ՀԷՑ-ը գողացել է, թեժ բանավեճ խորհրդարանում

- in Կեղտոտ լվացք

Ազգային ժողովի քառօրյա նստաշրջանն այսօր մեկնարկեց բանավեճով: Պատգամավորները ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացման հարցի վերաբերյալ ԱԺ լսումներ էին պահանջում:

ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ ու ԺԿ խմբակցությունները խորհրդարակցություն են հրավիրել, որի ժամանակ որոշել են այս հարցով խորհրդարանական լսումներ պահանջել: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ լսումներից հետո կորոշվի՝ այս հարցով ԱԺ արտահերթ նիստ անցկացնել և պահանջել ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծում, թե` ոչ: Մինչդեռ ՀԱԿ խմբակցությունը ձևաթուղթ է վերցրել և ստորագրություններ է հավաքում՝ արտահերթ նիստ անցկացնելու համար: Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ՀԷՑ-ի գողություն է կատարել, իսկ ընկերության պարտքը փորձում են բարդել ժողովրդի ուսերին:

ԱԺ նիստում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին նյարդայնացրեցին խնդրի վերաբերյալ պատգամավորների հարցերը, նարդյունքում` նա հրահանգեց անջատել նրանց խոսափողները և վեճի բռնվեց ԺԿ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի հետ. «Հանգստացեք, պարոն Հակոբյան, նստեք ձեր տեղը կամ դուրս եկեք»: ԱԺ դահլիճում խառնաշփոթ ստեղծվեց, պատգամավորները սկսեցին գոռգոռալ: ՕԵԿ խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց՝ կրքերը հանդարտեցնելու համար:

Գալուստ Սահակյանն ասաց, որ լսումներ կլինեն, ԱԺ կհրավիրվեն բոլոր իրավասու պաշտոնյաները, կպատասխանեն պատգամավորների հարցերին:

Հրանտ Բագրատյանն ասաց, որ էներգետիկ համակարգում առաջացած խնդրի 75 տոկոսը ռուսական ընկերության ոչ էֆեկտիվ կառավարման հետևանք է. «Տեր տիրական չկա, ամեն մենեջեր մտածում է ոնց անի, որ փախցնի: Չէր կարելի էդ ամբողջը կոմպլեքս ծախել: Եվ վերջապես, էս ամբիոնից քանի անգամ ասել եմ՝ դադարեցրեք սակագին հաստատելը, թող իրանք հաստատեն էդ սակագինը: Մեզ կատաստրոֆայա սպասվում, տնտեսական 5-15 տոկոս անկում»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20