Անվերջ նվիրման ու հավատարմության սիրո նամակ

Canotutyun

Մեր օրերում, երբ սերը սառել է, իսկ անձնվեր հավատարմություն ասված արժեքը՝ մնացել  տարիների փոշու տակ, հիասքանչ է լսել անվերջանալի սիրո և լիակատար նվիրման մասին պատմություններ:

Յուրքանչյուր ոք առանձնահատուկ է վերապրում սեր ասված զգացողությունը: Ստորև ներկայացնում ենք ականավոր ամերիկացի գիտնական Ռիչարդ Ֆեյնմանի սիրո նամակն իր կնոջը…

Ռիչարդն ու Առլինը սիրահարված են եղել վաղ տարիքից: Նշանվել են տասնինը տարեկանում: Իսկ ամուսնանալիս` Առլինն արդեն լուրջ հիվանդ էր:

Ռիչարդը անձնվեր կերպով հոգ էր տանում կնոջ մասին, սակայն Առլինը մահացավ… իրեն այնքան շատ սիրող ամուսնու ձեռքերի մեջ: Առլինի մահից խոր ցնցում ապրած Ֆեյնմանը նամակ է գրում կնոջը՝ նրա մահից տասնվեց ամիս անց, դնում նամակը ծրարի մեջ և դրոշմում այն:  Ծրարը բացվում է քառասնուերեք տարի անց՝ գիտնականի մահից հետո: Այն այնքան ճմռթված և մաշված էր՝ կարծես այդքան տարի գրպանում պահված լիներ:

Ահա Ֆեյնմանի սիրո նամակը Առլինին.

«Թանկագի՛ն Առլին, պաշտում եմ քեզ, սիրելի՛ս:

Գիտեմ, թե որքան ես սիրում լսել այս խոսքերը, սակայն ես գրում եմ ոչ միայն քեզ ուրախացնելու համար, քանզի այս խոսքերը իմ հոգին էլ լցնում են ջերմությամբ: Այնքան վաղուց քեզ չեմ գրել՝ գրեթե երկու տարի: Բայց գիտեմ, որ կներես ինձ՝ համառ պրագմատիկիս:

Մտածում էի, որ ոչ մի իմաստ չկա քեզ գրելուս մեջ: Բայց հիմա, իմ թանկագի՛ն կողակցուհի, գիտեմ, որ պետք է անեմ այն, ինչն այնքան երկար եմ հետաձգել և ինչն այնքան հաճախ արել եմ անցյալում: Ուզում եմ ասել, որ սիրում եմ քեզ ու միշտ սիրելու եմ:

Մտքով դժվար է պատկերացնել մահվանիցդ հետո քեզ սիրելը, բայց ես մինչ օրս ցանկանում եմ պաշտպանել քեզ և հոգ տանել քո մասին: Ցանկանում եմ, որ դու նույնպես սիրես ինձ և հոգ տանես իմ մասին: Ուզում եմ քեզ հետ զբաղվել բազմաթիվ բաներով, քեզ հետ քննարկել խնդիրներս: Մինչ այս պահը մտքովս էլ նման բան չէր անցնում: Բայց չէ՞ որ մենք միասին այնքան բան կարող ենք անել, օրինակ՝ հագուստ կարել, սովորել չինարեն, գնել կինոպրոյեկտոր: Իսկ ինքս կարո՞ղ եմ այդ ամենն անել: Ո՛չ: Ես առանց քեզ այնքան միայնակ եմ: Դու եղել ես իմ մտքերին ծնունդ տվողը և իմ բոլոր խենթ արկածների ներշնչանքը:

Երբ հիվանդ էիր, վախենում էիր, որ չես կարող տալ ինձ այն ամենը, ինչի կարիքը ես ունեի, ինչը կուզերիր տալ ինձ: Սակայն անհանգստանալու կարիք չկար: Միշտ էլ ասել եմ, որ սիրում եմ քեզ, պարզապես, որովհետև դու կաս: Ու հիմա այս խոսքերիս իմաստը հասկանում եմ ավելի, քան երբևէ: Դու արդեն չկաս, իսկ ես քեզ այնքա՜ն ուժեղ եմ սիրում:

Գիտեմ՝ կասես, որ ես հիմար եմ և ուզում ես՝ երջանիկ լինեմ, չես ուզում ինձ խանգարել: Երևի կզարմանաս, երբ իմանաս, որ այս երկու տարվա ընթացքում ոչ մի ընկերուհի չեմ ունեցել՝ բացի քեզնից: Դու ոչինչ չես կարող փոխել, ես` նույնպես: Ոչինչ չեմ հասկանում: Շատ աղջիկների եմ հանդիպել, նրանցից ոմանք հաճելի աղջիկներ էին, բայց մի քանի հանդիպումից հետո հասկացել եմ, որ ինձ համար ոչ մի նշանակություն չունեն: Ես միայն քեզ ունեմ, և դու իրական ես: Իմ թանկագի՛ն կին, ես քեզ պաշտում եմ: Ես սիրում եմ իմ կնոջը. կինս մահացել է:

Ռիչ

Հ.Գ. Ների՛ր խնդրում եմ, որ չեմ ուղարկել այս նամակը, պարզապես չգիտեմ նոր հասցեդ»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20