Ի՞նչ արժե կեղծ անձնագիրը

- in Կեղտոտ լվացք
Andznagir

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետի դեմ կաշառքի, իսկ մի շարք աշխատակիցների դեմ անօրինական վարձատրության վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է ու ուղարկվել դատարան:

Փաստինֆո. Այսպես, ըստ մեղադրանքի, Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետ Արտյոմ Սեդրակյանը ՀՀ-ից բացակայող Ա. Սլոյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու` անձամբ անձագրային բաժանմունք չներկայանալու պայմաններում, վերջինիս կորցրած անձնագրի փոխարեն նոր անձնագիր հատկացնելու համար պահանջել է 5000 ԱՄՆ դոլար, ապա սակարկելուց հետո 2013թ. օգոստոսին ստացել է առանձնապես խոշոր չափերով` 1.833.035 ՀՀ դրամի համարժեք` 4500 ԱՄՆ դոլոր կաշառք:

Այնուհետև Ա.Սլոյանի օգտին գործողություն կատարելու, այն է` վերջինիս անձամբ անձնագրային բաժանմունք չներկայանալու պայմաններում նրա անունից կեղծ դիմում լրացնելու և անձնագրի կորստյան կեղծ գործ կազմելու համար պաշտոնատար անձ չհանդիսացող, հանրային ծառայող Ս.Ունուսյանին անձամբ տվել է խոշոր չափերով` 203675 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն և շահադիտական նպատակով անձամբ, ինչպես նաև իր ենթակայության տակ գտնվող պաշտոնատար անձ չհանդիսացող, հանրային ծառայողների օժանդակությամբ կազմակերպել է պաշտոնեական կեղծիք, այն է` Ա.Սլոյանի ՀՀ-ում գտնվելու, անձամբ անձնագրային բաժանմունք ներկայանալու և Էրեբունու զինկոմիսարիատում հաշվառվելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառումներ է մտցրել պաշտոնեական փաստաթղթերում, կազմել կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա «Բնակչության պետական ռեգիստրի մասին», «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքներով և ՀՀ անձնագրային համակարգի կանոնադրության սահմանված կարգի խախտմամբ Ա.Սլոյանը հաշվառվել է բնակչության պետական ռեգիստրում, նրա անվամբ ՀՀ քաղաքացու կեղծ անձնագիր է կազմվել, տպագրվել ու հանձնվել:

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքի առաջին կարգի մասնագետ Աիդա Սարգսյանն, ըստ մեղադրանքի, միջոցներ տրամադրելով և խոչընդոտները վերացնելով օժանդակել է նշված բաժանմունքի պետ, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Ա. Սեդրակյանի կողմից Ն. Սլոյանից 5000 ԱՄՆ դոլոր կաշառք պահանջելու, առանձնապես խոշոր չափերով 1.833.075 ՀՀ դրամին համարժեք 4500 ԱՄՆ դոլոր կաշառք ստանալու և պաշտոնական կեղծիք կատարելու, ինչպես նաև իր ներկայացրած անձի` Ա. Սլոյանի օգտին լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար, 3000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն է տվել նույն բաժանմունքի առաջին կարգի մասնագետ, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող Գոհար Զարգարյանին:

Նույնպես հանրային ծառայող, Էրեբունու անձնագրային բաժանմունքի առաջատար մասնագետ Սոֆիա Ունուսյանին առաջադրված մեղադրանքի համաձայն, բաժանմունքի պետ Ա.Սեդրակյանի հանձնարարությամբ Ա.Սլոյանի օգտին իր լիազորությունների շրջանակներում կատարել է ակնհայտ ապօրինի գործողություններ, որի համար, Ա.Սեդրակյանից ստացել է խոշոր չափերով 203 675 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլոր ապօրինի վարձատրություն, նաև օժանդակել է մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթները իրականացնող, պաշտոնատար անձ հանդիսացող Ա. Սեդրակյանի կողմից շահադիտական նպատակներով պաշտոնեական կեղծիք կատարելուն:

Էրեբունու անձնագրային բաժանմունքի առաջին կարգի մասնագետ Գոհար Զարգարյանն, ըստ մեղադրանքի, բաժանմունքի պետի հանձնարարությամբ Ա.Սլոյանի օգտին իր լիազորությունների շրջանակներում կատարել է ակնհայտ ապօրինի գործողություններ, որի համար նույն բաժանմունքի առաջին կարգի մասնագետ Ա. Սարգսյանից ստացել է 3000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն, նաև օժանդակել է մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթները իրականացնող, պաշտոնատար անձ հանդիսացող Ա. Սեդրակյանի կողմից շահադիտական նպատակով պաշտոնեական կեղծիք կատարելուն:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Վահագն Մելքոնյանն, ըստ մեղադրանքի, 2013թ. օգոստոսին աշխատելով հիշյալ պաշտոնում և հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթները իրականացնող պաշտոնատար անձ, անձնական դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիք:

Նավո Սլոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա թոռան` Ալբերտ Սլոյանի օգտին լիազորությունների շրջանակներում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու, այն է` վերջինիս ՀՀ-ում չգտնվելու և անձամբ անձնագրային բաժանմունք չներկայանալու պայմաններում ՀՀ քաղաքացու անձնագիր հատկացնելու համար ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքի առաջատար մասնագետ, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող Ա.Սարգսյանի միջոցով նշված բաժանմուքնի պետ, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ Ա.Սեդրակյանին տվելէ առանձնապես խոշոր չափերով` 1.833.071 ՀՀ դրամին համարժեք 4500 ԱՄՆ դոլար կաշառք և իրացրել է ակնհայտ կողծ պաշտոնեական փաստաթուղթ կեղծ հիմքերով 2013թ. օգոստոսի 22-ին Ա.Սլոյանի անվամբ տպագրված կեղծ անձնագիրը:

Արտյոմ Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը, 312.1-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը, որը կատարվել է խոշոր չափերով, 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիք, Աիդա Սարգսյանին՝ 38-311-րդ հոդվածի 4-րդ մասին 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելը, 312.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիքին օժանդակելը, Սոֆիա Ունուսյանին՝ 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալը, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, Գոհար Զարգարյանին՝ 311.1-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը՝ վարձատրություն տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, Վահագն Մելքոնյանին՝ 314-րդ հոդվածի 1-ին մասով, Նավո Ալոյանին՝ 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը, 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20