Հանրապետությունում 100 տղամարդուն բաժին է ընկնում 115.6 կին

Apaga axjik

Օրերս բրիտանական independent.co.uk լրատվական կայքը հրապարակել էր ամենաշատ կին բնակչություն ունեցող երկրների ցանկը, որտեղ Հայաստանը զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը՝ ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունում 100 տղամարդուն բաժին է ընկնում 115.6 կին:

Ինչու՞ Հայաստանում կանանց թիվը ավելի մեծ է, քան տղամարդկանցը, եթե աշխարհում միտումը այնպիսին է, որ տղամարդիկ են միշտ գերակշռել, և եթե Հայաստանը նույնպես անմասն չէ սելեկտիվ աբորտների բարձր ցուցանիշից:

Նման ցուցանիշը մի շարք գործոններով է կարելի բացատրել, որոնցից են՝ պատերազմը, արտագաղթը:

Արտագաղթում են հիմնականում տղամարդիկ՝ ելնելով երկրի սոցիալ-տնտեսական պայմաններից: Ըստ Միգրացիայի միջազգային կազմակերպության և ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության իրականացրած հետազոտության՝ ատագաղթողների 82.4%-ը տղամարդիկ են, 17.6%-ը՝ կանայք: Իսկ ըստ մարզերի՝ միգրանտների ամենամեծ տոկոսը բաժին է ընկնում Շիրակի մարզին: Բարձր տոկոս է բաժին ընկնում նաև Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու մարզերին:

Հայաստանում նույնիսկ գյուղեր կան, որտեղ տղամարդիկ բացակայում են, քանի որ ամբողջ գյուղով աշխատում են Ռուսաստանում, որ կարողանան պահել Հայաստանում մնացած իրենց ընտանիքներին: Իսկ շատ դեպքերում երկրից հեռանալու մեխանիզմը հետևյալն է. մեկը մեկնում է արտերկիր՝ հիմնականում Ռուսաստան, այնտեղ հաստատվում ու արդեն այդ մեկի օգնությամբ մեկնում են նաև իր ընկերները, ծանոթները, բարեկամները: Այսինքն, ձևավորվում է մի մեծ սոցիալական ցանց, որն էլ ավելի է հեշտացնում երկրից հեռանալն ու արտերկրում աշխատանք գտնելը:
Տղամարդկանց բացակայությունը ընտանիքներից ու առհասարակ համայնքներից մի շարք փոփոխություններ է բերում ընտանիքների կենցաղում, ապրելաոճում: Մասնավորապես տեղի են ունենում դերերի փոփոխություններ: Կանայք սկսում են այնպիսի դերեր ստանձնել, որոնք ավանդորեն տղամարդկային են եղել, իսկ տղամարդն էլ դառնում է միայն փող ուղարկող, ով կտրված է ընտանեկան, համայնքային կյանքից:

Արտագաղթը նաև մեծ սպառնալիք է անվտանգության ոլորտին: Ներկայում Հայաստանը գտնվում է ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում, ինչը մշտական սպառնալիքի տակ է պահում երկրի սահմանները: Երկրում ինչքան քիչ են տղամարդիկ, այնքան քիչ են նաև զինվորականները, աշխարհազորայինները՝ այսպիսով անվտանգությունն ավելի խոցելի դարձնելով:

Համեմատության համար կարելի է նշել, որ հարևան Ադրբեջանում այդ նույն ցուցանիշը 100.88 է, այսինքն 100 տղամարդուն բաժին է հասնում 100.88 կին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20