Վարդան Այվազյանի և Գագիկ Խաչատրյանի վեճն` արտաբյուջեի շուրջ

- in Ով ով է ...
Vardan Ayvazyan

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ու ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Վարդան Այվազյանն այսօր Ազգային ժողովում նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ վիճեցին:

Վարդան Այվազյանը ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնյաներին հարցեր ուղղեց նախարարության արտաբյուջեով կատարված աշխատանքների մասին, փոխնախարարներ Արմեն Ալավերդյանի և Ատոմ Ջանջուղազյանի պատասխաններին Վարդան Այվազյանը կասկածանքով վերաբերվեց, այնընդհատ նոր հարցեր տալով: Դա նյարդայնացրեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին: Նա հետաքրքվեց, թե ինչո՞ւ է Վարդան Այվազյանը խորացել իրենց արտաբյուջեի հարցում և վրդովված ասաց. «Ինչքան ուզում եք խորացեք»:

Վարդան Այվազյանն արձագանքեց. «Ես չհասկացա, թե ինչու իմ առաջ քաշած հարցն ըտենց լուրջ անհանգստություն առաջ բերեց»:

Գագիկ Խաչատրյանը հակադարձեց. «Երկուսով բացատրում են, եթե արտաբյուջետային միջոցները բավարար չլինեն, տվյալ շենքը չի սարքվի: Եթե ուզում եք խորացած քննարկեք, լուրջ խնդիր է, պետք է այն գերատեսչությունների հետ քննարկեք, որոնք ունեն արտաբյուջե՝ հասկանալու համար, թե ինչ նպատակով են ծախսում: Երկուսով պատասխանում են, ասում եք՝ իրարամեժ բաներ կան, եթե կան, եկեք քննարկենք, հասկանանք: Լուրջ խնդիր է դա, տարիներ շարունակ այդ թեմային մարդիկ անդրադարձել են»:

Վարդան Այվազյանն ի պատասխան արդարացավ. «Ես նկատի չունեի հենց ձեր արտաբյուջեն, չգիտեմ ինչի ձեր արտաբյուջեի մասով մտածեցիք, որ ես ըտեղ եմ ուզում խորանամ կամ չխորանամ: Ընչի՞ վրովվեցիք, չհասկացա, ոչ ըսենց եմ շփվում արտաբյուջեի հետ, ոչ ընենց եմ շփվում, յա»: 

Հեղինե ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20