Թբիլիսիի փողոցներում են հայտնվել մի քանի տասնյակ գիշատիչներ. ջրհեղեղի հետեւանքով զոհերի թիվն աճում է

- in Հասարակություն
Jrhexex

Թբիլիսիում ջրհեղեղի հետևանքով զոհվել է ամենապակասը 12 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել է քաղաքապետ Դավիթ Նարմանիան:

Ըստ տեղական լրատվամիջոցների, ևս տասը մարդ համարվում է անհետ կորած, այժմ ընթանում են նրանց որոնողական աշխատանքները: Ստացվող տեղեկատվության համաձայն, ջրհեղեղի զոհերի թիվը կարող է ավելանալ:

Աղետի հետևանքով զոհվել է Թբիլիսիի կենդանաբանական այգու երեք աշխատակից: Մի քանի ժամ տևած ջրհեղեղը ողողել է քաղաքի ծայրամասային և կենտրոնական հատվածներում գտնվող հազարավոր տների առաջին հարկերը, ինչպես նաև վնասել է մի քանի ավտոճանապարհներ: Նախնական տեղեկություններով, աղետի հասցրած վնասի չափը հասնում է տասնյակ միլիոն դոլարների:

Թբիլիսիում տեղի ունեցած տարերային աղետի հավանական պատճառներից մեկը կարող է լինել սողանքը, որը փակել է Վերե գետի կիրճը: Այս մասին հայտարարել է Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության երկրաբանության դեպարատամենտի ղեկավար Մերաբ Գապրինդաշվիլին: Սողանքը փակել է գետի հոսքը, որի պատճառով դրա մակարդակը բարձրացել է: Հավաքված ջուրը ճեղքել է պատնեշը՝ իր հետ բերելով արմատախիլ եղած ծառերն ու կեղտի զանգվածը: Դա էլ դարձել է տարերային աղետի պատճառը:

Տարերային աղետը մեծ վնասներ է պատճառել Թբիլիսիին: Թբիլիսիի կենդանաբանական այգուց գիշատիչների զանգվածային փախուստի պատճառով ոստիկանությունը բնակիչներին հորդորել է դուրս չգալ տանից:

Քաղաքապետարանի տվյալներով՝ ազատության մեջ են հայտնվել 6 վագր, 6 առյուծ, 7 արջ և 13 գայլ: Քաղաքապետարանի համապատասխան ծառայությունը զգուշացնում է, որ առավել վտանգավոր վայրեր են նկուղներն ու զգոսայգիները:

Այսօր առավոտվանից Վրաստանի մայրաքաղաքում երկինք են բարձրացել ուղղաթիռներ, որոնք հետազոտում են տուժած տարածքները, նաև փնտրում ազատության մեջ հայտնված գիշատիչներին:

ՆԳՆ-ի տվյալներով՝ հունիսի լույս 14-ի գիշերը Թբիլիսիում երկարատև հեղեղի հետևանքով առավել տուժել է քաղաքի կենտրոնը. այս պահին, ըստ տարբեր աղբյուրների, հայտնի է առնվազն 3-ից 6 մարդու զոհվելու և մոտ 10 մարդու անհետացման մասին:

Թբիլիսիի կենտրոնում է գտնվում նաև կենդանաբանական այգին, որտեղ որոշ կենդանիներ սատկել են, իսկ մի մասը՝ փախել: Վերջիններից մի քանիսին հաջողվել է քնեցնել մոտակա փողոցներում, իսկ մի մասին, որոնք մարդկանց կյանքից վտանգ են սպառնում, ստիպված գնդակահարել են:
Քաղաքում և ծայրամասերում հեղեղվել են բակերն ու 100-ից ավելի առանձնատների առաջին հարկերը, մի շարք գետնանցումներ և հրապարակներ, վնասվել են ավտոճանապարհների որոշ ահտվածներ: Բացի այդ, վնասվել են էլեկտրահաղորդիչ լարեր և ենթակառուցվածքներ:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու կարգադրությամբ, ստեղծվել է ջրհեղեղի հետևանքների վերացման արտակարգ շտաբ: 

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20