ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն ու ԵԽ-ի գործընկերությունից հրաժարումը Ռուսաստանի հանդեպ

- in Միջազգային
usa russia

ԱՄՆ-ը և G7-ի այլ երկրներ պատրաստ են, եթե պահանջվի, նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։ Այս մասին ուկրաինական ղեկավարության հետ բանակցությունների ժամանակ ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն։

«ԱՄՆ-ը և G7-ի մեր դաշնակիցները պատրաստ են Ռուսաստանի դեմ հավելյալ լուրջ պատժամիջոցներ սահմանել՝ ի պատասխան Ուկրաինայի արևելքում նրա ագրեսիվ գործողությունների»,- ասել է նա։

Լյուն հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի և ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոյի հետ։

Երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ուժեղացումը G7-ի գագաթնաժողովին քննարկվել է տեխնիկական, սակայն դեռևս ոչ քաղաքական մակարդակով։

Եվրախորհրդարանը շատ կրիտիկական է գնահատում Եվրամիության Ռուսաստանի հետ ներկայիս հարաբերությունները: Այդ մասին ասվում է ԵԽ-ում Եվրոպական ժողովդրական կուսակցության նախաձեռնած զեկույցում, որը քվեարկության կդրվի հունիսի 10-ին: Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանը կորցրել է Եվրոպայի վստահությունը և նրա ռազմավարական ընկերոջ կարգավիճակը:

«Ռազմավարական գործընկերությունը պետք է հիմնված լինի փոխադարձ վստահության և միջազգային իրավունքի հարգանքի վրա` հիմնված ժողովրդավարության, ինքնիշխանության և ներքին սահմանադրական կարգուկանոն, արտաքին քաղաքական ուղղություն ընտրելու, պետության տարածքային ամբողջականության հնարավորության վրա, ինչպես նաև օրենքի գերակայության, մարդու իրավունքների և միջազգային դիվանագիտության ու առևտրի սկզբունքների նկատմամբ հարգանքի հիման վրա»,- ասվում է փաստաթղթում:

«Տվյալ պահին Ռուսաստանը Ղրիմում և Արևելյան Ուկրաինայում իր գործողությունների պատճառով, այլևս չի կարող որպես ռազմավարական գործընկեր դիտարկվել»,- ասվում է բանաձևի տեքստում:

Զեկույցում նաև նշվում է, որ Եվրախորհրդարանը դատապարտում է Ռուսաստանի կանխամտածված գործողությունները, որոնք խախտում են միջազգային իրավունքի և ժողովրդավարության արժեքները, մասնավորապես` Ուկրաինայի դեմ զինված հակամարտության ուղղակի մասնակցությունը, Ղրիմի ապօրինի բռնակցումը, Վրաստանի տարածքային ամբողջականության խախտումը և ԵՄ-ի եվրոպացի հարևանների վրա տնտեսական ճնշումն ու նրանց քաղաքական ապակայունացումը:

Մարտին ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20