկերությունը 200 միլիոն դոլարից ավելի ներդրում կատարեց, որը հիմնականում ուղղվեց ենթակառուցվածքների նորոգմանը: Սակայն այսօր, պաշտոնական տվյալներով, ընկերությունն արդեն 20 միլիոն դոլարից ավելի՝ 9,3 միլիարդ դրամի վնաս է կրել: Այսինքն` կատարելով 200 միլիոնի ներդրում, ոչ միայն ներդրումը հետ չի բերել, մի բան էլ շարունակում է վնասով աշխատել: Մինչդեռ նույն կոնցեսիոն պայմանագրով ընկերությունը դեռ պարտավորվում է Հայաստանում իրականացնել ևս մոտ 300 միլիոնի ներդրում: Սակայն ըստ տեղեկությունների՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության տնօրինությունը առաջիկայում քննարկելու է իրականացվելիք ներդրումները հաջորդ տարվանից սկսած կրճատելու հարցը: Այսինքն՝ այն ֆինանսական հոսքերը, որոնք պետք է գային Ռուսաստանից Հայաստան ենթակառուցվածքը զարգացնելու նպատակով՝ կկրճատվեն:

Ընկերության ֆինանսական վիճակը վատացել է նաև այն պատճառով, որ 40-ից ավելի ընկերություններ արդեն իսկ հրաժարվել են «Հարավկովկասյան երկաթուղիների» ծառայություններից՝ սակագնի թանկ լինելու պատճառով: Անգամ շատ ընկերություններ նախընտրում են ցորենը և այլ ապրանքներ տեղափոխել ավտոմոբիլային ճանապարհով:

Նշենք, որ շատ մասնագետների կարծիքով՝ ընկերությունը նման ծանրագույն վիճակի բերվեց վատ կառավարման արդյունքում: Ինչը նկատվում է նաև ռուսական մեկ այլ ընկերությունում՝ ՀԷՑ-ում, որն արդեն իսկ կանգնել է սնանկացման եզրին: Իսկ պատճառն այն է, որ նույն ՀԷՑ-ի տնօրինությունը նունպես իրեն նվիրել էր շռայլությունների:

Նույն կարծիքների համաձայն՝ երկաթուղին այսօր արդեն մեծ շռայլություն և գլխացավանք է Հայաստանի տնտեսության, էկոնոմիկայի համար, քանի որ եթե մի երկրում ներդրում է իրականացվում, ապա այդ երկիրը պարտավոր է այնպիսի պայմաններ ստեղծել, որ ներդրումների վերադարձելիություն ապահովվի: Իսկ եթե չի ապահովվում վերադարձելիություն, ապա Հայաստանը, Հայաստանի կառավարությունը մի շարք խնդիրների առաջ են կանգնում, քանի որ կոնցեսիոն պայմանագիրը իրենք են կնքել: Այնպես որ, կանխատեսվում է, որ 2016 թվականից երկաթուղիների կոլեկտիվը կնվազի ընդհուպ 1000 աշխատակցի, բեռնափոխադրումների ծավալը կնվազի սակագնային աննորմալ քաղաքականության արդյունքում, քանի որ այսօր երկաթուղին 100 տոկոս կանխավճար է պահանջում բեռը փոխադրելու համար:

«Այս վիճակը բացառապես ընկերության հայաստանյան տնօրինության ապաշնորհ քաղաքականության արդյունք է»,- ասացին ընկերության մեր աղբյուրները:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20