Ձմռան մի գիշեր

Պատմեմ Վարդգես Պետրոսյանի մասին:

1992 թվականի հունվարն էր: Ծանր տարի, ծանր ձմեռ: Մի օր Արարատի գործկոմի նախագահը զանգեց խմբագրություն, խնդրեց անցնել իր մոտ: Գնացի: Նրա աշխատասենյակում՝ գրասեղանի մոտ նստած էր Վարդգես Պետրոսյանը: Նախագահն ասաց, որ գրողը եկել է՝ Զանգակատուն մեկնելու համար, որտեղ պիտի նշվեր Պարույր Սևակի ծննդյան օրը: Անհրաժեշտ էր նրան մի մեքենայով գյուղ հասցնել ու ետ բերել:

Անկեղծ ասած, մի փոքր շփոթվեցի: Այդ պահի համար գրեթե խելահեղության հավասարազոր բան էր մենակ Երևանից գալն ու Սովետաշեն գնալը՝ գրական երեկույթի մասնակցելու համար: Մյուս կողմից էլ՝ մտածում էի, թե Սևակի գյուղը, որ այդ օրերին նույնպես հրակոծությունների թիրախ էր, հազիվ թե պատրաստ լիներ տարելից նշելու կամ հյուրեր ընդունելու: Բայց դեպքն առարկելի չէր, համաձայնեցի:

Մեր ունեցած մեքենան կիսաքանդ մի «Ռաֆ» էր: Դրանով էլ ճամփա ընկանք: Դրսում ձյունն անդադար տեղում էր: Սրահում սաստիկ ցուրտ էր: Ճանապարհի մի հատվածը, որ անցնում էր անմիջապես սահմանի երկայնքով, թշնամու նշանառության տակ էր, և այդպես՝ տագնապով, դողով, խոսքուզրույցով գնում էինք:

Տեղ հասանք, երբ արդեն մութ էր: Գյուղի փողոցներն ամայի էին: Խավարի մեջ ոչ մի շունչ չկար: Գնացինք դեպի ակումբի շենքը: Ներս մտանք, բացեցինք դահլիճի դուռն ու անշարժացանք շեմքին: Ամբողջ գյուղը՝ մեծից փոքր, այնտեղ էր: Լույսերը վառվում էին, անկյունում դրված վառարանն ուրախ ճարճատում էր, բեմին Սևակի հսկա դիմանկարն էր ու մինչև առաստաղ լցված սպասում կար: Պետրոսյանին տեսնելուն պես հավաքվածները ոտքի կանգնեցին, ծափերով ողջունեցին նրան և անմիջապես բեմ առաջնորդեցին:

Ու խոսեց Վարդգես Պետրոսյանը: Երբեք չեմ կարողանա գոնե մոտավոր վերարտադրել նրա արտասանած մտքերը: Բայց դա փայլուն խոսք էր, անկեղծ ու լուսավոր պոռթկում: Վերարկուով փաթաթված նրա փոքրիկ մարմինի մեջ թպրտում էր երկրի անհանգիստ ջիղը, ձայնի հնչերանգը պոետիկ մարտակոչ էր, շարժումների մեջ զորություն կա, որ պատրաստ էր տալ ընկճվածներին, բայց և գիտակցումը կար, որ ուժը միայն բառերի մեջ լինել չի կարող…

Խոսում էր նա, իսկ մենք բոլորս մի հրաշալի խաբկանքի մեջ էինք հայտնվել: Չկար ոչ պատերազմ, ոչ ձմեռ, ոչ տագնապ, ոչ հուսալքություն: Կար մի փոքրիկ, վառարանի պես շիկացած աշխարհ՝ լի բանաստեղծությամբ, հույզերի գերագույն թռիչքներով, մեծ արվեստի առաջ խոնարհումով, և այդ աշխարհն անհնար էր նվաճել:

Այդպես էլ նա մնաց իմ հիշողության մեջ:

Հովիկ Չարխչյան; Facebook

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.