Հայաստանում սոցիալական բողոքի ակցիան ինչ-որ փուլում կարող է վերածվել քաղաքականի

- in Միջազգային

«Վրաստանի Բարեփոխումների ասոցիացիա» ՀԿ-ի հիմնադիր Էլենե Խոշտարիան մեկնաբանել է Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիաները:

News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նա հայտարարել է, որ ներկա դրությամբ անհնար է կանխատեսել, թե արդյոք այդ ակցիան սոցիալականից կվերաճի՞ քաղաքականի, թե՞ ոչ: Նա հայտարարել է, որ դեռ չի տեսնում նման նախադրյալներ: Փորձագետը հայտարարել է, որ չափազանցված է համարում մի շարք ԶԼՄ-ների կողմից շրջանառության մեջ դրված այն տեղեկատվությունը, թե Հայաստանում սկսվում է Եվրամայդանի նման բան։

«Դեռ կարելի է վստահաբար ասել, որ սա մաքուր սոցիալական բողոք է, թեև, իհարկե, հավանականություն կա, որ որևէ փուլում այն կարող է վերաճել քաղաքականի: Ակնառու է, որ Հայաստանում ցուցարարները չունեն առաջնորդներ, և դեռ չկան «իմաստավորված» քաղաքական պահանջներ: Բարդ է պատկերացնել, որ Հայաստանի բողոքի ակցիաները կարող են տվյալ փուլում ունենալ պոտենցիալ՝ քաղաքական ինչ-ինչ նպատակների հասնելու համար»,- ասել է նա:

Եվ այնուամենայնիվ, Խոշտարիան չի բացառում, որ բողոքի ակցիան կարող է վերածվել քաղաքական ակցիայի և հնարավոր է՝ հակառուսական բնույթի, եթե հաշվի առնենք, որ էլեկտրաէներգիայի սակագները բարձրացրել է ռուսական ընկերությունը: Նրա խոսքով՝ Ռուսաստանից Հայաստանի մեծ կախվածությունը, այդ թվում նաև՝ ԼՂ-ի հարցում, երկիրը դարձնում է խոցելի:

Վրաստանի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Մչեդլիշվիլին մեկնաբանել է Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ անցկացվող բողոքի ակցիաները: Նա չափազանցված է համարել այդ իրադարձությունները «Երևանյան Մայդան» որակելը:

Ինչպես տեղեկացնում է News Georgia-ն, Մչեդլիշվիլին չի կարծում, թե խնդիրը միայն էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումն է. մարդկանց համբերության բաժակը լցվել է պաշտոնյաների ակնհայտ յուրացումների և կոռուպցիոն գործարքների պատճառով:

Փորձագետը հիշեցրել է, որ Հայաստանի բնակչության մոտ 65 տոկոսն աջակցել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, և որ նման մեծ աջակցությունը հնարավոր է եղել իշխանությունների ծավալած լուրջ և բազմամսյա PR արշավի, ռուսական ԶԼՄ-ների մեծ աջակցության շնորհիվ: Նա ընդգծել է, որ այդպիսով կարողացել են բնակչությանը համոզել, որ դա Հայաստանի համար երաշխավորում է լավ ապագա:

Փորձագետը նկատել է, որ ներկայումս Երևանի բողոքի ակցիաներում «ամերիկյան հետք» գտնելու ռուսական ԶԼՄ-ների փորձերը, այդօրինակ անհիմն մեղադրանքները հակառուսական տրամադրություններ են առաջացնում ցուցարարների շրջանում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20