ՀԷՑ-ը շարունակում է հերքել ընկերության վաճառքի վերաբերյալ լուրերը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դեռևս չի հաստատում ընկերության վաճառքի վերաբերյալ շարունակվող խոսակցությունները:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից հետո լրատվամիջոցները փորձեցին զրուցել ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի հետ, սակայն նա, խուսափելով լրագրողների հերցերից, հեռացավ դահլիճից` հորդորելով հարցերն ուղղել մամուլի քարտուղարին, տեղեկացնում է Արմենպրեսը:

ՀԷՑ-ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանն էլ նշեց, որ ներկա պահին բանակցություններ չեն տարվում ընկերության վաճառքի շուրջ: Այն հարցին, թե ՀԷՑ-ի սեփականատեր «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկն օրերս ելույթներից մեկում չէր բացառել ՀԷՑ-ի վաճառքը, Նատալյա Սարջանյանը պատասխանեց. «Պարոն Կովալչուկը նշել է, որ «Ինտեռ ՌԱՕ»-ն պատրաստ է գնել և վաճառել ցանկացած ակտիվ` իրեն համապատասխան գին առաջարկելու դեպքում»: Սակայն նա չհաստատեց, որ խոսքը վերաբերում է հենց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությաՍ վաճառքին:

Խոսելով անցկացվելիք աուդիտի մասին` Սարջանյանն ասաց, որ ներկա դրությամբ տեխնիկական առաջադրանքի վրա են աշխատում, իսկ դրանից հետո կհայտարարվի մրցույթ և կորոշվի աուդիտ անցկացնող ընկերությունը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20