Պուտինի մայիսյան խումհարաթողը

- in Վերլուծական
Putin

Ռուսաստանը աշխարհի միակ երկիրն է, որտեղ երբ տոնական օրը համընկնում է ոչ աշխատանքայինների հետ, հանգստի լրացուցիչ օր է ավելացվում։

Բա ինչ, աղաղակող անարդարություն է. մարդը սպասի ամիսներ, որ տոնը գա, ինքն ազատ լինի, բայց մեկ էլ տեսար նույն օրը շաբաթ կամ կիրակի ընկավ, երբ առանց էդ էլ ազատ ես։

Զուտ ռուսական «նոր կարգի» շնորհիվ մայիսի 1-ից մինչև 10-ը էնքան ազատ օր է կուտակվում, որ դրանց քանակը գերազանցում է աշխատանքայիններին… հետո արդեն ամռան շունչն է զգացվում՝ կարելի է խմել գալիք արձակուրդի կենացը… հետո բուն արձակուրդն է… Մի խոսքով, խումհարաթողության պահը հասնում է սեպտեմբերի կեսերին, երբ կարելի է աշխատանքային տրամադրությանը վերադառնալ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի խմում, մարզվում է, ու իր խումհարաթողությունն էլ ավելի շուտ եղավ՝ մայիսի 9-ին։ Հաղթանակի 65-ամյակից սկսած պատրաստվում էին 70-ամյակին, բայց տոնակատարությանը Մոսկվա չեկավ նույնիսկ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, որին ուրիշ ոչ ոք ոչ մի տեղ չի հրավիրում։ Հույն նոր վարչապետը, որը Եվրոպային քաղաքացիական անհնազանդություն էր հայտնել ամիսներ առաջ, նույնպես չեկավ։ Մյուս հուսադրածներն էին հրաժարվել ավելի վաղ։

Քանի որ աշխարհը հիշում է, որ ՍՍՀՄ-ը բարեկամության ուխտ էր կապել նացիստական Գերմանիայի հետ մինչև պատերազմը (սովետական դասագրքերում էդպես էլ գրում էին՝ «ուխտադրուժ» հարձակումը)։ Քանի որ աշխարհը չի հավատում, որ Ղրիմը միշտ ռուսական հող է եղել, իսկ Կալինինգրադը չի եղել Պրուսիայի երբեմնի մայրաքաղաք Քյոնիգսբերգը։ Քանի որ աշխարհը չի մոռանում, որ պատերազմի ողջ ծանրությունը կրել է նաև ուկրաինական ժողովուրդը, որն ընդվզեց, երբ Մոսկվան ագահ, բայց թուլամորթ Յանուկովիչին ստիպեց հրաժարվել եվրոպական ընտրությունից…

Բարձրաստիճան հյուրերի սուր պակասի պատճառով ռուսական Հեռուստացույցը փոխեց մարտավարությունը։ Սկսեց ասել, որ տոնակատարության գլխավոր հյուրերը վետերաններն են։ Իսկ Կարմիր հրապարակում միջին մասշտաբի պատերազմի զենք ու զորքով, բայց նաև 15 թիկնապահով շրջապատված Պուտինը խոսեց ապագա երջանիկ սերունդների մասին։

Որին տնտեսապես զարգացած երկիր չի սպասում, քանի որ ՌԴ-ը հետևողականորեն դուրս է մղվում էներգակիրների շուկաներից։ Որին չի սպասում հզոր դաշնակիցներով պետություն, քանի որ ՌԴ-ը տարեցտարի զրկվում է նույնիսկ ամենաենթադրելիներից՝ սովետական նախկին հանրապետություններից։

Եվրոպական տարածքի «եղբայրական» վեց հանրապետություններից հինգն արդեն հեռացել են այլ միություններ, մնում է՝ ինքնատիպ Բելառուսը «տնտեսական շահագործում բարեկամության դիմաց» ճարպիկ բանաձևով, որի նախագահ Ալեկսանդր Լուկաշենկոն չեկավ մոսկովյան շքերթին։

Կովկասյան երեք հանրապետություններից Ռուսաստանի համար կորսված է Վրաստանը, Ադրբեջանը պահվում է զենքի մատակարարման ու Արցախի շուրջ առևտրի միջոցով, Հայաստանը վերադարձվել է բռնի՝ եվրոպական «շատը շատի դիմաց» քաղաքականությանը «քիչը քչի դիմաց»-ը հակադրելով։

Միջին Ասիայի «եղբայրներից» մոսկովյան շքերթին չեկավ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը։

Բայց էս բոլորը չի նշանակում զանգվածային խումհարաթողություն։

Շարունակությունը` www.lragir.am-ում

Վահրամ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Գրող, հրապարակախոս

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20