ԱԱԾ-ն տեղեկատվություն չունի Թուրքիայի երկու դատախազների` Հայաստան մուտք գործելու մասին

AAC

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկատվություն չունի Թուրքիայի երկու դատախազների` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու մասին: «Մենք նման տեղեկատվություն չունենք»,- «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Թուրքական լրատվամիջոցները օգոստոսի 11-ին տեղեկություն էին տարածել այն մասին, թե իբր նախկին դատախազներ Զեքերյա Օզը և Ջեմալ Քայան, ում ձերբակալելու մասին որոշում էր կայացվել օգոստոսի 10-ին, թուրք-վրացական Սարպիի անցակետում հատել են սահմանը և մտնել են Վրաստան, իսկ այնտեղից էլ՝ Հայաստան: Նման տեղեկատվություն թուրքական «Անադոլու» գործակալությանը հայտնել էր Արդվին նահանգի նահանգապետ Քեմալ Ջիրիթը: Նախկին դատախազներ Զեքերիա Օզը և Ջեմալ Քայան Թուրքիայում նախ հեռացվել էին իրենց պաշտոններին, այնուհետև քրեական հետապնդման էին ենթարկվել, երբ սկսել էին վարել 2013 թվականի դեկտեմբերին բացահայտված «Մեծ կաշառք» գործը, որին խառնված էին երկրի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նրա որդին՝ Բիլալ Էրդողանը, ինչպես նաև չորս նախարար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20