Ծովասար գյուղում քարարկղային թաղման նմուշ է հայտնաբերել

- in Մշակույթ
Gyux

Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի հարավային ծայրամասի բնակարաններ տանող գրունտային ճանապարհի վրա` հողի մակերեսին, պարզորոշ նշմարվում է քարարկղային թաղման բացառիկ ապացույց, որը գրավել է հարեւանությամբ ապրող ծովասարցի նախկին մանկավարժ, ազգագրագետ, պատմաբան Դերենիկ Գեւորգյանի ուշադրությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրեց Դերենիկ Գեւորգյանը, քարարկղային դամբարանը հողի երես է դուրս եկել նոր թաղամասեր տանող ճանապարհի բացման ու հարթեցման արդյունքում: Այն գտնվում է որոշակի թեքության վրա, ինչը նպաստել է, որ ժամանակի ընթացքում անձրեւաջրերը եւս դամբարանի վրայից հեռացնեն հողի շերտը:

«Հստակ ուրվագծվում են քարարկղային դագաղի բոլոր եզրերը` մոտ երկու մետր երկարությամբ եւ հիսուն սանտիմետր լայնությամբ: Քարե դագաղի գլխի կողմը նեղ է, ոտքերի կողմը` լայն: Դա նշանակում է, որ հանգուցյալին ամփոփել են` դեմքը ուղղած դեպի արեւելք, դեպի աղոթարան: Հավանաբար, տեղում պահպանված կլինի նաեւ հանգուցյալի կմախքը, որին քանդել-հասնելու համար հարկ կլինի հնագետների ներկայությունը: Ամեն դեպքում, հնագիտական ուսումնասիրության համար կարեւոր նյութ է մեր առջեւ»,- նշեց Դերենիկ Գեւորգյանը:

Պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին` ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Կոտայքի եւ Գեղարքունիքի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Նորիկ Հազեյանը նշեց, որ քարարկղային թաղումները Հայաստանում կապվում են ե’ւ նախաուրարտական, ե’ւ ուրարտական ու հետուրարտական դարաշրջանների հետ:

«Հնագիտական ուսումնասիրությունները փաստում են, որ քարարկղային թաղումներ Հայաստանում  կատարվել են Ուրարտուից շատ ավելի վաղ շրջանում: Ուրարտական եւ հետուրարտական դարաշրջաններում եւս մեր լեռնաշխարհի մարդիկ կատարել են քարարկղային թաղումներ: Ծովասարի քարակղային դամբարանը կարող է նորովի լույս սփռել մեր հին աշխարհի պատմության շատ հարցականների վրա»,- պարզաբանեց Նորիկ Հազեյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20