Փայլակ Հայրապետյանը դատարանում պնդեց օֆշորային սկանդալին նախկին վարչապետի և Կճոյանի առնչությունը

- in Իրավունք
Paylak Hayrapetyan

Օֆշորային հայտնի սկանդալային գործով այսօր դատարանում ցուցմունք տվեց գործով տուժող ճանաչված գործարար Փայլակ Հայրապետյանը:

«Փաստինֆո». Նա պատմեց, որ 2009 թ. որոշել է զբաղվել ադամանդագործությամբ ու ոսկերչությամբ: Նույն թվականին, տեղեկանալով, որ ռուսական 500 մլն-անոց վարկի 100 մլն-ը լինելու է ադամանդի հումքի ձևով, ադամանդի արտադրություն հիմնելու, ադամանդագործության ուսումնական կենտրոն բացելու և 10 000 աշխատատեղ ստեղծելու ծրագիր է մշակել ու ներկայացրել կառավարությանը:

Շատ չանցած էկոնոմիկայի նախարարության Առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանը զանգահարել է իրեն ու հրավիրել ադամանդագործների խորհրդակցությանը, որտեղ էլ, իր խոսքով, առաջին անգամ հանդիպել է այժմ ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանին:

Չի ճանաչել ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանին: Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գործով առաջին դատական նիստին ցուցմունք տալիս ասաց Փայլակ Հայրապետյանը:

«Վերևում նստած էր նախարար Ներսես Երիցյանը, մի կողքին Գագիկ Քոչարյանը, մյուս կողքին Աշոտ Սուքիասյանը, որին այդ ժամանակ բոլորովին չէի ճանաչում, բոլորովին»,- ասաց Փայլակ Հայրապետանն ու նշեց, որ այդ խորհրդակցության ժամանակ Գագիկ Քոչարյանը հայտնել է, թե ռեուսական հումքը որակյալ չէ, և որոշվել է գնել Աշոտ Սուքիասյանին պատկանող, Աֆրիկայում գտնվող հանքերի հումքը:

«20 օր հետո բերեց նմուշները, փակ ծրարով, Քոչարյանը ծրարը բացեց, լցրեց սեղանին դրված թղթի վրա: Բոլորը հավանեցին, ես մասնագետ չեմ, բայց ասում էին, որ լավն է: Բոլորը անկեղծորեն ուրախացան, որ արդեն ապրանքը կա, նմուշը եկել է: Ես էլ սկսեցի վստահել իրեն, նույնիսկ սեղան գցեցի, նշեցինք էդ հաջողությունը»,- պատմեց տուժողը՝ հենց այդ վստահությամբ պայմանավորելով իր հետագա քայլերը:

Նոր գործի համար վարկ ստանալու նպատակով իրենք դիմել են «Արմսվիս» բանկ, սակայն հինգ օր հետո Աշոտ Սուքիասյանը զանգահարել ու ասել է, թե բանկը չի կարողացել 12 միլիոն դոլարի վարկ տալ, և որ ինքը հիմա վարչապետի հետ գտնվում է «Ամերիաբանկ»- ում: Հայրապետյանը, վստահելով Աշոտ Սուքիասյանին, լիազորագիր է տվել նրան: Նա էլ իրականացրել է բանկի հետ հետագա գործարքները՝ առանց Հայրապետյանի:

Այս գործարքից ամիսներ անց, սակայն, հասկացել է, որ խաբված է: «Երբ որ տեսա ապրանքը չի գալիս, ասացի՝ Աշոտ ինչո՞ւ չի գալիս: Ասաց՝ տեխնիկան դեռ տեղ չի հասել, մինչև Հարավային Աֆրիկայից հասնի, երկու-երեք ամիս կանցնի: Ես զգացի այդ պահին, որ խաբված եմ, դրանից հետո հաճախ էի գնում նրանց տուն, թե ի՞նչ եղավ, ե՞րբ կլինի: Այդ ընթացքում մահացավ նրա հայրը, մեր հայկական սովորությունները գիտեք՝ թաղում, քառասունք, նա գնաց Աֆրիկա, եկավ, հետո մահացավ մայրը, եւ այդպես հասավ հունվար ամիսը»,- ասաց Փայլակ Հայրապետյանը:

Իսկ նոր ծանոթի նկատմամբ նման վստահությունը Փայլակ Հայրապետյանն այսպես մեկնաբանեց. «Վստահել եմ, որովհետև այնտեղ վարչապետ կար, Կճոյան կար, սրբություններ կային: Մտնում էինք Աշոտենց տունը, Սուրբ Սարգսի խաչն էր դրված, մոմ պիտի վառեինք, խաչ համբուրեինք: Սա իրեն սրբի տեղ էր դրել, սրբի գրքեր էր բաժանում, ճիշտ «Խաչագողի հիշատակարանի» պես էլ ինձ խաբեց»:

Մի օր էլ տանը նստած է եղել, զանգահարել ասել են, որ «40 միլիցիաներով, զենքով-զրահով եկել են խանութը գրավել», իսկ պատճառը բանկին չվճարված գումարն է: Երբ զանգահարել է Աշոտ Սուքիասյանին, նա խոստացել է վաղը 100 000 դոլար վճարել, բայց սա միայն սկիզբն է եղել: Դրանից հետո Փայլակ Հարյապետյանն աստիճանաբար կորցրել է գրավադրված ամբողջ ունեցվածքը:

«Ամեն անգամ հենց զանգում էի իրեն, թե գալիս եմ խոսենք, գնում էի իրենց տուն, տեսնում Կճոյանը այ այստեղ նստած է,- ասաց Հայրապետյանը՝ մատնացույց անելով սեղանի կողմը,- առանց զանգելու էի գնում, 5 րոպե հետո Կճոյանը գալիս էր: Դե էլ Կճոյանի ներկայությամբ ի՞նչ խոսեի»:

«Ինձ թվում էր, թե ես պետական այրերի հետ գործ ունեմ, սրբությունների հետ գործ ունեմ»,- հայտարարեց տուժողը՝ հավելելով, որ եղելությունը պարզելու համար հասել է անգամ Աֆրիկա՝ Սիերա Լիոնե:

Փայլակ Հայրապետյանը դատարանում հայտարարեց, որ այս գործում Աշոտ Սուքիայանից բացի պետք է ներգրավվեն նաև Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանն ու նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ դժգոհություն հայտնելով, թե այդ մասով գործն անջատվել է դատարան ուղարկված գործից:

«Վերջը մի օր մենք պիտի կանչենք, ասենք՝ այ ընկեր, եկեք տեսնենք էս ի՞նչ եք արել»,- ասաց նա՝ հավելելով, որ հենց այդ գործն է պատճառը, որ Հայաստանում դրսից ներդրումները 68%-ով կրճատվել են:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20