Թբիլիսիում ջրհեղեղից զոհված հայերը չորսն են

- in Սոցիալական
Jrhexex

Թբիլիսիում ջրհեղեղից զոհված հայերի թիվն ավելացել է ևս մեկով: Հայտնի է նաև չորրորդ զոհի անունը` Նանա Թիլիշվիլի-Եղիազարովա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Ավելի վաղ Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել էր, որ Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել են Վրաստանի քաղաքացի երեք հայեր՝ Ժաննա Եղիազարովա, Սվետլանա Եղիազարովա և Լիանա Եղիազարովա:

Քանի որ անհայտ կորածներ կան, զոհերի թիվը փոփոխվում է:

Վիրահայոց թեմից տեղեկացանք, որ զոհերին տեղափոխվելու են Թբիլիսիի Սբ Էջմիածին եկեղեցի, որտեղ էլ կանցկացվի հոգեհանգստի արարությունը: Եղիազարովա քույրերը բնակվել են Սվանեթի փողոցում, որտեղ տեղի է ունեցել հեղեղում: Ցեխաջուրը լցվել է նրանց տունը եւ քույրերը չեն կարողացել դուրս գալ: Փողոցը հիմնականում հայաբնակ է:

Հունիսի 13-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևները հեղեղել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները, որի հետևանքվ ջրով լցվել են անցումները, նկուղները և հարյուրավոր տների առաջին հարկերը։ Դեպքի վայրում են պարեկներն ու փրկարարները: Հեղեղի հետևանքով քաղաքի մի շարք թաղամասերում դադարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Ջրի տակն անցած կենդանաբանական այգուց փախել են ավելի քան երեսուն գիշատիչ կենդանիներ` գայլեր, արջեր, վագրեր: Իշխանությունները բնակիչներին հորդորել են չլքել տները: Պաշտոնապես հայտարարվել է 14 զոհի մասին: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 15-ը հայտարարել է սգո օր` ի հիշատակ ջրհեղեղի հետևանքով զոհվածների:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20