Ո՞ւմ է պետք Վարդան Այվազյանը

- in Հրապարակ
Vardan Ayvazyan

Այսօր Ջավախքի Տաբածղուր գյուղի բնակիչները փակել են ճանապարհը: Ոստիկանությունը բերման է ենթարկել մի քանի գյուղացիների, բռնություն կիրառել նրանց հանդեպ, խլել նավակներն ու ձկնորսական պարագաները:

Գյուղն ապրում է լճում ձկնորսության հաշվին, սակայն լիճը վրացական իշխանության որոշմամբ տրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանին, եւ գյուղացիներին արգելվել է ձկնորսությունը: Ի դեպ, Այվազյանը ծնունդով այս գյուղից է:

Գյուղացիները բողոքել են, դիմել դատարան, սակայն ապարդյուն: Նրանց իրենց համագյուղացին փաստացի զրկել է ապրուստի միջոցից: Գյուղացիներն ասում են, որ ստիպված են լինելու ընտանիքներով հեռանալ գյուղից, արդեն իսկ հեռացողներ եղել են: Տաբածղուրը փոքր գյուղ է եւ փաստացի կանգնած է դատարկվելու վտանգի առջեւ:

Այսինքն, Վարդան Այվազյանի պատճառով կարող է հայաթափվել Ջավախքի գյուղերից մեկը: Այս հեռանկարը պատգամավորին չի կանգնեցրել, որովհետեւ լճից ակնկալվող շահույթն ավելի մեծ նշանակություն ունի նրա համար, քան գյուղի դատարկվելու հեռանկարը:

Վրաստանի իշխանությունն, իր հերթին, ամուր կանգնած է Այվազյանի թիկունքին, քանի որ Ջավախքի հայաթափումը Վրաստանի համար դրական գործընթաց է, դա ոչ ոք չի էլ թաքցնում:
Ինչպե՞ս կարելի է որակել Վարդան Այվազյանի այս պահվածքն ազգային, քաղաքական, սոցիալական եւ այլ տեսանկյուններից՝ թողնում ենք ընթերցողի գնահատականին:

Հարց է առաջանում՝ ո՞ւմ է պետք Վարդան Այվազյանը, ի՞նչ ներդրում ունի Հայաստանի պետության, հայկական ազգային շահերի պաշտպանության հարցերում: Ի՞նչ վաստակի, արժանիքների համար է նա գրեթե երկու տասնամյակ զբաղեցնում պետական բարձրագույն պաշտոններ:

Փոխարենը, կարծես թե պարզ է, թե ինչով է նա զբաղվել այդ պաշտոններում, դա երեւում է այդ ոլորտներում նրա գործունեության արդյունքներից եւ մամուլում պարբերաբար հրապարակվող նրա եւ նրա հարազատների եկամուտների ու սեփականության չափից, նույնիսկ միջազգային մակարդակի կոռուպցիոն սկանդալներից:

Վարդան Այվազյանը ոչ բացառություն է, ոչ էլ եզակի երեւույթ՝ հայկական իշխանական-բիզնես համակարգը կոլաբորացիոնիստական հատկանիշներով դասական մակաբուծող համակարգ է, որի համար գոյություն չունեն ազգային-պետական շահեր: Նրանք հանուն սեփական շահի պատրաստ են ամեն ինչի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20