Անհայտ անձինք հարձակվել են Ստամբուլի հայկական որբանոցի տարածքը հսկող երիտասարդների վրա

Turkey

Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող և «Արմեն ճամբար» անունով հայտնի հայկական որբանոցի պահպանման նպատակով կազմակերպվող դիմադրության 100-րդ օրը շինության տարածքը հսկողների վրա անհայտ անձինք ռասիստական հարձակում են գործել: 

Դիմադրության կազմակերպիչ «Նոր Զարթոնք» նախաձեռնության հեղինակները հայտարարություն են տարածել, որում հայտնել են, որ օգոստոսի 13-ի գիշերը` 23.30-ին անհայտ անձինք երեք մեքենաներով եկել են որբանոցի տարածք և «Քամփ Արմեն»-ում հերթապահող երկու անձի ծեծի են ենթարկել:

«Նոր Զարթոնք» նախաձեռնության անդամները վստահեցրել են, որ ցեղասպանական գիտակցության ապացույցը հանդիսացող այս հարձակումը չի կոտրի իրենց դիմադրությունը: «Հայտնում ենք հասարակությանը, որ «Արմեն ճամբարի» դիմադրությունը նույն վճռականությամբ շարունակելու ենք: Եվս մեկ անգամ կոչ ենք անում մեր բոլոր ընկերներին աջակցել « Արմեն ճամբարի» դիմադրությանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Թեպետ Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից առաջ հայկական որբանոցի ներկայիս սեփականատեր Ֆաթիհ Ուլուսոյը հայտարարեց, որ այն նվիրաբերելու է Գեդիքփաշայի հայկական եկեղեցուն, սակայն մինչ այժմ այս ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել:

Գեդիքփաշայի հայկական որբանոցին կից «Արմեն ճամբար» ամառային որբանոցը կառուցվել է հայ որբերի աշխատանքով: Ճամբարում բնակվող երեխաները մասնակցել են շինարարական աշխատանքներին: Նրանք ավազ են կրել ծովից, որով էլ կառուցվել է այն: «Արմեն ճամբար» որբանոցը թուրքական պետության որոշումով փակվել է 1983 թվականին: Իշխանությունները երբեք թույլ չեն տվել որբանոցի վերանՍ րոգում, ինչի պատճառով այն անմխիթար վիճակում է: Թուրքիայում 2011թվականին օրենք է ընդունվել ազգային փոքրամասնություններին պատկանող հիմնադրամների` 79տարի բռնագրավված անշարժ գույքը վերադաձնելու մասին, սակայն, Գեդիքփաշայի հայկական որբանոցին կից այդ ամառային ճամբար-մանկատունը չի ընդգրկվել օրենքով վերադարձման ենթակա գույքի ցուցակում:

Ստամբուլում մայիսի 6-ին բուլդոզերները և հատուկ մեքենաները սկսել են քանդել հայ որբերի «Արմեն ճամբար» ամառային որբանոցը: Դրա դեմն առնելու նպատակով Թուրքիայում գործունեություն ծավալող մի շարք կազմակերպություններ և պարզապես անհատներ շտապել են այնտեղ` կասեցնելու որբանոցի շենքի կործանումը: Ներկայում որբանոցի շենքի քանդումը մասամբ դադարեցված է: Շինության վրա տ արբեր պաստառներ են փակցված և գրություններ են արված: «Արմեն ճամբար»-ի տարածքում մշտական մարդկային հերթապահություն է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20