Ես բոմժի նման պետք է սառնարանի ստվարաթղթե տուփո՞ւմ ապրեմ

Aram Simonyan

ԵՊՀ նորընտիր ռեկտոր Արամ Սիմոնյանը տգեղ է համարում, երբ սկսում են հաշվել մարդու ունեցվածքը: Նա անդրադառնալով ԶԼՄ-ներում եղած այն հրապարակումներին, թե ինքը ռեկտոր աշխատելու տարիներին «մեծ հարստություն է դիզել»:

«Ես մինչև ռեկտոր դառնալն ավելի շատ անշարժ գույք եմ ունեցել, վստահաբար  կարող եմ ասել: Ես ապրում եմ 1976 թվականին իմ հոր ստացած բնակարանում: 52, 7 քառակուսի մետր տարածք ունի: Ես ինքս որևէ բնակարան չեմ ստացել, մինչև հիմա իմ հոր բնակարանում եմ ապրում: Ունեցել եմ մեծ առանձնատուն, որն ինձ ժառանգել է տատիկս, այն վաճառել եմ և արդյունքում ունեմ փոքրիկ ամառանոց Դիլիջանում: Ձեռք եմ բերել այն ժամանակ, երբ Դիլիջանը մոդայիկ վայր չէր: Փոքրիկ տուն է, որն ինձ լիովին բավարարում է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Արամ Սիմոնյանը:

ԵՊՀ ռեկտորի խոսքով՝ ինքն իր աղջկա համար բնակարան է գնել, և բացի այդ էլ հիմա տուն է կառուցում. «Ունեցել եմ հողակտոր, որը 15 տարի առաջ գնել եմ Երևանի քաղաքապետարանից, այդ ժամանակ ռեկտոր դեռ չեմ եղել: Այդ հողակտորը վաճառել եմ, և դրա գումարով կառուցում եմ տունը: Կրկնում եմ՝ մինչև ռեկտոր դառնալս ավելի շատ անշարժ գույք եմ ունեցել: Այդ բոլորը հիմա չկա, ժամանակին վաճառվել է: Ես բոմժի նման պետք է սառնարանի ստվարաթղթե տուփո՞ւմ ապրեմ: Ամոթ է այս հարցը բարձրացնել»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20