Թուրքիան շտապ հետ է կանչում արձակուրդում գտնվող զինվորականներին ու բանակցում Պուտինի հետ

- in Միջազգային
Turkey

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը Սիրիայի հետ սահմանում իրավիճակի սրման հետ կապված արձակուրդներից հետ է կանչել երկրի հարավարեւելքում տեղակայված դաշտային 2-րդ եւ 3-րդ բանակների հրամանատարական անձնակազմին:

Արձակուրդներից հետ կանչելու մասին հրամանը վերաբերում է նաեւ Թուրքիայի այլ շրջաններում ահաբեկչության դեմ պայքարում զբաղված ստորաբաժանումների անձնակազմերին:

Վերջին օրերին Թուրքիայում իրավիճակը սրվել է: Երեկ Սիրիայում գործող «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման 5 մարտիկներ նռնականետերից եւ ավտոմատ զենքերից կրակ են բացել Թուրքիայի սահմանային Քիլիսի նահանգի սահմանապահ ուղեկալի վրա: Արդյունքում մեկ զինվոր զոհվել, երկուսը վիրավորվել են: Դիարբեքիրում ռազմական ավտոմեքենայի պայթեցման արդյունքում 2 զինվորներ զոհվել, 4 զինծառայողներ էլ վիրավորվել են: Միջադեպի հետ կապված թուրքական բանակը հատուկ գործողություններ է սկսել գործի դնելով ռազմաօդային ուժեր:

Անցալ շաբաթվա սկզբին Սիրիայի հետ սահմանային Ուրֆայի նահանգի Սուրուջ քաղաքում քրդական երիտասարդական կազմակերպության միջոցառման ժամանակ հզոր պայթյունի հետեւանքով 32 մարդ զոհվել, 100-ից ավելի մարդ էլ վիրավորվել էր: Թուրքիայի պաշտոնական շրջանակներն այդ պայթյունի պատասխանատվությունը դրել են ԻՊ-ի վրա:

Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայում վերջին շրջանում տեղի ունեցած ահաբեկչությունները և դրանց դեմ իրականացված գործողությունները: ՌԴ նախագահի հետ զրույցում Էրդողանը նշել է, որ Սիրիայի ներսում տեղի ունեցող քաոսային իրավիճակը սպառնալիք է Թուրքիայի ազգային անվտանգությանը: Թուրքական կողմի նախաձեռնությամբ իրականացված հեռախոսազրույցը տևել է շուրջ 20 րոպե: Նշվում է, որ Սիրիայի հարցում կողմերն ունեցել են տարակարծություններ: Կողմերը պայմանավորվել են նոյեմբերին Անթալիայում կայանալիք G-20 հավաքի ժամանակ հանդիպել և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Թուրքիայի ահաբեկչություններն ու դրանց դեմ պայքարի հարցը քննարկվել է նաև իրաքյան կողմի նախաձեռնությամբ իրականացված հեռախոսազրույցում: Շուրջ 30 րոպե կողմերն առանձնահատուկ տեղ են տվել Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարի մասին քննարկումներին: Մասումն ընդգծել է, որ քուրդ զինյալների գործողությունները վնասում են տարածաշրջանի անվտանգությանը, իսկ Էրդողանը կոչ է արել քուրդ զինյալներին վայր դնել զենքերը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20