Սիրիան, ներգաղթյալներն ու Հայոց ցեղասպանությունը՝ թուրք-գերմանական նոր հարաբերություններում

- in Միջազգային
Angela Merkel

Վերջին տարիներին գործընկերներ Բեռլինի և Անկարայի մեջ միմյանց հանդեպ բազմաթիվ հավակնություններ են կուտակվել։ Գերմանիայի դժգոհությունը, որտեղ բնակվում է ավելի քան 3 մլն թուրք, հարուցում է այն, որ շատ ներգաղթյալներ չեն ցանկանում ինտեգրվել գերմանական հասարակությանը։

Բունդեսթագում վստահ են, որ մեղքի մի մասի համար պատասխանատվությունն ընկնում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա շրջապատի վրա, որոնք բազմիցս կոչ են արել Գերմանիայի թուրքերին պահպանել մայրենի լեզուն, հավատն ու ավանդույթները։ Անկարան իր հերթին դժգոհ է, որ Գերմանիայի իշխանությունն ամենևին չի նպաստում Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը։ Այս մասին Lenta.ru-ում գրում է Քսենյա Մելնիկովան՝ հավելելով, որ վերջերս էլ երկու երկրների հարաբերություններում առաջ է եկել լրացուցիչ գրգռիչ՝ նոր թափով բռնկված հակամարտությունը թուրքական իշխանությունների և քրդերի միջև։

Բեռլինի և Անկարայի հարաբերություններում ճեղքվածքը գոյացել է այն բանից հետո, երբ Թուրքիան վերջնականապես հասկացել է՝ իրեն հազիվ թե հաջողվի ԵՄ անդամ դառնալ։ Թուրքիան «ԵՄ նախասենյակում» է 1987 թվականից։

Երկու երկրների առաջնորդների անձնական հարաբերությունները չեն ստացվել հենց սկզբից։ Շատ լրագրողներ նշում էին, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Էրդողանի միջև չկա անձնական համակրանք։

Անցած տարվա դեկտեմբերին Բեռլինի և Անկարայի միջև լրտեսական սկանդալ բռնկվեց։ Այն սկսվեց այն բանից հետո, երբ Focus ամսագիրը հրապարակեց հոդված, որում հաղորդվում էր Գերմանիայում երեք թուրքերի ձերբակալության մասին, որոնց կասկածում են լրտեսության համար։

Անկարայի համար տհաճ նորություն էր այն, որ 1915-ին թուրքերի կողմից հայերի զանգվածային սպանությունները Գերմանիան պաշտոնապես ճանաչեց որպես ցեղասպանություն։ Առաջինը այդ մասին հայտարարեց Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը ապրիլի 23-ին՝ Բեռլինում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների ժամանակ։ Երկրորդն արտահայտվեց արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ «Տեղի ունեցածը համապատասխանում է «ցեղասպանություն» սահմանմանը, ես շատ լավ եմ հասկանում նրանց զգացմունքները, ովքեր ցանկանում են, որ դա հենց այդպես էլ անվանվի, և փաստարկները, որոնցով նրանք առաջնորդվում են»,- նշել է նախարարը։

Չնայած այն բանին, որ Գաուկը ճանաչել է նաև Բեռլինի մասնակի պատասխանատվությունն այդ դեպքերի համար (կայսերական Գերմանիայի զինվորականները մասնակցել են հայերի արտաքսմանը), թուրքական ԱԳՆ-ն ցասկոտ հայտարարությամբ է պատասխանել. «Նախագահ Գաուկն իրավունք չունի թուրք ժողովրդին վերագրելու հանցագործություններ, որոնք այն չի արել… Թուրք ժողովուրդը չի մոռանա և չի ների նախագահ Գաուկի հայտարարությունները»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ-ն՝ սպառնալով, որ եթե Գերմանիան չհրաժարվի նման դիրքորոշումից և կառուցողական դիրքորոշում չընդունի, երկարաժամկետ հեռանկարում դա բացասական հետևանքներ կունենա Անկարայի և Բեռլինի հարաբերությունների համար։

ՌԴ ԳԱԱ միջազգային հարաբերությունների և համաշխարհային տնտեսության ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Կոկեևի կարծիքով՝ Հայոց ցեղասպանության հերքումը վատ է անդրադառնում Գերմանիայում Թուրքիան ընկալելու վրա։

«Դա ցավոտ հարց է Անկարայի համար։ Դեռևս թուրքերը կտրականապես համաձայն չեն տեղի ունեցածն անվանելու «ցեղասպանություն»։ Գերմանիան, որպես երկիր, որը լիովին ընդունել է պատասխանատվությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների համար, վատ է վերաբերվում թուրքական իշխանությունների նման գործողություններին։ Հայոց ցեղասպանության հերքումը միայն հեռացնում է Թուրքիային այդքան ցանկալի ԵՄ-ի անդամակցությունից»,- համոզված է քաղաքագետը։

Թուրք առաջնորդը բազմիցս խնդրել է Բեռլինին՝ երկրի տարածքում ապրող թուրքերի հանդեպ ավելի մեծ զորակցություն ցուցաբերել։ Նրա խոսքով՝ փոքրամասնությունների ներկայացուցիչների ինտեգրման համար չափազանց քիչ բան է արվում։ Մասնավորապես, Բեռլինը դեմ է հանդես գալիս երկքաղաքացիությանը, ինչը պնդում է Անկարան։

Բունդեսթագում, իրենց հերթին, կարծում են, որ Էրդողանը կոշտ հայտարարություններ է անում՝ փորձելով ձեռք բերել Գերմանիայի տարածքում ապրող թուրք ընտրողներ ձայները։

Մի կողմից՝ Գերմանիան հավանություն չի տալիս նրան, որ թուրքերը պատժիչ գործողություն են իրականացնում ընդդեմ Սիրիայի քրդերի։ Իրաքի քրդերին գերմանացիները համարում են իրենց դաշնակիցը, մարզում և զենք մատակարարում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար, մյուս կողմից, Բեռլինը, որը բացասաբար է վերաբերվում Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի ռեժիմին, ստիպված է զերծ մնալ Անկարայի հասցեին դատապարտող մեկնաբանություններից։ Միակ բանը, որ նման իրավիճակում մնում է Շտայնմայերին և Մերկելին, ովքեր հանդես են գալիս ի պաշտպանություն ազգային փոքրամասնությունների, կոչ անելն է Թուրքիային՝ չդադարեցնել խաղաղ գործընթացը քրդերի հետ։

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Թուրքիան իր տարածքում մարզում է ԻՊ-ի գրոհայիններին, զինում, անձնագրեր տալիս, տարանցիկ երկիր հանդիսանում կամավորների համար, այդ թվում՝ Գերմանիայից։ Սակայն դրա վրա պաշտոնական Բեռլինն աչք է փակում, քանի որ նրա համար Ասադի ռեժիմի անկումն ավելի ցանկալի նպատակ է, քան ԴԱԻՇ-ի դեմ պայքարը»,- ասել է ՌԴ ԳԱԱ Եվրոպայի ինստիտուտի Գերմանական հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Կամկինը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20