Ադրբեջանի վճռաբեկ դատարանը ուժի մեջ է թողել Արսեն Բաղդասարյանի դատավճիռը

- in Իրավունք
dat

Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքի վճռաբեկ դատարանը ուժի մեջ է թողել Արսեն Բաղդասարյանի 15 տարի ժամկետով ազատազրկման դատավճիռը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է տեղի Kapaz TV հեռուստաալիքը` նշելով, որ դատն ընթացել է փակ ռեժիմում:

Ադրբեջանի իշխանություններն ավանդույթ դարձրած եւս մեկ հակամարդկային քայլ են կատարել: Ադրբեջանի ռազմական դատախազությունը կեղծ մեղադրանքներով քրեական գործ էր հարուցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի նախկին պայմանագրային զինծառայող Արսեն Էդուարդի Բաղդասարյանի նկատմամբ, ով անհայտ հանգամանքներում գերեվարվել էր 2014 թվականի դեկտեմբերի 26-ին:

Ադրբեջանի ռազմական դատախազությունը Արսեն Բաղդասարյանի նկատմամբ քրեական գործը «հիմնավորել» էր այն բանով, որ նա, 2014 թվականի դեկտեմբերի 26-ին մոտ ժամը 15-ին, իբր, «գաղտնի կերպով» հատել է Մարտակերտի շրջանում զորքերի շփման գիծը, եւ Ադրբեջանի ԶՈւ պաշտպանական դիրքերում իր հետ բերած «ֆուգաս» տեսակի 7 ականներց երեքը տեղադրելուց հետո հետ վերադառնալու ժամանակ բռնվել է Ադրբեջանի ԶՈւ «աչալուրջ» զինծառայողների կողմից, իսկ նրա տեղադրած ականները «վնասազերծվել» են:

Ծիծաղելիորեն անտրամաբանական եւ անգրագետ կազմված այդ «մեղադրականում» նշվում էր նաեւ, որ գործով տարվող քննությամբ «միջադեպի վայրում Ա.Բաղդասարյանի մոտից առգրավված դանակի եւ այլ առարկաների, հողում թաղված ականներից մեկի, ինչպես նաեւ երկու ականների պայթեցվելով վնասազերծվելու վայրում զննում է անցկացվել, կատարվել է դատա-բժշկական, դատական հոգեբուժական եւ հոգեբանական, պայթուցիկ տեխնիկայի համալիր փորձագիտություն, հարցաքննվել են վկաներ»:
ԼՂՀ ՊԲ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Արսեն Բաղդասարյանը, լինելով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, ինչի համար հրամանատարության որոշմամբ և կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորմամբ ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից մինչ այդ միջադեպը:

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ավելի վաղ հայտնել էր, որ Արսեն Բաղդասարյանի դեմ հարուցված շինծու «գործը» միջազգային մարդասիրական իրավունքների ոտնահարման վառ օրինակ է. գերեվարումից հետո 1,5 ամիս շարունակ ադրբեջանական կողմը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին թույլ չի տվել տեսակցել նրան:

Նրա խոսքով` Արսեն Բաղդասարյանի հանդեպ Ադրբեջանի իշխանությունների գործողություններն ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի ձերբակալությանն ուղղված յուրօրինակ պատասխան է:

«Արսեն Բաղդասարյանի դեպքում մենք գործ ունենք Ադրբեջանի իշխանությունների կողմից տված «պատվերի» հետ: Արսենին կտտանքների են ենթարկել, հիմա էլ դատում են: Նրան մեղավոր են ճանաչել մի բանի համար, ինչը նա չի գործել եւ ինչի մասին անգամ չի էլ լսել», -նշել էր Դավիթ Բաբայանը:

ԼՂՀ ՊՆ համաձայն` անկարգապահ վարքի տեր նախկին պայմանագրային զինծառայող Արսեն Բաղդասարյանը, վախենալով իր նկատմամբ դատավարությունից, փախել է Ադրբեջան: ԼՂՀ-ում նրա նկատմամբ ՔՕ մի քանի հոդվածներով քրեական գործեր են հարուցվել:

Ադրբեջանում նրա նկատմամբ դատավարությունը փակ անցկացվելու հետ պետք է նշել, որ սկզբում նրան ողջունել են եւ Բաքվի կողմից միջազգային համաձայնագրերը ոտնահարելու անբարոյական սովորության համաձայն, օգտագործել են քարոզչական նպատակով, իսկ հետո հանկարծակի հայտարարել են «հետախույզ»` նրա վրա դնելով մի շարք «մեղադրանքներ» եւ հանձնել դատարան:

Այս անգամ Բաքվում այնքան են խճճվել ստախոսության մեջ, որ վախենալով շինծու այդ գործի` սեփական լսարանի կողմից կասկածի տակ առնելու անխուսափելիությունից, որոշել են նրա նկատմամբ դատավարությունն անցկացնել փակ ռեժիմում: Ադրբեջանական քարոզչությունը նրան հասցրել էր ներկայացնել որպես «սահմանը կամավոր կերպով անցած», «երրորդ երկիր մեկնել ցանկացող», եւ «ադրբեջանական քաղաքացիություն տենչող» անձ: Հետո Բաքվում հիշել են Ստեփանակերտում դատապարտված իրենց երկու դիվերսանտների մասին, եւ որոշել են պատասխանել նույն կերպ` ներկայացնելով նրան իբր «դիվերսիոն խմբի անդամ»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20