Ռուսաստանը վաղ է տոնում հաղթանակը

- in Վերլուծական
Putin

Ռուսաստանը վաղ է տոնում հաղթանակը, հայերը նույնպես: Ռուսաստանն աշխարհում մեկուսացվում է, բայց ոչ Եվրասիան, իսկ Ռուսաստանի վասալները պետք է սպասեն եթե ոչ նոր հեղափոխություններ, ապա նոր աղետներ:

ԱՄՆ-ն փորձարկել է Եվրասիան սպասումներով, եւ այդպիսով էքսպերիմենտ իրականացրել, թե որքանով են Ռուսաստանը եւ նրա վասալներն ընդունակ դիմանալ ուժեղացող կոլապսին:

Ռուսական էքսպանսիան Արեւմտյան հանրության համար դարձել է առավել քան վտանգավոր ու տհաճ, եւ եկել է ոչ միայն Ռուսաստանի, այլեւ նրա վասալների շրջափակման ու մեկուսացման ուժեղացման նոր փուլին ձեռնամուխ լինելու ժամանակը:

Ռուսաստանի հաղթանակը վասալ երկրների հանդեպ չի նշանակում ինչ որ խոշոր հաղթանակ, այլ ընդամենը ցույց է տալիս, թե ինչ կերպ է հնարավոր էքսպերիմենտը եվրասիական գաղութացման գաղափարի հարցում: Ներկայում եվրասիականության ապոլոգետները ձեւ են անում, թե իրենց գաղափարը հաղթել է, եւ կարելի է տոնել այն: Սակայն այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանում ու նրա շուրջ, ոչ մի առնչություն չունի եվրասիական հայեցակարգի հետ:

Պատմական ներկայիս ժամանակաշրջանում ռուս ժողովրդի հատկությունների ու մենթալության մեջ տեղի են ունենում փոփոխություններ: Ռուս ժողովրդի ազգային առաջնահերթություններն էապես փոխվել են, եւ ժողովուրդը ավելի հակված է էպիկուրյան տրամադրությունների, այդպիսով նմանվելով այնպիսի ժողովուրդների, ինչպիսիք են հույները կամ վրացիները:

Դրանում որեւէ վատ բան չկա, նման ժողովուրդները լի են ազնվազարմությամբ, սակայն դրանք արդեն էթնոսներ չեն, որոնք ձգտում են ստեղծել կայսրություն: Այդ պետությունները բացարձակապես շահագրգռված չեն գլոբալ կամ տարածաշրջանային դիրքերը պաշտպանելու հարցում, առավել եւս կատարել այլ, փոքր ժողովուրդների անվտանգության ապահովման երաշխավորի գործառույթներ:

Ռուսական հասարակության որոշակի մասի փորձերը՝ իրականացնել սեփական հավակնությունները, որոնք չէին կարող լինել մեծամասնության առաջնահերթությունը, Ռուսաստանին հանգեցրել են օլիգարխիկ-կլանային տիպի սովորական պետության:

Ռուսական ներկայիս պետությունը բավական հետամնաց է սոցիալական ու տնտեսական պլանում, ընդունակ չէ յուրացնել առաջատար տեխնոլոգիաները, կորցրել է իր գիտա-տեխնիկական պոտենցիալի նշանակալի մասը: Գիտության եւ տեխնիկայի մասնագետները լքում են երկիրը, նրանց հետ միասին երիտասարդները, ովքեր ընդունակ են կառավարման եւ բիզնեսի առաջավոր ձեւերին:

Ամեն տարի Ռուսաստանում ՄԻԱՎ-ՁԻԱՎ-ով հիվանդանում է մոտ 24 հազար մարդ, չխոսելով արդեն թմրամոլության ու ալկոհոլիզմի մասին: Ներկայիս Ռուսաստանը հետամնաց երկիր է, եւ դա խոստովանում են երկրի լավագույն մարդիկ, ովքեր մեկուսացված են սեփական երկրում:

Ոչ մի ազգ, ով իր մեջ եվրասիական հետամնացությունը հաղթահարելու ուժ է զգում, չի համաձայնվել դառնալ Ռուսաստանի վասալը: Ռուսաստանի վասալներ են դարձել այն ազգերը, ովքեր կորցրել են պատմական լավատեսությունը, հրաժարվել քաղաքական ինքնուրույնությունից ու պետականությունից:

Այսպես թե այնպես, Ռուսաստանի համար վասալներն արդեն դարձել են կամ դառնալու են անտանելի բեռ, որը ստիպված է պարբերաբար դոտացիաներ տալ նրանց, այլապես այդ երկրներին սպասվում է մթերային ու էներգետիկ սով:

Հայաստանում նկատվում է հանրային լիակատար դեգրադացիա: Մարդկանց խմբերը, որոնք հավակնում են քաղաքական դասի դերին, իրենցից ներկայացնում են դեգրադացված մարդիկ, որոնք ընդունակ չեն հասկանալ, թե ինչ է սպասվում հայ ժողովրդին: Հասարակական ու իշխանական կյանքի մակերեսին մնացել են մարդիկ, ովքեր ընդունակ են ընդամենը գոյատեւման ու անձնական շահերի պաշտպանության:

Հայաստանում արդեն չկան աշխատանքային ռեսուրսների կրիտիկական զանգվածներ, որոնք ընդունակ են ապահովել տնտեսական ակտիվությունը եւ գիտության ու արտադրության քիչ թե շատ առաջատար ոլորտների զարգացումը: Երկրում գործնականում մահացել է կրթությունը, նոր սերունդները զրկված են քաղաքական ու հասարակական ակտիվության կարեւոր մոտիվներից: Երիտասարդ սերունդը գերադասում է սեփական տնտեսական խնդիրների լուծման անհատական մեթոդները: Ներկայիս սերունդները զուրկ են կոլեկտիվիզմի ու խնդիրների սոցիալական լուծման որեւէ զգացումից:

Հայաստանի պահվածքն արտաքին քաղաքական ասպարեզում հանգում է Ռուսաստանի շահերի սպասարկմանը, որի դիմաց տեղ է ստանում այն պետությունների ֆորմալ ժողովներում, որոնք բացարձակապես շահագրգռված չեն Հայաստանի գոյությամբ:

Եվրասիայի շատ ժողովուրդների ներարկել են այն հիմար միտքը, թե իբր աշխարհում տեղի է ունենում առաջատար պետությունների ու հասարակությունների ռոտացիա, եւ ձգտումը դեպի Արեւելք ժողովուրդներին կհանի առաջատար դիրքեր: Արդյոք Արեւելքի առաջատար ազգերը շահագրգռված են փոքր ազգերի ու պետությունների զարգացմամբ ու ընդհանրապես գոյությամբ:

Քիչ չեն դատողությունները համաշխահային քաղաքական ու տնտեսական պակտիկայի ունիվերսալիզմի մասին, ըստ որի փոքր ազգերը կարող են հասնել նույն դիրքերին, ինչ ասենք Չինաստանը, Ճապոնիան, Կորեան: Եթե այդ հույսերն արդարանային, անցած 20 տարիների ընթացքում որոշ երկրներ կարող էին հասնել որոշակի ցուցանիշների:

Կարելի է բերել նման հաջող երկրների օրինակներ Կենտրոնական Ասիայում: Առաջացել են տնտեսական հաջողության ընդամենը որոշ օազիսներ՝ նավթա-գազային սոցիումների, կամ բարձրտեխնոլոգիական խմբերի տեսքով, օրինակ՝ Հայաստանում, որոնք ոչ մի կերպ չեն ազդում երկրի զարգացման վրա:

Ըստ էության, ստեղծվել է կադրերի ու կապիտալի արտահոսքի ցատկահարթակ: Նույնիսկ Ռուսաստանն ի վիճակի չէ ընդունել տեխնոլոգիաներ Հեռավոր Արեւելքի ու Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներից: Փողն ու տեխնոլոգիաներն առանց սոցիալական ու իրավական խնդիրների լուծման դեռ ոչ մի տեղ որոշիչ չեն եղել զարգացման համար:

Չինաստանը ներկայում օգտագործում է Ռուսաստանը որպես հավասարակշռող գործոն համաշխարհային մրցակցության մեջ, եւ շատ շուտով այդ դերը ճանաչվելու է համաշխարհային հանրության կողմից:

Ի՞նչ մոդել է առաջիկայում սպասվում Ռուսաստանին: Սաուդյան Արաբիա կամ Քուվե՞յթ: Իհարկե ոչ, թեեւ Ռուսաստանում նավթ ու գազ շատ կա: Ռուսաստանը գնում է Նիգերիայի ճանապարհով, որտեղ կան նավթի զգալի պաշարներ եւ մեծ բնակչություն: Այս մոդելն իրեն զգացնել կտա կրթության, տնտեսության ու զինված ուժերի ոլորտներում:

Ինչի՞ է վերածվելու Հայաստանն այս դեպքում:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20