Գերտերություններն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

- in Կեղտոտ լվացք
Angela Merkel

G7-ի պետությունների ղեկավարների ընթրիքը, որի ժամանակ քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի հետ հարաբերությունները, ավարտվել է, և առաջնորդները միասնականություն են հայտնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պահպանելու հարցում:

«Յոթնյակի» մասնակիցները համարում են, որ ներկա պահին Ռուսաստանի վերադարձը այդ միություն անհնար է, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը. «Ավարտվեց ընթրիքը: Ուժեղ միասնականություն՝ հանուն Ուկրաինայի: Միասնականություն՝ պատժամիջոցներով ճնշումը պահպանելու: Այն տեսանկյունից, որով մենք` G7-ի անդամները, նայում ենք դրան այսօր, Ռուսաստանի վերադարձը ներկա պահին անհնար է: Այդ դիրքորոշումը կիսում են «յոթնյակի» բոլոր անդամները»: Մերկելը մասնավորել է նաև, որ Ղրիմի բռնակցմամբ, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի շրջանների գործերին խառնվելով Ռուսաստանը ցույց տվեց, որ ունի այլ տեսակետներ:

Էլմաու ամրոցում հանդիպել էին G7 երկրների՝ Գերմանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները: Ռուսաստանը, որը 1998 թվականին ընդունվել էր «յոթնյակի» մեջ, այնտեղից հեռացվել է 2014 թվականին:

Հիշեցնենք, որ 2014 թվականի մարտի 16-ին տեղի ունեցած հանրաքվեից հետո Ղրիմը և Սևաստոպոլը դարձան ռուսական շրջաններ: Մոսկվայում նշում են, որ Ղրիմում հանրաքվե անցկացնելը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին և ՄԱԿ-ի կանոնադրությանը:

Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները կչեղարկվեն, երբ կկատարվեն Ուկրաինայի հարցով Մինսկի պայմանավորվածությունների դրույթները: Նման հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ G7 գագաթնաժողովի շրջանակներում:

«Մենք միշտ ասել ենք, որ կապ կա Մինսկի պայմանավորվածությունները կյանքի կոչելու և պատժամիջոցները երկարաձգելու միջև»,- ասել է նա և հավելել, որ խնդրի լուծումը կախված է ոչ միայն Ռուսաստանի գործողություններից. «Մենք հնարավորություն ունեք, եթե ջանքեր գործադրվեն: Մասամբ այն գտնվում է Ռուսաստանի ձեռքերում և, իհարկե, Ուկրաինայի»:

Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Շմիդտը Bild-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ G7-ի գագաթնաժողովին պակասում են Ռուսաստանը, Հնդկաստանն ու Չինաստանը։

Պատասխանելով գագաթնաժողովում Ռուսաստանի մասնակցության անհրաժեշտության մասին հարցին՝ Շմիդտը նշել է, որ Հնդկաստանն ու Չինաստանը նույնպես պետք է միանան «Յոթյակի խմբին», քանի որ այդ ազգերը բավական ուժեղ են դարձել՝ նրանց դիրքորոշումները չնկատելու համար։ Նա նաև նշել է, որ ներկայում հասունացել է գագաթնաժողովի ձևաչափը փոխելու անհրաժեշտությունը՝ առաջարկելով G12 կամ G14 ձևաչափ։

Մարտին ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20