Հայի հարս մոնղոլուհին կշարունակի ապրել Անտառամեջ գյուղում

- in Սոցիալական
Gyux

Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղում արդեն չորրորդ տարին անընդմեջ ապրում է ազգությամբ մոնղոլուհի Բայանդոլգոր Օյունչիմիկը՝ իր մահացած հայ ամուսնուց ունեցած երկու զավակների հետ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի Անտառամեջ գյուղ կատարած հերթական աշխատանքային այցի ժամանակ մոնղոլուհին իր դիմում- խնդրանքն է ներկայացրել նրան: 

Բայանդոլգորին Մոնղոլիայի մայրաքաղաքում հանդիպել եւ կյանքը նրա հետ է կապել Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղի բնակիչ Հրահատ Երիցյանը: Նրանք Մոնղոլիայի մայրաքաղաքում բնակվել են մինչեւ 2011 թվականը, որից հետո տեղափոխվել են Հայաստան, ժամանակավոր բնակություն հաստատել Անտառամեջ գյուղում: Այս տարվա հունվարին մահացել է Հրահատը, եւ Բայանդոլգորը միայնակ է տանում իր երկու զավակների` 11 տարեկան Վարսիկի եւ 10 տարեկան Արշակի խնամքը: «Մենք ապրում էինք Մոնղոլիայում, Հայաստան տեղափոխվելու մտադրություն չենք ունեցել: Սակայն  2010 թվականին ամուսինս սրտի կաթված ստացավ, երկու անգամ վիրահատվեց, եւ բժիշկը խորհուրդ տվեց մեզ` տեխափոխվել Հայաստան, այն հաշվով, որ գուցե Հրահատի վիճակը կայունանա: Ճակատագրի բերումով մենք ընտրեցինք Անտառամեջ գյուղը, բարի մարդիկ մեզ համար մեկ սենյականոց տուն գնեցին, որտեղ մինչ հիմա ապրում ենք, մեր երեխաներն այստեղ դպրոց գնացին, մենք ընտելացանք մարդկանց, գյուղի կյանքին: Միայն ափսոս, որ Հրահատի կյանքը չկարողացանք փրկել, եւ ես ու երեխաներս մենակ մնացինք այս դժվար պայմանների մեջ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բայանդոլգորը:

Հրահատի մահից հետո ընտանիքի վիճակն առավել ծանրանում է այնքանով, որ կիսատ են մնում փաստաթղթային ձեւակերպումները, այրիացած կինն ու երեխաները զրկվում են նպաստից, սահմանված այլ արտոնություններից օգտվելու իրավունքից: «Մոնղոլիան Հայաստանում չունի դեսպանատուն, երկու երկրների միջեւ հաստատված չեն դիվանագիտական հարաբերություններ, եւ ես չգիտեմ, թե ինչ ճանապարհով պիտի Հայաստանում գրանցում ստանամ: Այստեղ է իմ տունը, ուր մեծանում են զավակներս, այստեղ ենք ուզում ապրել ու աշխատել, բայց ոչ մի ելք ու ճար չունենք»,- հասկանալի հայերենով իր ընտանիքի հոգսերը եւ խնդիրները ներկայացրեց  Բայանդոլգորը: 

Հիմնական հարցն այն է, որ Հրահատը, նախկինում լինելով ամուսնացած, չի հասցրել դատարանով ամուսնալուծվել ու գրանցել իր երկրորդ ամուսնությունը, ինչի արդյունքում էլ որբացած ընտանիքը հայտնվել է անելանելի կացության մեջ: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ոչ միայն տեղում  դրամական օգնություն հատկացրեց Բայանդոլգորին, այլ նաեւ խոստացավ  օժանդակել նրան թե՛ փաստաթղթային գրանցումների,  թե աշխատանք գտնելու հարցերում: «Պետք է անենք հնարավորը, որ օտարերկրյա քաղաքացուհին, ով ուզում է իր եւ զավակների հետ միասին հետագա կյանքը կապել Հայաստանի հետ, իրեն միայնակ ու անպաշտպան չզգա, ինչը երբեք հարիր չէ մեր ազգային նկարագրին: Խնդրի լուծումը կպահենք մեր ուշադրության ներքո»,- հավաստեց Գեղարքունիքի մարզպետը:

Բայանդոլգորն ունի երաժշտական մասնագիտական կրթություն եւ, հայերի շրջապատում չորս տարի ապրելով, կարողանում է շփվել ազատ ու հասկանալի հայերենով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20