Այսօր ՀՀ պետական խորհրդանիշների օրն է

- in Պաշտոնական
Eraguyn

Այսօր ՀՀ պետական խորհրդանիշների օրն է։ 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները:

Հայաստանի Հանրապետության պետական դրոշը՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն` երեք հավասար շերտերով ուղղանկյուն պաստառ է` լայնության և երկարության 1:2 հարաբերությամբ: Այն չափերով և գույներով Հայաստանի 1-ին Հանրապետության (1918-1920 թթ.) դրոշի կրկնությունն է:

Հայաստանի դրոշի կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը գոյության, քրիստոնեական հավատի, Հայաստանի անկախության և ազատության համար: Կապույտը խորհրդանշում է խաղաղ երկնքի տակ ապրելու հայ ժողովրդի ձգտումը, իսկ նանջագույնը` հայ ժողովրդի արարչական տաղանդն ու աշխատասիրությունը:

Հայաստանի Հանրապետության զինանշանի կենտրոնական մասում` վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի` Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։ Վահանը պահում են առյուծը և արծիվը, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, ճյուղը, հասկերի խուրձը, շղթան և ժապավենը` հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։ Զինանշանի գույները խորհրդանշում են ՀՀ դրոշի գույները: Այն Հայաստանի 1-ին Հանրապետության զինանշանն է, որի հեղինակներն են նկարիչ Հակոբ Կոջոյանը և ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը:

ՀՀ օրհներգն ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխությունենրով։ Հիմնի տեքստը մշակվել է Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությամ հիման վրա, երաժշտության հեղինակն է Բարսեղ Կանաչյանը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20