Նոր ցեղասպանությո՞ւն. Թուրքական հետախուզությունը ցուցակագրում է իսլամացած հայ ընտանիքներին

- in Կեղտոտ լվացք
Hayastan - Turkia

Թուրքական հետախուզությունը միայն մի փոքր շրջանում 1600 իսլամացած հայ ընտանիք է հայտնաբերել:

«Արմինիըն Ուիքլիեի». Թուրքիայում իսլամացած հայերի խնդիրը բարդ է այնքանով, որ բազմաթիվ ընտանիքներ իրենք իրենց համարում են թուրք կամ քուրդ, հանգիստ ապրում են առանց ազգային ինքնությունը վերանայելու անհրաժեշտության՝ չկասկածելով անգամ, որ պետության գաղտնի ծրարներում իրենք հայ են համարվում:

Մամուլի կողմից պատշաճ արձագանք չի գտել 2011 թ.-ին կայացած մեկ իրադարձություն, որը կարող էր լուրջ ազդեցություն ունենալ Թուրքիայի տարածքում իսլամացած հայերի խնդրի վրա, և այսօր ավելի քան տեղին է անդրադառնալ այդ իրադարձությանը:

2011 թ. սեպտեմբերին, Պոլսի ծանր հանցագործությունների 16-րդ դատարանում քննվող «ՕտաԹիՎի» կայանի գործով մեղադրանք էր ներկայացվել լրագրող Սեներ Յալչընին այն բանի համար, որ նրան թուրքական զինված ուժերի ու թուրքական հետախուզության ծառայության գաղտնի գործակալ Քաշիֆ Քոզինօղլուի կողմից գաղտնի բովանդակությամբ 17 փաստաթղթեր էին հանձնվել:

Այդ դատավարության մեջ հետաքրքրականը ոչ այնքան լրագրողի դատավարությունն ու Թուրքիայի պետական գաղտնի փաստաթղթերի հեռուստատեսային կայանին հանձնելու փաստն էր, որքան իսլամացած և իրենց արմատներից անտեղյակ 1600 հայ ընտանիքների ցուցակն էր՝ 84 էջից բաղկացած:

Սա նշանակում է, որ թուրքական հետախուզության ծառայությունը (MIT) երկար տարիներ ի վեր հատուկ ուսումնասիրություն է կատարել Թուրքիայի՝ հատկապես հարավ-արևելյան մարզերում, և մասնագիտությանը բնորոշ ջանասիրությամբ ու ճշգրտությամբ հաշվել է հայ ընտանիքների թվաքանակը:

Այս տվյալները վերաբերվում էին միայն Տիգրանակերտի Լիճէ շրջանին, այսինքն՝ մի փոքրիկ շրջանում թուրքական պետական գաղտնի ծառայությունները հաշվել են 1600 հայ ընտանիք:

Եթե հաշվի առնենք, որ Տիգրանակերտի շրջանում կան 14 շրջաններ, ապա մինչև օրս մեր պատկերացումները ծպտյալ և իսլամացած հայերի մասին Թուրքիայի տարածքում պետք է փոփոխությունների ենթարկվեն: Լիճէ շրջանը Տիգրանակերտի մարզի ամենափոքր շրջաններից մեկն է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20