Գորիկ Հակոբյան. «Չկա վստահություն մեր իշխանությունների նկատմամբ»

- in Ով ով է ...

ՀՀ կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են Նաիրիտ գործարանի աշխատակիցները դարձյալ դժգոհ: Նա ասաց, որ կառավարությունը հատկացրել է աշխատավարձի պարտքի մարման գումարը, էլ ինչո՞ւ են դժգոհում նաիրիտցիները:

Երվանդ Զախարյանն ասաց, որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ մինչև հուլիսի 15-ը կվճարվի աշխատավարձի ամբողջ պարտքը: Աշխատավարձի պարտքը մոտավորապես 5 մլրդ 310 մլն դրամի սահմաններում է: «Եվ այսօր մենք արդեն հնարավորություն ունենք վճարելու այս գումարը: Հարցը հետևյալն է՝ մի շարք աշխատակացիների անունից դժգոհությունների ու բողոքի գրություններ էին գրվել իմ անունով և գործարանի բաժնետիրական ընկերության տնօրենի անունով՝ աշխատավարձի սխալ հաշվարկի հետ կապված: Այժմ ուսումնասիրություններ են կատարվում այդ աշխատավարձի ճշտումների ուղղությամբ: Իմ կարծիքով՝ մեկ-երկու օրերի ընթացքում, երևի այսօր-վաղը այդ աշխատանքները կավարտվեն: Որոշակի վճպարումների հետ կապված փասաթղթային ձևակերպումներ են, ձևն արդեն մշակվել է: Այսօրվանից գործընթացն սկսվում է: Մեր առաջարկությունը հետևյալն է, որովհետև դա որոշակի ժամանակ է պահանջում բոլոր փաստաթղթային ձևակերպումները կատարելու համար, յուրաքանչյուր խմբաքանակ հենց որ պատրաստ լինի ձևակերպումները, դրանք վճարեն: Այսինքն՝ վճարումները կարող են ձգվել տասը-տասնհինգ օր»,- ասաց Զախարյանը:

Նա նշեց, որ աշխատակիցների պահանջը այն է, որ վճարումները կատարվեն միանգամից: Միանգամից վճարելու համար, ըստ Զախարյանի, նաիրիտցիները ստիպված կլինեն տասը-տասնհինգ օր սպասել: «Որպեսզի այդքան չսպասեն, մենք առաջարկում ենք յուրաքանչյուր պատրաստ դիմումից հետո վճարումները կատարենք: Պահանջը դա է, այլ պահանջ չկա»,- ասաց նա:

Վարչապետն արձագանքեց. «Շատ բարդ գործ ընտրեցիք, շատ բարդ: Խոսքը նրանում է, որ ուղղակի փաստաթղթերը, ովքեր դժգոհություն ունեն, պարզաբանման անհրաժեշտութւուն կա, իրենք ասում են՝ բոլորն ավարտեն գործընթացը, մեր բոլորի գումարը միանգամից վճարեն»: Երվանդ Զախարյանը պատասխանեց. «Մենք էլ հայտարարում ենք, որ եթե բոլորը միասին վճարելու հարց կա, պետք է մի տասը-տասներկու օր սպասեն»:

Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ով դժգոհություն չունի, իրենք առաջարկում են, թող իր գումարն ստանա: Անսպասելի խոսակցությանը խառնվեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ով տեղից սկսեց խոսել խնդրի մասին: «Խոսափողին մոտիկ արեք, որ լսենք»,- ասաց վարչապետը:

Գորիկ Հակոբյանը հայտարարեց. «Երեկ հավաքվածների թիվը մոտ 500 էր, և քիչ չէր: Միակ առաջարկությունը սա է, որ՝ ուզում ենք փողն ստանալ միանգամից, բոլորով: Ինչի՞ համար: Մտածում են, որ դուք կվճարեք ինչ-որ 200 հոգու և փողը կվերջանա: Չկա վստահություն մեր իշխանությունների նկատմամբ, ասում են՝ կհասնեք 25-ը, կասեք փող չկա: Ով կարո՞ղ է ասի, որ բոլորը կստանան: Պետք է տալ գարանտիա, որ մինչև ամսվա վերջ բոլորը կստանան, համոզված եղեք, որ էլ չեն հավաքի: Օրինակ՝ վաղը գալու են էստեղ՝ կառավարություն»:

Վարչապետն ուղղեց Գորիկ Հակոբյանին՝ վաղը չեն գալու, այսօր արդեն եկել են: Երվանդ Զախարյանն ասաց, որ կարող են հայտարարել. «Եթե կոլեկտիվի անդամները պատրաստակամություն են հայտնում սպասել մինչև ամսվա վերջ, ապա մենք ամսվա վերջին միանգամից վճարումները կարող ենք կատարել: Չեն կարող սպասել, կլինեն աշխատակցիներ, որոնք կուզեն հիմա ստանալ, մենք պատրաստ ենք կատարել վճարումները: Երկու տարբերակին էլ համաձայն ենք»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20