Սամվել Քարամյան. «ՈւԱԿ-ում ճառագայթային բուժման բաժանմունքը աշխատում է մեծ լարվածությամբ»

- in Առողջություն

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ճառագայթային ուռուցքաբանության և միջուկային բժշկության բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Քարամյանի հետ զրուցում ենք բժշկագիտության այս ոլորտում կատարվող և ծրագրվող աշխատանքների, սերնդափոխության մասին:

– Պարոն Քարամյան, ինչպե՞ս են գործերը Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքում:

– Տարեկան մենք ընդունում ենք մոտ 1200 – 1600 հիվանդների, որն ըստ միջազգային ստանդարտների ավելի քիչ է, քան` պետք է: Բանն այն է, որ համաձայն ստանդարտների ճառագայթային բուժման ենթակա են բոլոր նոր ախտորոշված ուռուցքային հիվանդների 50 և ավել տոկոսը, իսկ մեր երկրում անցած տարի արձանագրվել են 8 հազարից ավել չարորակ նորագոյացություններով հիվանդներ, որոնցից նվազագույնը` 4 – 5 հազարը պետք է ստանային ճառագայթային բուժում:

Չնայած այս փաստին բաժանմունքը աշխատում է բավական լարված ռեվիմով: Կուզենաի ուրախությամբ նշել, որ ստացել ենք նորագույն սարքավորում՝ գծային արագացուցիչ «Էլեկտա», որի ճառագայթին նախապատրաստական աշխատանքները շատ ավելի մանրակրկիտ ու երկարատև ուսումնասիրություն են պահանջում: Համեմատության համար` յուրաքանչյուր հիվանդի համար եռակի անգամ ավելի շատ ժամանակ է անցնում «Էլեկտա»-ով բուժելիս, քան մյուս տեխնիկական միջոցներով: Այսպես կոչված կոնֆորմալ ճառագայթումը եռաչափ է, որը պահանջում է նաև եռաչափ ծրագրավորում իրականացնել: Այս սարքի գլխավոր առավելությունը կայանում է նրանում, որ իր հնարավորությունները թույլ են տալիս անցկացնել շատ ավելի ճշգրիտ բուժում, նվազեցնելով առողջ հյուսվածքների ավելորդ ճառագայթումը և, միաժամանակ, բարձրացնելով թիրախին հասանելիք բուժիչ դոզան:

– Երբ ասում եք տարեկան 1200 հիվանդների եք բուժսպասարկել, ասենք` 5000-ի փոխարեն, ինչո՞ւմն է խնդիրը, ինչո՞ւ է այդքան մեծ հարաբերակցությունը:

– Գլխավոր պատճառն այն է, որ ուղեգրող բժիշկների մի մասը, պետք է նշեմ, որ հիմնականում ոչ ուռուցքաբանները, հաճախակի տեղյակ չեն ճառագայթային բուժման ցուցումներին և հակացուցումներին, կամ չեն հետևում միջազգային ուղեցույցներին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիվանդների գերակշռող մեծամասնությունը առաջին փուլերում հայտնվում են վիրաբույժի մոտ, ապա այդ հիվանդի հետագա բուժման հերթականությունը և ճակատագիրը սովորաբար կախված են լինում առաջին բժշկի ուղեգրումից:  Ընդհանրապես` մեր մենթալիտետով է այդպես, որ բուժող բժիշկը վիրաբույժն է:  Եվ շատ հաճախ արդարացի, որովհետև մենք էլ ենք գտնում, որ այն ուռուցքները, որոնք կարելի է հեռացնել, պետք է դիմել վիրաբուժությանը: Դրանից հետո վիրաբույժը հիվանդին կուղարկի՞ ճառագայթային բուժման, թե` ոչ, դա արդեն հարցական է, և մենք գիտենք հանրպետության բոլոր վիրաբույժներին` ովքե՞ր են հիվանդներին մեզ մոտ ուղարկում, ովքեր` ո´չ:

Մյուս պատճառներից կարելի է նշել այն, որ մեր կենտրոնը ապահովում է այդ կարգի ծառայությունը ամբողջ Հայաստանի մակարդակով և դա կարող է դժվարություն ստեղծել հեռավոր մարզերի բնակիչների համար՝ հատկապես ձմեռային ժամանակահատվածում: Մյուսը՝ բուժման համար հերթագրվելու խնդիրը, որը կապված է մեր բաժանմունքի ծանրաբեռնվածությանից: Երբեմն, երբ հիվանդները հերթագրվում են ու հերթում մնալով մի քանի ամիս, նրանք հետագայում հրաժարվում են բուժում ստանալուց:

Մեր բաժանմունքը, կարելի է ասել, հանրապետությունում մենաշնորհային դիրք ունի, հիվանդների 95 տոկոսը մեզ մոտ են ճառագայթվում, թեև` Գյումրիում էլ կա նման բաժանմունք:

Բացի այն, որ ես Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության և միջուկային բժշկության բաժանմունքի ղեկավարն եմ, նաև` Ուռուցքաբանների և միջուկային բժշկության ասոցացիայի նախագահն եմ, aaror.org կայքն այդ մասին է: Մենք հրավիրում ենք համապատասխան մասնագետներին, բացատրում, որ ճառագայթային բուժումը վիրահատությունից հետո ևս պարտադիր է, սակայն կան մանսագետներ, որ հետևողականորեն չեն ուղարկում իրենց դիմած հիվանդներին:

Հաջորդ խնդիրն այն է, որ շատ է փոխվել քիմիաթերապիայի բուժանյութերի ցանկը, նոր սերնդի դեղամիջոցներ են ի հայտ եկել, որոնք շատ արդյունավետ են ազդում հիվանդների վրա: Ըստ վիճակագրության, չարորակ ուռուցքներով բուժված հիվանդների 49 տոկոսը բուժվել են վիրաբուժության արդյունքում, 40 տոկոսը, ովքեր ճառագայթային բուժում են անցել, և միայն 11 տոկոսը բուժվել են քիմիաթերապիայից: Մոտ 25 տարի առաջ պատկերն այլ էր` քիմիաթերապիայից` 2 – 5 տոկոս, ճառագայթայինից` 15 – 20 տոկոս, վիրաբուժությունից` 40 տոկոս: Տեսանելի է, թե ինչպես է բարձրացել ճառագայթային և քիմիաթերապիայի միջոցներով բուժումների արդյունավետությունը:

Անպայման հարկ է շեշտել նաև, որ դա վերաբերում է «սոլիդ» ուռուցքներին, մյուսների հարցում (արյան և ավշային համակարգի չարորակ պրոցեսներ) և մանկական ուռուցքաբանությունում քիմիաթերապիան շատ ավելի արդյունավետ է: Բացի այդ, ճառագայթային բուժումը հիվանդի բուժման ընդհանուր բյուջեի 5 – 30 տոկոսն է կազմում: Բարձր տոկոսներում այն բուժման մեթոդներն են, որպիսիք դեռևս Հայաստանում չկան` պրոտոնա-իոնային ճառագայթումը, որի արժեքը մոտ 100 հազարի սահմաններում է:

– Իսկ Հայաստանում ճառագայթային բուժմանը չդիմողների թվում որոշակի տոկոսային հարաբերակցություն ունե՞ն արտերկրում նման բուժումը նախընտրողները:

– Տոկոսային հստակ հարաբերակցությամբ չեմ կարող ասել, սակայն որոշ տվյալների համաձայն, Հայաստանից արտերկիր` ուռուցքային հիվանդությունների բուժման նպատակով տարեկան մեկնում են առավելագույնը 300 – 400 հիվանդ, Ռուսաստանը ներառյալ:

– Իսկ Ճառագայթային ուռուցքաբանության և միջուկային բժշկության բաժանմունքում ինչպիսի՞ նյութատեխնիկական բազայով և բուժանձնակազմով եք բուժսպասարկում հիվանդներին:

– Ունենք երեք սարքավորումներ, որոնցից երկուսը համապատասխանում են ժամանակակից  պահանջներին: Երրորդն այս տարի կապամոնտաժվի:  Ժամանակակիցները` գծային արագացուցիչն ու չեխական արտադրության գամմաթերապևտիկ սարքավորումներն են: Շնորհիվ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ), անցյալ տարի այդ սարքավորումները ձեռք են բերվել կամ վերազինվել և նորացվել են, աշխատում են նոր ծրագրավորմամբ:

Ինչ վերաբերում է Միջուկային բժշկությանը, այստեղ ևս ԱԷՄԳ-ի օժանդակության` «Տեխնիկական աջակցության» ծրագրի շրջանակներում բավականին աշխատանքներ ենք իրականացրել: Ունենք հունգարական արտադրության «ՍՊԵԿՏ» խցիկ, որը ժամանակակից սարքավորում է ամբողջ աշխարհում: Նախատեսված է այդ սարքը լրացնել հավելյալ ֆունկցիաներով, որոնք թույլ կտան կատարել նաև համակարգչային և պոզիտրոն-էմիսիոն շերտագրումներ, որը կբարձրացնի առկա ախտորոշման մակարդակը և որակը: Միջուկային բժշկության տարբերությունն այն է, որ ցույց է տալիս փոփոխությունները մոլեկուլային մակարդակում, նույնիսկ` նյութափոխանակության: Արդյունքում` ախտորոշման  ճշգրտությունը շատ ավելի բարձրանում է այդ պարագայում:

Պետք է նշել, որ վերջին 20 տարվա ընթացքում մենք սերտորեն համագործակցում ենք ԱԷՄԳ-ի հետ Ռադիացիոն ուռուցքաբանության ոլորտում: Այդ համագործակցության արդյունքում մենք ստացել ենք մի շարք անհրաժեշտ սարքավորումներ ոչ միայն ՈՒռուցքաբանության ազգային կենտրոնի, այլ նաև Գյումրիի հակաուռուցքային դիսպանսերի և սրտաբանական ինստիտուտի համար: Միևնույն ժամանակ, հարկ է նշել` ՀՀ Առողջապահության նախարարության և մեր կենտրոնի տնօրինության աջակցությունը տարածքների վերանորոգման և անհրաժեշտ աշխատանքային պայմանների ստեղծման հարցերում:

Բուժանձնակազմը մեր բաժանմունքում 13 արհեստավարժներից է կազմված, չորսը գիտությունների թեկնածուներ են, որից մեկն այս տարի կպաշտպանի նաև դոկտորականը: Բոլորը, ևս ԱԷՄԳ -ի շնորհիվ վերապատրաստվել են արտերկրներում, լավագույն կլինիկաներում` Գերմանիա, Անգլիա, Ֆրանսիա, Չեխիա, Մակեդոնիյա, Իտալիա, ՌԴ: Բացի այդ, մասնակցում են նաև կարճատև ուսումնական դասընթացների: Բժիշկները միշտ պետք է վերապատրաստվեն, միշտ թարմացնեն իրենց գիտելիքները:

– Նրանց թվում նաև Ձեր որդին է` Ներսես Քարամյանը, իսկ առողջ սերնդափոխություն կա՞ ճառագայթային ուռուցքաբանության և միջուկային բժշկության ոլորտում:

– Որդուս ես եմ ժամանակին մի կերպ համոզել, որ ուսումը բժշկական համալսարանում ավարտելուց հետո շարունակի ճառագայթային բժշկության ուղղությամբ, որովհետև երբ ստանձնեցի այս բաժնի ղեկավարությունը, ամենաերիտասարդը ես էի այստեղ, իսկ ավագ սերնդի շատ ներկայացուցիչներն իրենք էին խոստովանում, որ չեն կարող հետևել նորարարություններին և աշխատել նոր մեթոդներով: Շատ անելանելի վիճակ էր ստեղծվել բաժանմումքում, որի պայմաններում այս մասնագիտությունը կարող էր վերանալ: Արդյունքում` ուժս այն ժամանակ միայն որդուս վրա պատեց, սակայն հիմա, այո, կա արժանի սերնդափոխություն, երիտասարդներից ոմանք հետևում և դառնում են ճառագայթաբաններ: Հիմա` մեր բաժանմունքում աշխատող բժիշկների միջին տարիքը 40 – 45  սահմաններում է:

– Թե բաժանմունքում, թե´ ասոցիացիայում ի՞նչ նոր ծրագրեր ունեք այս տարվա համար նախատեսված:

– Բաժանմունքի վերջին 10 տարվա գիտական գործունեության արդյունքները հրապարակվել են շուրջ 110 թեզիսների և գիտական հոդվածների ձևով, ներկայացվել են զեկուցումների ձևով` տարբեր գիտական կոնֆերանսների ժամանակ և ամփոփվել են 1 դոկտորական և 2 թեկնածուական թեզերի ձևով: Ներկայումս բաժանմունքի աշխատակիցների կողմից կատարվում են ևս 1 դոկտորական և 1 թեկնածուական աշխատանքներ: 2011թ. մշակվել և հրատարակվել է «Տեղեկատվություն ճառագայթային բուժման մասին» գրքույկը հիվանդների համար: Նախապատրաստվում է տպագրության նաև ճառագայթային ուռուցքաբանության արդիական հարցերին վերաբերվող մենագրություն:

Spread the love