Մեկը կա, որին բավարարում է նոր Սահմանադրության նախագիծը` ՀՅԴ-ն է

- in Կարծիք
HYD Serzh

Սահմանադրական բարփոխումների նախագիծը ՀՅԴ-ին, բնականաբար, բավարարում է, և ՀՅԴ-ն և քարոզչության, և այլ քայլերով ամեն ինչ անելու է, որ որպեսզի հանրաքվեով հայ ժողովուրդը նոր Սահմանադրություն ընդունի: 

Ըստ Աղվան Վարդանյանի, այս նոր ուղղությունը մեր երկրում առկա խնդիրների զգալի մասը լուծելու է կամ լուծելու հիմքեր է ստեղծելու. «Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ վերջին շրջանում ՀՅԴ-ն լռում էր պարզ պատճառով, որովհետև աշխատում էին: Նախագծի հրապարակվելուց հետո ՀՅԴ-ն 70 կետով նոր առաջարկություններ է ներկայացրել, որոնց մեջ կային հիմնարար առաջարկություններ, առանցքային ու կարևոր տասնյակ հարցադրումներ: Միանգամից ասեմ, որ վերջին հրապարակված տարբերակում մեր բազմաթիվ առանցքային առաջարկություններն ընդունվել են, բայց մենք ունենք ևս շուրջ երկու տասնյակ առաջարկություններ, որոնք դարձյալ լրամշակում ենք, և պառլամենտում քվերակությունից առաջ արդեն կներկայացնենք, կհիմնավորենք, կապացուցենք:Այս պահին կարող ենք ասել, որ Սահմանադրության այս նախագիծը 90 – 95 տոկոսով համապատասխանում է մեր պատկերացումներին»:

Աղվան Վարդանյանը մասնավորեց, որ ՀՅԴ յոթ առաջարկություններից երեքը, որոնք կարևոր ու քաղաքական առաջարկություններ են, արտացոլված են նոր Սահմանադրության նախագծում: Դրանցից առաջինը խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելն է, երկրորդը` 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցումը, և երրորդը՝ ստեղծել այնպիսի համակարգ, որտեղ ընդդիմությունն ունի ռեալ լծակներ՝ ազդելու իշխանության վրա. «Այս երեք հիմնական սկզբունքները արտացոլված են ներկա Սահմանադրության տեքստում: Այսօր երկիրն այս Սահմանադրությամբ գնալու է այն ուղղությամբ, որը մենք գծել էինք, որը մենք պատկերացնում էինք: Որևէ քաղաքական ուժի համար ես կարծում եմ ավելի մեծ հաղթանակ դժվար է պատկերացնել»:

Աղվան Վարդանյանը ավելացրեց, որ այս փուլում իրենք շատ են կարևորում բովանդակային քննարկումները և կոչ արեց քաղաքական ուժերին ու հասարակությանը մտնել բովանդակային քննարկումների փուլ. «Շատ կարևոր է, որ նաև քաղաքացիական հասարակության օղակներն այս տրամաբանությամբ մոտենան խնդրին: Հաճախ ասում են, որ չկա սահմանադրական բարեփոխումների հասարակական ու քաղաքական պահանջ: Քաղաքական պահանջ եղել է միշտ, և բազմաթիվ քաղաքական ուժեր այս հարցը միշտ բարձրացրել են: Հասարակական պահանջն ինչպե՞ս է ձևավորվում, դժվար է պատկերացնել, որ ժողովրդի մեծ հատվածը դուրս է գալիս փողոց և ասում, որ պետք է Սահմանադրությունը փոխվի: Դա ասում է հասարակության ակտիվ մասը՝ քաղաքացիական հասարակությունը: Ի վերջո, Սահմանադրությունը կամ որևէ հիմնարար փաստաթուղթ իր բնույթով շատ ավելի մասնագիտական ու պրոֆեսիոնալ մոտեցումներ է ենթադրում, քան կողքից խոսքեր»:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ մասնավորեց, որ անընդհատ խոսվում է այն մասին, թե սահմանադրական բարեփոխումների պահանջ կա, թե ոչ. «Ես չգիտեմ՝ որտեղից է առաջացել, որ պահանջ չկա: Մենք այդ պահանջն ունեցել ենք 25 տարի, պայքարել ենք նրա համար, որ Հայաստանում ձևավորվի հավասարակշված իշխանություն: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանում առկա պրոբլեմների հիմքը քաղաքական է, դրանից են բխում մյուս բոլոր ոլորտներում առաջացած պրոբլեմները: Մենք դա ձևակերպել ենք՝ հստակ ասելով, որ այս համակարգը մենիշխանություն ծնող և մենիշխանության տանող համակարգ է: Եվ ուրեմն, թիվ մեկ հարցն այն էր, որ պետք է ազատվել այդ մենիշխանական համակարգից: Այս Սահմանադրությամբ հստակ ամրագրված է, որ ընտրությունները Հայաստանում համամասնական ընտրակարգով են լինելու: Հայաստանում առկա խնդիրները ծագում են նաև նրանից, որ երբեք ընտրությունների միջոցով իշխանափոխություն տեղի չի ունեցել: Մենք չենք ունեցել դեպք, որ ընդդիմությունն ընտրությունների միջոցով գա իշխանության: Ամենամեծ ձեռքբերումը, որ համարում եմ և կա այս նախագծով, հենց այն է, որ առաջինը` կարողացել ենք փոխել համակարգն այնպես, որ մենիշխանություն այլևս չի կարող Հայաստանում լինել: Երկրորդ` այս համակարգն ուղղակի բացառում է, որ հաղթողն ստանա ամեն ինչ, պարտվողը՝ ոչ»:

Ըստ Արմեն Ռուստամյանի, վերարտադրության մասին շատ են խոսում, բայց այս Սահմանադրությունը վերարտադրության բոլոր հիմքերը, որոնք մինչև այսօր կային, էապես նվազեցնում է. «Մենք Հայաստանում փոխել են նախագահներին, բայց վերարտադրական համակարգը պահպանվել է, և վերարտադրություն տեղի է ունեցել, որովհետև իշխող ուժը միշտ մնացել է իշխանության գլխին: Եթե ոմանց թվում է, որ նախագահի հետ կապված մանդատի այդ սահմանափակումը, որ վերացնում ենք, դրանով է, որ վերարտադրողական համակարգ է պարունակում այս համակարգը, չարաչար սխալվում են, որովհետև ամբողջ աշխարհում թող մեկն ասի, որ խորհրդարանական համակարգը նպաստում է իշխանությունների վերարտադրմանը: Բացարձակ դա այդպես չէ: Համեմատենք երկու դեպք: Փոխենք համակարգը, ավելի լավացնենք, բայց նույն Սերժ Սարգսյանն այդ համակարգում մի տեղ լինի, այլ վիճակ է, չփոխենք համակարգը, մնա նույնը, որտեղ ցանկացած նախագահ անսանձ ղեկավարում է երկիրն ու յուրացնում է իշխանությունը, գա Սերժ Սարգսյանի իրավահաջորդը, մեկ այլ վիճակ է: Սրանցից որն է ավելի լավ: Բնականաբար մենք տեսել ենք, որ այդ իրավահաջորդների տարբերակը լավ տեղ չի տանում: Նոր Սահմանդրությամբ նոր նախագահն Անգլիայի թագուհու կարգավիճակում է լինելու և խորհրդանշական լիազորություններ է ունենալու»:

Անի ՀԱՅԿՅԱՆ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20