Թուրքիան գնդակոծում է քրդերին

- in Միջազգային
Turkey

Թուրքիայի կառավարությունը «պետք է անհապաղ դադարեցնեի Սիրիայում քրդերի դեմ բոլոր թշնամական և սադրիչ գործողությունները»: Անկարային ուղղված նման պահանջով հանդես է եկել քրդական ազգային պաշտպանության ուժերի ընդհանուր հրամանատարությունը:

Կոմյունիկեում ասվում է, որ «այս շաբաթ Թուրքիայի բանակը Քոբանի և Սարինա քաղաքներում կրկին գնդակոծել է քուրդ աշխարհազորայինների դիրքերը»: Արդյունքում մինչև հուլիսի 31-ը զոհերի թիվը հասել է 11 մարդու:

«Այդ ագրեսիվ ակցիաների հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկած է թուրքական իշխանությունների վրա»,- ասվում է հայտարարության մեջ:

Իրաքի Ղանդիլ լեռնային շրջանում քրդական Զերքելե գյուղի վրա Թուրքիայի ռազմաօդային ուժերի հարձակման հետևանքով զոհվել է 9 խաղաղ բնակիչ: Առնվազն 15 մարդ վիրավորվել է:

«Ավերվել է 6 տուն: Դրանցում չեն եղել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներից, որոնց հետ պատերազմում է Թուրքիան: Եղել են միայն գյուղացիներ և նրանց ընտանիքները»,- ասել է ականատես Ֆեքի Մուհամեդը:

Այդ կապակցությամբ իրաքցի քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանին PKK-ին կոչ է արել «Իրաքյան Քրդստանի տարածքից չեզոքացնել իր բազաներն ու ճամբարները և այնտեղից դուրս բերել իր զինված միավորումները»: Նրա խոսքով՝ «դա անհրաժեշտ է, որպեսզի տարածաշրջանում խաղաղ բնակիչները հակամարտության զոհեր չդառնան»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20