Մերկելը խախտել է ժողովրդին տված երդումը

- in Միջազգային
Angela Merkel

Ինչպես գրում է գերմանական Spiegel պարբերականը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը թույլատրել է ԱՄՆ-ին Գերմանիայի տարածքում սանձազերծել տոտալ գաղտնալսումներ: Բացի այդ՝ ԱՄՆ ԿՀՎ-ին օգնել են նրանց գերմանացի գործընկերները, հայտնում է «Զվեզդան»:

Հոդվածում ասվում է, որ Մերկելի նախորդները միշտ բաց են եղել ու պատրաստ քննարկումների մեջ մտնել վիճելի հարցերի վերաբերյալ: Սակայն Մերկելը նախընտրում է հեռանալ բանավեճերից: Նա մինչ օրս չի բացատրել ժամանակակից Գերմանիայի պատմության մեջ ամենամեծ սկանդալը:

Լրագրողները ենթադրում են, որ Անգելան ԱՄՆ-ին պետք է ցույց տա այն սահմանագիծը, որից այն կողմ արգելվելում է անցնել:

Rheinische Post թերթի թղթակից Միխաել Բրեքերն էլ գրում է. «Կանցլերը պետք է ժամանակ առ ժամանակ հիշի 2013թ. դեկտեմբերի 17-ի իր երդումը: Այդ ժամանակ Անգելա Մերկելը երդվեց չվնասել իր ժողովրդին և հարգել Հիմնական օրենքը: Բայց BND հետախուզական ծառայության հետ կապված իրավիճակի կոնտեքստում նույնիսկ ամենազուսպ գնահատականների դեպքում դժվար է չմտածել այն մասին, որ երդումը խախտվել է»:

Նշվում է, որ ավելի վաղ Süddeutsche Zeitung թերթի լրագրողական հետաքննության ընթացքում պարզվել է, որ 2013թ. ԱՄՆ կառավարությունը Գերմանիայի հետ այսպես կոչված՝ հակալրտեսական համաձայնագրի կնքման հստակ համաձայնություն չի տվել՝ չնայած Մերկելի խորհրդականն այն ժամանակ հակառակն էր պնդում:

Ըստ Բրեքերի՝ այդ հետաքննության արդյունքները բերում են միակ եզրակացության՝ Մերկելը և նրա օգնականներն այն ժամանակ պարզապես խաբել են իրենց ընտրողներին: ԱՄՆ-ը, նշում է նա, երբեք չի ծրագրել նման համաձայնագիր ստորագրել ո՛չ Գերմանիայի, ո՛չ որևէ այլ երկրի հետ: Մերկելը պետք է այդ մասին առնվազն գլխի ընկներ, հավելում է Բրեքերը:

Spiegel-ի թղթակիցն իր հերթին նշել է, որ Մերկելը, լինելով աշխարհի ոչ միայն ամենահզոր, այլև ամենաքիչ միամիտ կանանցից մեկը, չէր կարող չիմանալ իր օգնականի հայտարարությունների մասին և, հետևապես, դիտավորյալ ստել է:

Գերմանիայի կանցլերի հասցեին քննադատությամբ են հանդես եկել գերմանական այլ ԶԼՄ-ներ ևս: Մասնավորապես, Süddeutsche Zeitung թերթը, որի լրագրողները կատարել են հետաքննությունը, Մերկելին անվանում է «ճշմարտությունը թաքցնող կանցլեր»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20