Հայաստանն «Իսկանդեր Մ»-ի փող չունի, ռուսները չեն էլ վաճառի

- in Կեղտոտ լվացք
Zenq

Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանձնարարականը՝ սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ կրակ բացելու ուղղությամբ եւ Իլհամ Ալիեւի հայտարարությունները համարում է ներքին լսարանի համար արվող պրոպագանդիստական մեսիջներ եւ ուժի ցուցադրության փորձեր:

«Ուզում են ցույց տալ, որ ուժեղ են, որ սահմանամերձ բնակավայրերում ուժեր կան կենտրոնացված, որը կարող է հարձակվել մեզ վրա, որպեսզի մենք անհանգստանանք: Որոշել են մեզ լարվածության տակ պահել: Եթե ինձ հարցնում եք, թե կլինի՞ էսկալացիա, կլինեն ռազմական գործողություններ, ապա ես կասեմ՝ ոչ: Նախ որ նրանք պատրաստ չեն պատերազմի: Բացի այդ, ռազմական գործողությունը ոչ մի երկիր միայնակ չի սկսում: Եթե ադրբեջանցիները վստահ լինեին, որ հաղթանակ կտանեն, թուրքերը նրանց վաղուց կասեին՝ առաջ: Ադրբեջանցիներն ամեն տարի կազմակերպում են զորավարժությունների երեք տարբերակ, եւ բոլոր այդ զորավարժությունները ցույց են տալիս, որ նրանք, այսպես ասենք՝ դեռեւս պատրաստ չեն մարտական գործողությունների: Բացի այդ, նրանց ոչ մեկը չի թողնի ռազմական բախման, չեն թողնի ամերիկացիները, չի թողնի Թուրքիան: Թեեւ Ալիեւն ավանտյուրիստ է, կարող է գնալ ավանտյուրաների, բայց ես վտանգ չեմ տեսնում»,-Lragir.am-ի հետ զրույցում նշել է Արկադի Տեր Թադեւոսյանը:

Նախորդ տարի օգոստոսին եւս Ադրբեջանը սանձազերծեց կարճատեւ պատերազմ, որը մեր զինված ուժերը կարողացան պատվով հաղթահարել: Տեր-Թադեւոսյանը նշում է, որ եթե դարձյալ Ադրբեջանը փորձեր անի իրավիճակն ապակայունացնելու, ի տարբերություն նախորդ տարվա, մեր զինծառայողները հակահարված կհասցնեն:

Հիշեցնենք, 2015թ. հունվարին պաշտպանական համակարգի հրամանատարական ու կառավարման բոլոր մակարդակներում նոր հայեցակարգ ներդնելու որոշում կայացվեց, համաձայն որի հայկական կողմը պետք է որոշ դեպքերում նախահարձակ լինի՝ չսպասելով հակառակորդի գործողություններին։ Սա, ըստ Արկադի Տեր-Թադեւոսյանի, կզգոնացնի հակառակորդին. «Այն ժամանակ ադրբեջանցիները շատ հանգիստ էին, գիտեին, որ հայկական զինուժը նախահարձակ չի լինի, չի պատասխանի, բայց երբ խփեցին ուղղաթիռը, փոխվեց մեր ներքին ռազմական քաղաքականությունը: Հիմա կա հակահարված հասցնելու, նախահարձակ լինելու հրաման, որից հետո նրանք սկսեցին ամրացնել իրենց սահմանները: Պատերազմը կեղտոտ, հակամարդկային երեւույթ է: Պատերազմի դեպքում, իհարկե, մեր երիտասարդները կզոհվեն, բայց դրա հետ մեկտեղ, մենք կհաղթահարենք այդ բոլոր դժվարությունները, որովհետեւ այդ պատերազմը մենք կհաղթենք: Դա կլինի կորուստների եւ դժվարության գնով, բայց Ադրբեջան որպես այդպիսին այլեւս չի լինի»,- եզրափակեց Արկադի Տեր-Թադեւոսյանը:

Հայաստանը ինչպես հայտնի է, Ռուսաստանից 200 միլիոն դոլարի վարկ է վերցնելու՝ ռուսական արտադրության նորագույն սպառազինություններ գնելու նպատակով: Հատկապես խոսք է գնում «Իսկանդեր-Մ» տեսակի հրթիռային համակարգեր ձեռք բերելու մասին: Արկադի Տեր Թադեւոսյանը սակայն թերահավատորեն է վերաբերվում այս գործարքի մասին խոսակցություններին:

«Իսկանդեր-Մ»-ը շատ թանկ զինատեսակ է, գումարը չի բավականացնի «Իսկանդեր» ձեռք բերելու համար: 200 մլն-ը քիչ է այդ զենքն ունենալու համար: Ես կասկածում եմ, որ մենք կունենանք «Իսկանդեր Մ»: Այն մի ամբողջ համակարգ է՝ մի քանի կոմպլեքսներից բաղկացած: Այդ գումարը միանշանակ քիչ է: Բացի Ռուսաստանից ոչ մի երկիր չունի «Իսկանդեր-Մ»: Նրանք դա չեն վաճառի»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20