Արմենուհի Սիսյան. «Խռռոցը»

axjik

Կիրակնօրյա ընթերցումներ. /Ժամանակակից պատմվածք/:

Խռռոցը սկսվում էր խորքից, համընթաց աճում էր ու պայթում ահագնորեն: Զարմանալի ճշգրտորեն կրկնվում էր նույնը, առանց տոնայնության ու ռիթմի դույզն-ինչ փոփոխման: Ասես կամերտոնով վերահսկվում էր ռիթմը. կատարյալ մի անկատարություն, ներդաշնակ մի կակոֆոնիա: Խե՜ղճ ականջ, թե արթուն է: Իսկ ականջը արթուն էր, թեև փափագում էր քնած լինել: Նա պատրաստ էր հրաժարվել իր երաժշտական կրթյալ լսողությունից, իր թմբկաթաղանթից, ձայնային տատանումներն ընդունող կարևորագույն ոսկրիկներից, որ պարունակում է իր ներքին ականջը: Այո՛, կցանկանար խու՜լ լինել… Դա ավելին էր, քան թնդանոթների համազարկը, քան պոռթկացող ամպերի որոտը, անհամար սմբակների միաժամանակյա դոփյունը…

Ականջը կին էր. գիտեր դիմանալ: Դիմանում էր հերոսաբար ու դիմադրում էր: Բայց այլևս անտանելի էր: Աստված վկա, այլևս անկարելի էր դիմանալ այդ անկիրթ հնչյունների վերուվարումին. մի խուլ ֆսսոց, հետո անհարկի ճոռթված մի լար, ու վարընթաց բղբղում էր անհայտ նոտաների մի խառնիխուռն շփոթ: Ու երբ խռռոցը հասնում էր իր մելոդիկ գագաթնակետին, թվում էր` ականջը ահա կխելագարվի… Ապա նույնը կրկնվում էր նորից ու նորից, ձգում գիշերի անվերջությունն իր փքուն առաձգականությամբ, ու գիշերը լուծվում էր խռռոցի անվերջության մեջ՝ վերածվելով խառնիճաղանջ մղձավանջի…

Սկզբում կինը փորձեց զգուշորեն շարժել նրան` ապարդյուն: Խռռոցն ավելի հզոր էր, քան շարժումը: Հետո փորձեց նույնը փոքր-ինչ ուժեղ. խռռոցն ընդամենը փոխարկվեց դժգոհ գռմռոցի ու նորից ընկավ իր հունի մեջ: Այս անգամ կինն ուղղակի հրեց: Վերջապես լռություն տիրեց: Օ,՜ աշխարհի ամենահրաշալի ձայնը լռությունն է… Ինչպիսի՜ կատարելություն… Կինը գգվանքով գլուխը դրեց տղամարդու ուսին, փարվեց շնորհակալ ու փակեց աչքերը: Մի քանի ձգված վայրկյան ու՝ խը՜ռռ… Պարզվեց, որ դադարը սոսկ նախապատրաստություն էր նոր, առավել կատարելագործված վարիացիայի: Այս անգամ խռռոցը նրա համար դարձավ իրական մի տղամարդ՝ կոշտ, հաստակաշի ու կարծր: Խռռոցը մեկ հոխորտանք էր ու սպառնալիք, մեկ՝ ծույլ անտարբերություն ու անըմբռնողություն: Կանացի ընդվզումը վերածվեց ազնիվ ինքնապաշտպանության, ու կինը սկսեց ցնցել տղամարդու ուսը, թիկունքը: Վերջինս մի պահ ետ եկավ, ականջը սրեց կնոջ բողոքներին, ապա, անհաղորդ շրջվելով, դարձյալ արձակեց իր հռնդյունը: Կինն անցավ բացահայտ ապստամբության. քաշքշում էր թևից, ցնցում ուսը: Վերջինս այդ պահին լռում էր, հաջորդ պահին դարձյալ նույնը՝ անհաղորդ կնոջ տքնանքին: Խռռոցն ընկել էր իր տարերքի լայնաշուրթ մածուցիկության մեջ, և այժմ տղամարդու բերանի խոռոչից դուրս էին մղվում տխեղծ, կենդանական ինչ-որ մշմշոցներ, ինքնաբավ ու հեղգ փնչոցներ: Խռռոցը շարունակաբար սղոցում էր ուղեղը իր կրկնության բութ վերարտադրողությամբ, ու զգայուն կինն ընկավ հուսահատության մեջ: Նյարդերը գերլարվեցին, հույզերը սրվեցին: Իր ապրած ողջ համատեղ կյանքը

տեղափոխվեց գիշերվա թատերաբեմ, պատկերվեց գիշերվա լույսով. ամեն բան եղել է ճիշտ այնպես, ինչպես հիմա է. տղամարդը երբեք էլ չի հասկացել իրեն, անընդունակ է եղել թափանցել ուրիշ տեսակի մեջ ու միշտ մնացել է իր խռռոցի սահմաններում՝ անբեկանելի ու ինքնաբավ: Սահմանափակ իր տարողության մեջ՝ երբեք չի տեսել իրենից դուրս և ոչ էլ ցանկացել է փորձել ավելին: Իր ջանքերը միշտ ապարդյուն են եղել, ու իրեն մնացել է լոկ դիմանալու դառնությունը, որը միայն թանձրանում էր տարիների հետ…

Խռռոցն արդեն ազդարարում էր տղամարդու համոզված իրավացիությունը: Այժմ այն անդրդվելիության համազարկ էր, սահմանափակության հաղթանակ: Sղամարդու ուժի հետ հաշտված կնոջը թվաց, թե միշտ էլ այդպես է եղել՝ ինքը մենակ, ցավն իր հետ, իսկ տղամարդը՝ քնած իր հանգստի տիրույթներում, ուր խլում էր նաև ի՛ր բաժին հանգիստը: Քունը կորցրած կինն ատեց գիշերը, իր ականջը խռռոցով լցնող տղամարդուն և հնազանդ իր տաժանակրությանը՝ ականջները խցեց բամբակով. ականջը չէր ուզում լսել խռռոց, ականջը կին էր…

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.