Միայն մեկ հեռանկար՝ պատերազմ

- in Վերլուծական
Paterazm

Մեծ Բրիտանիայի շահերն ու քաղաքականությունը Հարավային Կովկասում.

Չնայած Հարավային Կովկասի խնդիրների վերաբերյալ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի որոշ տարաձայնություններին, անհնար է այս երկու տերություններին տարանջատել տարածաշրջանի հանդեպ քաղաքական նախագծման ու քաղաքականության իրականացման մասով: Բրիտանացի քաղաքական գործիչները Հարավային Կովկասի հանդեպ ԱՄՆ քաղաքականությունը համարում են անարդյունավետ եւ կգերադասեին ավելի կտրուկ մոտեցումները: Սակայն Մեծ Բրիտանիան ստիպված է հետեւել ամերիկացիներին եւ որոշակի խմբագրումներ անել, պաշտպանելով սեփական շահերը:

Օբամայի քաղաքականությունը պոպուլյար չէ մեծ Բրիտանիայում, եւ դեմոկրատական վարչակազմն այդպես էլ չի կարողացել Լոնդոնի հետ լիովին համաձայնեցնել սեփական շահերը: Անկասկած, Մեծ Բրիտանիան Վաշինգտոնում աջակցում է հանրապետականներին: Եվ դա Հարավային Կովկասի համար ռազմավարական ուղղության փոփոխության պատճառ է դարձել:

ԱՄՆ Պետդեպարտամենտի ռազմավարական ծրագրավորման ստորաբաժանման պատկերացումներով, Հարավային Կովկասին տրվել է տրանզիտային-սերվիսային տեղ, դրանից բխող խնդիրներով ու որոշումներով: Այս կապակցությամբ, Հարավային Կովկասի «դասական» երկիր է Վրաստանը, որին տրվել են բացառապես տրանզիտային-սերվիսային գործառույթներ, եւ ոչ ավելի: Ադրբեջանը նավթի աղբյուր է տրանզիտի որոշակի գործառույթներով, այդ թվում՝ ռազմական տրանզիտի: Միայն Հայաստանին է տրվել բարձր տեխնոլոգիաների ու դիվերսիֆիկացված արդյունաբերության երկրի կարգավիճակ:

Ներկայում, եվրասիական նախագծին միանալուց հետո, Մեծ Բրիտանիան, ի տարբերություն եվրոպական երկրների մեծամասնության, չի «հանձնվում» եւ փորձում է Հայաստանը վերադարձնել ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ ինտեգրման ճանապարհ:

Վրաստանը դիտարկվում է որպես ոչ այնքան հուսալի գործընկեր խրոնիկ ներքին անկայունության պատճառով: Ադրբեջանը Թուրքիայի ռազմավարական գործընկերն է, որի հետ վատթարանում են ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հարաբերությունները:

Հայաստանը, գտնվելով Ռուսաստանի հետ սերտ ռազմա-քաղաքական հարաբերությունների մեջ, Վաշինգտոնի մտահղացմամբ դատապարտված է Հարավային Կովկասում «հավասարակշռության» դերին ու ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցությանը, որը նրա անվտանգության երաշխավորն է: Հարցն այն է, թե ում ձեռքին է շարունակում մնալ այդ հավասարակշռությունը:

ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան զգալիորեն կոնսոլիդացված քաղաքականություն են վարում տարածաշրջանում, նկատի առնելով, որ երկու տերություններն իրականացնում են գլոբալ էներգա-հաղորդակցական նախագիծ:

Ելնելով այս նպատակներից ու նախադրյալներից, ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան շահագրգռված չեն ոչ աբխազական, ոչ հարավ-օսական, ոչ էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման որեւէ սցենարով, քանի որ պարզվել է, որ սկզբունքորեն գոյություն չունեն կարգավորման այնպիսի սխեմաներ, մոտեցումներ ու տեխնոլոգիաներ, որոնք չբերեին լարվածության աճին կամ ռազմական գործողությունների վերսկսմանը:

Լիովին պարզ է դարձել, որ ղարաբաղյան գործոնը կորսված հնարավորություն է դարձել հայ ազգի համար: Ունենալով ժամանակակից աշխարհի մաս դառնալու բոլոր հանգամանքները, Հայաստանը քմծիծաղի առարկա է դարձել միջազգային հանրության համար, իսկ ղարաբաղյան թեման միայն մեկ հեռանկար ունի՝ պատերազմ:

Ղարաբաղյան գործոնը, որը նախկինում մեծ նշանակություն ուներ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Իրանի եւ այլ պետությունների համար, ներկայում կորցրել է իր նշանակությունը, քանի որ Հայաստանը միանշանակ կախվածության մեջ է ընկել Ռուսաստանից: Սակայն Ռուսաստանի համար էլ դա գործոն չէ, այլ խանգարիչ հանգամանք, քանի որ այլեւս ոչ մեկին չի անհանգստացնում:

Հարավային Կովկասում Ռուսաստանի գերիշխանությունն ու տարածաշրջանից ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային դուրս մղելը նշանակում է տարածաշրջանային մեծ պատերազմ: Վաշինգտոնում ու Լոնդոնում շատ լավ հասկանում են, որ Ռուսաստանն ընդամենը խիստ փոքր ժամանակահատվածում է ոչ այնքան շահագրգիռ պատերազմով: Եթե պատերազմ սկսվի, Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում խիստ կմեծանա:

Վերջին շրջանում Վաշինգտոնի, Լոնդոնի ու Բրյուսելի կառավարական կառույցներին ինտեգրված փորձագիտական հանրությունը առաջ է քաշել նոր թեզեր վրացական հակամարտությունների եւ ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման վերաբերյալ:

Հասկանալով, որ Ռուսաստանը Վրաստանի ինտեգրումն Արեւմտյան կառույցներին սահմանափակելու համար կարող է օգտագործել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդիրները, Վրաստանին առաջարկվում է հրաժարվել այդ երկու գավառները Վրաստանի կազմ վերադարձնելու փորձերի ակտուալացումից, ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը ինտեգրվելու գործընթացը հեշտացնելու պայմանով:
Ամերիկացի ու բրիտանացի գործիչների ու փորձագետների գնահատականով, հարավ-օսական ու աբխազական հակամարտությունները կարող են համարվել ոչ թե արտաքին, այլ ներքին, ինչը չի ենթադրում ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ կետի կիրառումը՝ օգնությունը դաշինքի անդամին, որն արտաքին վտանգ է զգում:

Այս իրավիճակում, թերեւս միայն Մեծ Բրիտանիան է առայժմ հետաքրքրություն ցուցաբերում Հայաստանի հանդեպ, քանի որ հասկանում է, որ վաղ թե ուշ հայ հանրությունը կհասկանա Ռուսաստանի քաղաքականության աղետալիությունը սեփական երկրի համար եւ կսկսի կործանումից փրկվելու այլընտրանքային ուղիներ փնտրել:

Լոնդոնում երբեք տարածաշրջանները հաշվից դուրս չեն թողնում: Բրիտանացիները բոլորից լավ են հասկանում, որ Հարավային Կովկասում սպասվում է պատերազմ կամ ուժերի աշխարհքաղաքական դասավորության փոփոխություն: Միայն Կենտրոնական Ասիան է, որպես տարածաշրջան, որտեղ սկսում է ծավալվել պատերազմը, ավելի հետաքրքիր տարածաշրջանային քաղաքականության «դիտորդների» համար:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20