Պուտինը կապ ունի Իսպանիայում անշարժ գույքի կասկածելի գործարքների հետ

- in Հրապարակ
Putin

«Պուտինը կապ ունի Իսպանիայում անշարժ գույքի կասկածելի գործարքների հետ»,- ասվում է բրիտանական Times պարբերականի հոդվածի վերնագրում, որը հրապարակվել երկուշաբթի օրը:

Թերթի տեղեկությամբ՝ նոր տեղեկություն է ստացվել, որի համաձայն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող էր մասնակից լինել միջերկրածովյան մերձափնյա տարածքում տուն գնելուն: 2008 թ. Իսպանիայի ոստիկանությունը ռուսական հանցավոր խմբավորումներից մեկի ենթադրյալ ղեկավարի՝ Գենադի Պետրովի տան խուզարկության արդյունքում, գրում է Times-ը, առգրավել է փաստաթղթեր, որոնցում ասվում էր, որ նա Ռուսաստանի նախագահի անունից մասնակցել է Մալագայում անշարժ գույքի գնմանը:

«Պրն Պուտին, հող Մալագայում, ռուսական հողակտոր կամ ռուսական քաղաքային կառուցապատում: Հող չի գնվել: Նախագահի գործերի վարչություն»,- պարբերականի պնդմամբ՝ առգրավված փաստաթղթերից մեկում այսպիսի իսպաներեն ձեռագիր գրառում է եղել՝ թվագրված 2001 թ.:

«Ինչպես ասվում է այս տարվա մայիսին Իսպանիայի դատախազների հրապարակած մեղադրական ակտում, Պուտինի որոշ բարձրաստիճան քաղաքական դաշնակիցներ կապված են եղել Պետրովի հանցավոր կայսրության հետ»,- գրում է Times-ը:

Բացի դրանից՝ ինչպես պարզել է թերթը, հետաքննիչները Պետրովի հանցավոր խմբավորման 2 անդամների բանակցությունների ձայնագրությունն ունեն: Հեռախոսային խոսակցությունը տեղի է ունեցել 2007 թ. ոմն Վիկտոր Գավրիլենկովի և Մարատ Պոլյանսկու միջև, որոնք քննարկել են Իսպանիայում հանցավոր փողերի լվացման համար կեղծ ընկերության հիմնումը:

«Պոլյանսկին Գավրիլենկովին հարցնում է՝ որտեղ կարելի է կանգ առնել: Վերջինս նրան պատասխանում է. «Ալիկանտում մի շարք հյուրանոցներ կան, Տորեվյեխայում Պուտինի տունը ևս շատ հեռու չէ»,- գրում է Times-ը:

Times-ը հիշեցնում է, որ Իսպանիայի դատախազությունը «մտադիր է գործով մեքենայության, փողերի լվացման և այլ հանցագործությունների մեղադրանք առաջադրել 27 անձի, ներառյալ՝ ռուսական իշխող կուսակցության բարձրաստիճան անդամին»:

Times-ի լրագրողները փորձել են կապվել Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի հետ, որ նա հաստատի կամ հերքի Իսպանիայում 2001 թ. Պուտինի կողմից անշարժ գույք գնելու մասին տեղեկությունը, բայց պատասխան չեն ստացել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20