Լուկաշենկոն մերժում է «ընկերովի մահը»: Իսկ Հայաստա՞նը

- in Հրապարակ
EM ETM

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օգոստոսի 22-ին ազատ արձակեց 6 քաղաքական բանտարկյալի։

Հատկանշական է, որ ազատ արձակվածների թվում է նախագահի նախկին թեկնածու Նիկոլայ Ստատկևիչը՝ բելառուսական ընդդիմության առաջնորդներից մեկը։

Ըստ հասարակական կարծիքի վերջին հարցման (հուլիսի 1), նա երկրորդն է Լուկաշենկոյից հետո, իսկ առաջիկա հոկտեմբերի 11-ին Բելառուսում նախագահական ընտրություններ են։

Ճիշտ է, պատկերը միայն արտաքուստ է հովվերգական. հակառակ Լուկաշենկոյի ու Ստատկևիչի հավանական ձայների 7-ակի տարբերությանը՝ վերջինիս բանտից դուրս գալը ճշգրտորեն համընկավ այն օրվա հետ, երբ նախագահի թեկնածուն պետք է ԿԸՀ ներկայացնի առնվազն 100.000 ստորագրություն, իսկ Ստատկևիչին չէր հաջողվել գրանցվել ազատազրկված լինելու պատճառով։

Այնուհանդերձ, Լուկաշենկոյի հրամանագիրը նշանակում է, որ նա պատրաստ է դիմագրավել ընդդիմության աշխուժացման մարտահրավերները, և դա գնահատվեց Եվրոպական միության կողմից, որի արգործնախարարներն անմիջապես ողջունեցին Բելառուսի նախագահի քայլը։

Ընդ որում, Լուկաշենկոն Եվրոպային ընդառաջ է գնում Արևմուտք-ՌԴ «պատժամիջոցային պատերազմի» հերթական սրման ընթացքում, երբ Ռուսաստանում օրեցօր ավելի են սահմանափակվում ազատությունները, իսկ «լրտեսական կրքերը» հասել են մի մակարդակի, երբ արտասահմանյան «արգելված» մթերք ուտելը կարող է հարևանին մատնելու առիթ դառնալ։

Թեև ինքնատիպ, ուժեղ քաղաքական առաջնորդ Լուկաշենկոյին հավանաբար ավելի շատ հուզում ու դեպի Եվրոպա է մղում ռուբլու և ԵՏՄ մյուս գործընկերոջ՝ ղազախական թենգեի փոխարժեքի անկումը, որ խուճապ է առաջացրել այդ երկրներում. համանման գործընթացն ընդամենը ամիսներ առաջ արդեն հարվածել է Բելառուսի տնտեսությանը։

Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում… կամ նույն ժամանակ Հայաստանում։

Հանրային հեռուստաընկերության լուրերը (22.08.15-ի գլխավոր թողարկում) ցնծագին ռեպորտաժ են հեռարձակում մանաթի անկման առթիվ, որը ադրբեջանական նավթի գնի մինչև 46 դոլար անկման հետևանքն է.

«Նավթի գների կոլապսով անկում է նաև հարևանների տնտեսությունը, որի համար նավթադոլարներն ապահովում էին պետբյուջեի 90 տոկոսը»։ Երկու օրում Ադրբեջանի ԿԲ-ը 375 միլիոն դոլար է նետել շուկա, բայց դա չի օգնել, ԿԲ պահուստները 15 միլիարդ դոլարից իջել են 8-ի։ Երկիրն ավելի շատ արտարժույթ է ստանում, քան ծախսում, «ինչի պատճառահետևանքային կապն է մանաթի կործանումը և Կենտրոնական բանկի դժվար օրերը»։

Ես չեմ առաջարկում նույնիսկ համեմատել, թե ինչքան դոլար է ստանում և ինչքան է ծախսում Հայաստանի կառավարությունը, քանի որ թեման նավթն է, առաջարկում եմ Ադրբեջանի անունը ռեպորտաժում փոխարինել Ռուսաստանով։

Նույն «պատճառահետևանքային կապը» կարող է հանգեցնել ռուբլու «կործանմանը», իսկ ՌԴ «Կենտրոնական բանկի դժվար օրերը» վաղուց արդեն ամիսներ են դարձել։

Սա ընդամենը իրավիճակի արձանագրում է (տոկոսների ոչ էական տարբերությամբ) և ոչ չարախնդություն։ Որովհետև Հայաստանն էլ է հարված ստացել ռուսական տնտեսության ձմեռային ճգնաժամից։ Եվ երբ ուրախանում ենք Ադրբեջանի փորձանքներով, պետք է գոնե հաշվարկ ներկայացնենք, թե մենք ինչ ենք շահում նավթի գնանկումից, առնվազն «ռազմավարական դաշնակցին» աղետի տանող գործընթացների արդյունքում։

Մինչդեռ Բաղրամյան 26-ի հեռուստատեսությունները իներցիայով շարունակում են կատարել «Ռուսաստանի մասին կամ լավ, կամ ոչինչ» վաղեմի պատվերը, ոստիկաններն ու օլիգարխների թիկնապահները շարունակում են անպատիժ ծեծել քաղաքացիներին, քաղբանտարկյալները մնում են ճաղերի հետևում, պետության առաջին դեմքերը (մեղա, մեղա), Եվրասիական տնտեսական միության ձոներգու տնտեսագետներն ու փորձագետները հավանաբար իրենց հանգիստն են վայելում եվրոպական լողափերում։

Շարունակությունը կարդացեք www.lragir.am-ում:

Վահրամ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ; Գրող, հրապարակախոս

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20