Հայաստանն ու Թուրքիան պատրաստվում են դաժան պայքարի

Hayastan - Turkia

Այս կիրակի տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ Աբովյանում ու Արտաշատում, որոնք մամուլում արդեն իսկ մեծ աղմուկ են հանել: Նշվում է, որ ՀՀԿ-ն այս անգամ փոխել է տակտիկան եւ առաջադրել է անկուսակցական թեկնածուների: Թե ովքեր են այդ «անկուսակցականները»՝ բոլորը գիտեն՝ Ծառուկյանի դրածոն ու Հովիկ Աբրահամյանի որդին:

Այս կիրակի խորհրդարանի ընտրություններ են Թուրքիայում, որը բախտորոշ նշանակություն կարող է ունենալ այդ երկրի ապագայի համար: Բանն այն է, որ Թուրքիան յուրահատուկ պետական կառուցվածք ունի, որն ապահովում է հակակշիռների լուրջ համակարգ: Այս երկրում ներքին առանցքային դերակատարություն ունեն իրավապահ համակարգը, Գլխավոր շտաբը, որոնք ապահովել են Թուրքիայի աշխարհիկ կարգը:

Թուրքիայի նախագահ Էրդողանը մտադիր է փոխել երկրի կառավարման կարգը, այն դարձնելով նախագահական պետություն: Նա այս ընթացքում բավական թուլացրել է Գլխավոր շտաբը եւ դատաիրավական կառույցները, որոնք կարող էին խոչընդոտել նրա ծրագրերին: Խորհրդարանի ընտրությանը ձայների երկու երրորդը ստանալու դեպքում նա արդեն կփոխի սահմանադրությունը, ըստ այդմ՝ պետական կարգը:

Էրդողանը գտնում է, որ կառավարման ներկայիս կարգը չի նպաստում Թուրքիայի լիակատար անկախությանը եւ արտաքին քաղաքական հավակնությունների իրականացմանը:

Նրա ծրագրերին հավանություն չեն տալիս Թուրքիայի հասարակական-քաղաքական շատ շրջանակներ, անգամ իր իսկ կուսակցության շատ անդամներ: Համարվում է, որ Էրդողանը ձգտում է դառնալ սուլթան: Նշվում է, որ նրա ծրագրերի իրականացման դեպքում երկիրը կարող է կանգնել մասնատման վտանգի առջեւ:

Ինքը Էրդողանը համարում է, որ ընդհակառակը՝ նախագահական ուժեղ ինստիտուտը կարող է երկիրը զերծ պահել փլուզումից: Նա մատնանշել է «թշնամիներին»՝ հայկական լոբբին, քրդերը, արեւմտյան մամուլը եւ միասեռականները:

Ավելորդ է նշել, որ Թուրքիայի համար իսկապես շրջադարձային ընտրություններն անկասկած անդրադառնալու են մեր տարածաշրջանի իրավիճակի վրա: Նոր մարտահրավերներ կարող են առաջանալ, որոնց Հայաստանը պետք է պատրաստ լինի: Իսկ ինչպե՞ս է պատրաստվում Հայաստանը:

Եթե Թուրքիայում ընտրություններն առիթ են դարձել պետականության խնդիրների, ապագայի վերաբերյալ բանավեճերի ու պայքարի, ապա Հայաստանում շարունակվում է պետականության կազմալուծման ընթացքը, որոնց հանգրվաններից մեկն էլ առաջիկա տեղական ընտրություններն են:

Ամեն մի ընտրություն Հայաստանում պետությունը շպրտում է հետ, փոխարենն ուժեղացնում կլանային խմբավորումներին, որոնք լուծում են սեփական շահերը պետության շահերի ու խնդիրների հաշվին:

Հայաստանում պետականության խնդիրների վերաբերյալ վաղուց բանավեճեր չկան, պետական քաղաքականությունը փոխարինվել է վաղ միջնադարին բնորոշ երեւույթներով, երբ դաժան պայքար էր մղվում կողոպուտի իրավունքի ու կլանի դիրքերի ուժեղացման համար:

Հունիսի 7-ի ընտրությունները դրա վառ արտահայտությունն են: Հայաստանում այլ բան, որեւէ քաղաքական գործընթաց չի կատարվում:

Հունիսի 7-ին Թուրքիան մի քիչ էլ կուժեղանա, իսկ Հայաստանն ավելի կթուլանա ու կհեռանա պետականությունից:

Շարունակությունը կարդացեք www.lragir.am-ում:

Հայկազն ՂԱՀՐԻՅԱՆ; գլխավոր խմբագիր

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20