Ռուսական ԶԼՄ-ները շարունակում են խեղել երևանյան իրադարձությունները

- in Կեղտոտ լվացք

Ռուսական «Վեդոմոստի» թերթի կայքն անդրադարձել է երևանյան իրադարձություններին:

Պարբերականը մեջբերում է Մոսկվայի պետական համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Իսմաիլ Ագակիշիևի խոսքը, որի կարծիքով՝ բողոքի ակցիան պայմանավորված է տնտեսական իրավիճակով և չպետք է քաղաքականացնել այդ հարցը:

«Հայերը ստիպված են երկրից մեկնել տնտեսական խնդիրների պատճառով»,- ասել է Ագակիշիևը: Նախագահ Սերժ Սարգսյանի տնտեսական հաջողությունների մասին խոսելն ավելորդ է, երկիր ներդրումներ չեն մտնում, և նույնիսկ հայկական սփյուռքը, որը լավ դիրքեր է զբաղեցնում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլուր, չի ցանկանում փող ներդնել՝ ասել է փորձագետը: «Ժողովուրդն աղքատ է ապրում, իսկ գների աճը վերջին կաթիլը եղավ: Ուստի այդ բողոքն այնքան գների թանկացման դեմ չէ, որքան առկա սոցիալ-տնտեսական իրավիճակի»,- ասել է Ագակիշիևը:

Իսկ քաղաքագետ Անդրեյ Արեշևն ասել է. «Տնտեսական դժգոհությունը կարող է քաղաքական հուն ստանալ, ինչը մենք հնարավորություն ենք ունեցել տեսնելու Խորհրդային Միության նախկին երկրներում բողոքի ակցիաների ժամանակ: Ուստի հիմա իշխանությունների և պատասխանատու քաղաքական ուժերի խնդիրն է նման սցենար թույլ չտալ»:

RIA Novosti-ն, իր հերթին, մեջբերում է Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչյովի խոսքը. «Բողոքը Երևանում կրկնում է «գունավոր հեղափոխության» սցենարը, իսկ անկարգությունների կազմակերպման հետևում կարող են կանգնած լինել օտարերկրյա ներկայացուցիչներ»:

«Հիմա մենք բոլորս մտահոգվում ենք բարեկամ Հայաստանում՝ Երևանի կենտրոնում, տեղի ունեցող իրադարձություններով: Ես չեմ բացառում, որ արդյունքում պարզվի՝ այդ իրադարձությունների հետևում ևս արտասահմանյան ոչ կառավարական կազմակերպություններ են»,- հայտարարել է Կոսաչյովը: Նրա խոսքով՝ օտարերկրյա ուժերը հասարակական կարծիքը ուղղորդում են երկրի զարգացման արևմտամետ ուղու ընտրությանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20