Հանրային ծառայությունները կարգավորող ջրցան

- in Վերլուծական

Կենսաոլորտի ապրանքատեսակների սակագների թանկացումը իր հերթին բերում է շարքային քաղաքացիների կյանքի թանկացման և վերջ:

Ինչ խոսք, շարքային քաղաքացու կյանքի օր-օրի վատթարացումը ոչ մի աղերս չունի բարձրագույն իշխանության վայելքների հետ:

Հայաստանի Հանրապետությունում կենսաոլորտի ապրանքների սակագների բարձրացման շուրջ մրցակցություն են նկատվում՝ ջուր-գազ-հոսանք, հետո հոսանք-գազ-ջուր:

Անկախ զբաղեցրած պաշտոնից մարդը պետք է օգտագործի ջուր, հոսանք և գազ, և հենց այս ոլորտներում ֆինանսական աստղաբաշխական կորուստները պետք է վերականգնվեն շարքային քաղաքացիների հաշվին: Հավանաբար օլիգարխներին և օլիգարխ իշխանավորներին այն առանձնապես չի մտահոգում, հակառակ պարագայում նրանք ևս կընդվզեին և կդառնային քաղաքացիական հասարակության մասնիկ: Նրանք կարող են մասնակցել տարբեր գիտաժողովների, քաղաքացիական հասարակության թեմատիկայով զեկույցներ լսել և ինչ-որ տեղ գլխով հավանություն տալ (դմդմբացնել):

Օրերս էլեկտրաէներգիայի սակագնի հերթական թանկացումը առաջ բերեց նոր վրդովմունք հասարակության ակտիվ քաղաքացիների շրջանում, որոնց շնորհիվ կամաց-կամաց ձևավորվում է քաղաքացիական հասարակություն:

Այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 23-ի լուսադեմին Բաղրամյան 26-ի հարակից տարածքում՝ ՀՀ Սահմանադրական դատարանի դիմաց, վկայում է, որ Հյուսիսային պողոտայից հետո, Հարավ-Հյուսիս ավտոճանապարհն էլ կկառուցվի, սակայն Բաղրամյան պողոտայում քաղաքացիական հասարակության կառուցումը կլինի ոչ թե դրամաշնորհների և կորցված վարկերի հաշվին, այլ մեր առողջ, բանիմաց և պատրաստակամ երիտասարդության արժանապատվության բարձր հովանու ներքո:

Ո՞վ է տեսել, որ գազի, էլեկտրաէներգիայի ոլորտում միլիոնավոր ֆինանսական կորուստները պետք է վերականգնվեն կամ ուղիղ ձևով վճարվեն շարքային քաղաքացիների գրպանից:

Ի դեպ, նմանատիպ հարցերում շատ շահագրգիռ վերաբերմունք է դրսևորում իշխանությունը իր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դերակատարմամբ և միջոցով:

Գաղտնիք չէ, որ բյուջեն դատարկ է, և բնականաբար իշխանությանը ձեռնտու է կենսաոլորտի սակագների բարձրացման հաշվին ի շահ նաև Բիբիի բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Սա պարզունակ լուծման ձև է: Կուշտ կլինեն և բիբիները, և բարձրագույն իշխանավորները:

Այսքանից հետո խորհուրդ է տրվում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերանվանել Հանրային ծառայությունները կարգավորող ջրցաններ և այսուհետ աշխատել հաճախակի Հայաստան ներմուծել ջրցան մեքենաներ՝ այն պահելու ՀԾԿ ջրցան մեքենաների հաշվեկշռում:

Վաղը ջրի սակագինը կբարձրանա, մյուս օրը՝ գազինը:

Մի խոսքով ՀԾԿՋ աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ է նյութատեխնիկական բազան հարստացնել ջրցան մեքենաներով, մետաղյա շղթայաձողերով, ռետինե մահակներով:

Եվ վերջապես այսօր Բիբիի պահանջին ջրցան մեքենան է տեր կանգնում, վաղը ջրի թանկացմանը բարձրաոլտ հոսանքը կգա օգնության Բաղրամյան պողոտա:

Պարզապես պետք է զգույշ լինել բարձրաոլտ հոսանքը միացնելուց հետո ջրցանը չմիացնել: Այդ դեպքում նաև Բիբիի կորուստները շատ կլինեն:

Գառնիկ Վաղարշակյան

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20