Արտակ Շաբոյանի բաջանաղի ընկերությունն ու ՀԷՑ` իշխանության «օբշակը»

- in Ով ով է ...

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ՀԷՑ-ի հայտից պարզ է դարձել, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի բաջանաղի ընկերությունը՝ «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ն, թանկարժեք ավտոմեքենաներ է վարձակալությամբ տվել ՀԷՑ-ին՝ մեկ պայմանագրով որպես ավտոմեքենաների վարձ ՀԷՑ-ից ստանալով ավելի քան 259 մլն դրամ:

Այս ծախսը ՀԷՑ-ը մտցրել է սակագնի մեջ, այսինքն` ստացվում է, որ հայ ժողովուրդը հանուն ՏՄՊՊՀ նախագահի բաջանաղի պետք է թանկ վճարի էլեկտրաէներգիայի համար:

ՀԷՑ-ը իշխող համակարգի կերակրատաշտն է, «օբշակը», որտեղից սնվում են մանր ու մեծ պաշտոնյաները՝ իշխող համակարգին մատուցած ծառայությունների դիմաց: Ինչ վերաբերվում է պետական տարբեր կառույցներին, ապա դրանց իրական գործառույթը կապված է իշխող համակարգի անխափան գործունեությունն, այսինքն՝ գերշահույթներն ապահովելու հետ: Այդ կառույցները կատարում են «հակառակ գործառույթը»:

Կոնկրետ այս դեպքում, ՏՄՊՊՀ-ն կոչված է ոչ թե ապահովել մրցակցությունն ու պայքարել հակամրցակցային երեւույթների դեմ, այլ ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանում ձեւավորված քվոտաներն ու մենաշնորհները չհայտնվեն սպառնալիքի տակ:

ՀԷՑ-ը ինքը մի ահռելի մենաշնորհ է, եւ ՏՄՊՊՀ խնդիրն է ապահովել այդ կերակրատաշտի անձեռնմխելիությունը:

Արտակ Շաբոյանի եւ նրա հանձնաժողովի արժեքը հենց դա է: Շաբոյանի նախորդը փորձ արեց կատարել սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթը, սակայն մենաշնորհատերերից մեկը՝ Լֆիկ Սամոն, ըստ մամուլի հրապարակումների, ատրճանակը պահեց նրա գլխին: Նա հրաժարական տվեց, որից հետո նշանակվեց Շաբոյանը:

Նա երեւում է ճիշտ է հասկացել պահը եւ լավ է կատարում իր պարտավորությունները, այդ պատճառով էլ ստացել է կերակրատաշտի իր բաժինը՝ բաջանաղի ընկերության միջոցով: Կերակրատաշտի մոտ պատահական մարդ չի կարող հայտնվել, այլապես համակարգը կփլուզվի:

Երեկ Շաբոյանին Արտաշատում այս մասին հարց են տվել, նա էլ պատասխանել է՝ «անհեթեթություն է»:

Անհեթեթություն է, իսկապես, ընդ որում՝ համատարած՝ պետական կառույցները, պաշտոնյաները, նրանց գործունեությունը: Այս ողջ անհեթեթության համար վճարում է բնականաբար ժողովուրդը՝ իր կյանքով, ինչքով: Պատրա՞ստ է հետայսու էլ այս ամենի համար ժողովուրդը վճարել, որպեսզի օրինակ Շաբոյաններն ու նրանց բաջանաղները բարգավաճեն: Որքան էլ բաջանաղը սրբություն լինի, մեր սուրբ օջախների ավանդույթի համաձայն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20