Տարածաշրջանների ֆունկցիոնալ բաժանումը

- in Վերլուծական
Barak Obama

Գերմանացի սոցիոլոգ Մաքս Վեբերն իր տեսությունը կառուցել է կրոնական էթիկայի սկզբունքների ու հետեւանքների վրա, թեեւ նրա եղբայրը՝ Ալֆրեդ Վեբերն ակնարկել է, թե ամեն ինչը չէ, որ պետք է ընկալել բառացի, եւ բողոքականության էթիկան բնորոշ է ոչ միայն բողոքականներին, այլեւ ոչ քրիստոնեական կրոններին:

Այս հանգամանքին ուշադրություն դարձվեց արդեն Ճապոնիայի բուռն արդիականացման մեկնարկից եւ Հարավ-արեւելյան Ասիայի երկրների, Հնդկաստանի ու Հեռավոր Արեւելքի տնտեսական ու տեխնոլոգիական հաջողություններից հետո:

Չինաստանը հեռու է տնտեսական ու սոցիալական խնդիրների լուծումից, սակայն տեխնիկական ձեռքբերումների մակարդակով կանգնել է արդյունաբերական առաջատար երկրների շարքում:

Վերջերս տեղի ունեցավ նշանակալի իրադարձություն՝ Չինաստանը ԱՄՆ-ին խնդրեց օգնություն ու աջակցություն իր հյուսիս-արեւմտյան գավառներում ահաբեկչական շարժման դեմ պայքարում: Դա ոչ թե Չինաստանի թուլության նշան էր, այլ գլոբալ խնդիրների լուծման հարցում ամերիկացիների հետ նույն ակումբում լինելու ցանկություն:
Դեռեւս 8 տարի առաջ, պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այցելել էր Հարավ-արեւելյան Ասիա եւ կոչ արել վերստեղծել ռազմաքաղաքական տարածաշրջանային խոշոր բլոկ, Չինաստանի տնտեսական ու քաղաքական էքսպանսիային հակազդելու հեռանկարով:

ԱՄՆ վերջին երեք նախագահները բազմիցս հայտարարել են, որ Չինաստանի զսպումը ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է: Անշուշտ, այդ խնդիրը մնում է, սակայն ակնհայտորեն տրանսֆորմացվում է:

Չինաստանը ԲՐԻԿՍ-ի ու առավել եւս ՇՀԿ-ի վեհաժողովներին մասնակցեց ակնհայտ «մի կողմ քաշված», հասկանալով, որ նման խոշոր պետությունների հետ նույն հանգույցում լինելը լավ է, սակայն Չինաստանն ունի նաեւ նրանցից տարբեր ձգտումներ ու խնդիրներ:

Արեւմտյան հանրությունը միշտ ընդգծում է, որ ՆԱՏՕ-ի ստեղծումն ու ձեւավորումը որպես անվտանգության գլոբալ համակարգ բազավորվում է լիբերալ-դեմոկրատական, այսինքն՝ եվրոպական-հյուսիսամերիկյան արժեքների վրա: Արեւմտյան աշխարհի ողջ համալիրը կոչվում է Եվրատլանտիզմ:

Եվրատլանտիզմը ստեղծվել է անգլո-սաքսոնական փիլիսոփայության ու կապիտալիզմի էթիկայի հիման վրա, իսկ լիբերալ-դեմոկրատական արժեքները բազավորվում են այդ փիլիսոփայության վրա, եւ ոչ թե հակառակը: Լիբերալ-դեմոկրատական արժեքները ոչ միշտ են համապատասխանում կապիտալիզմի էթիկային, այսինքն՝ բողոքականության էթիկային, սակայն հենց բողոքական էթիկան չի համարվում կապիտալիզմի էթիկայի հոմանիշ:

Չինաստանը գերազանցապես կոնֆուցիական երկիր է, այսինքն ներկայացնում է կոնֆուցիական քաղաքակրթությունը (ըստ Թոյնբիի եւ այլ պատմաբանների ու փիլիսոփաների): Ընդ որում, հենց կոնֆուցիականությունն է համարվում ասիական բողոքական էթիկայի արտահայտությունը:

Նկատի է առնվում վերաբերմունքն աշխատանքին, մերկանտիլ հարցերին, կենցաղային խնդիրներին, պատերազմին ու խաղաղությանը, վարձու աշխատանքին ու առեւտրին, բանկային տոկոսադրույքին եւ կապիտալիստական հարաբերությունների բազմաթիվ այլ հիմնադրույթներին:

Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Մալայզիան, Ինդոնեզիան, Սինգապուրը, Թայվանը, Հարավային Կորեան, հաջողությամբ հաղթահարում են նահապետականությունը, կառուցելով ժամանակակից ժողովրդավարություն:

Ռուս փիլիսոփա ու սոցիոլոգ Ալեքսեյ Սալմինը ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ ուղղափառ հասարակությունում հենց աթեիզմն է նպաստում կապիտալիզմի զարգացմանը, այն դեպքում, երբ կոնֆուցիական եւ այլ հեթանոսական աշխարհում այդ ավանդույթների ամրապնդումը նպաստում է արտադրողական ուժերի եւ շուկայական միջոցների զարգացմանը:

Պետք է նշել, որ իսլամական որոշ դավանանքներ բավական հաջողակ են տնտեսական առումով, քանի որ նրանց հատուկ է բողոքական էթիկան:

Այսպիսով, Չինաստանում կապիտալիզմի զարգացման, հասարակության իրավական կարգավիճակի կայացման եւ «կարմիր» արխայիզմի հաղթահարման արդյունքում պարզվում է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ն կարող են հանգել դուալ դաշինքի ստեղծման անհրաժեշտությանը եւ իրենց ունիվերսալ շահերը կիրառել համաշխարհային հանրության հանդեպ:

Արդեն նշաններ կան, որ ոչ Չինաստանը, ոչ էլ ԱՄՆ-ն չեն փորձում իրենց վերահսկողությունն ու ունիվերսալ թելադրանքը պարտադրել առանձին տարածաշրջաններին: Կենտրոնական Ասիայի օրինակով կարելի է համոզվել տարածաշրջանների ֆունկցիոնալ բաժանման վերաբերյալ պայմանավորվածության մեջ: Դա նշանակում է, որ Չինաստանը ձեռք է բերում Կենտրոնական Ասիայի հանքային ռեսուրսների ճնշող մեծամասնությունը, բայց չի հավակնում գաղափարական ու քաղաքական կաղապարներին:

ԱՄՆ-ն երբեք չի փորձել վճռական ճեղքում իրականացնել այդ տարածաշրջանի ուղղությամբ, սակայն հաշվից դուրս չի թողնում լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսության ներդրման անհրաժեշտությունը, հասկանալով Կենտրոնական Ասիայի իրողությունները: Դա չի նշանակում, որ ԱՄՆ-ն ձեւավորելու է այդ կոշտ սխեմաները, այլ լինելու է շրջանակային բազմազանություն:

Չինաստանն ու ԱՄՆ-ն համոզվել են, որ այդ տարածաշրջանի հանդեպ սեփական ունիվերսալ վերահսկողությունը սահմանելու Ռուսաստանի փորձերը հանգեցրին նախ խորհրդային պետության փլուզմանը, իսկ հետագայում ռուսական նոր էքսպանսիան վերածեցին ֆարսի, նկատի առնելով եվրասիական միության տիպի մարգինալ կառույցներ ստեղծելու ծիծաղելի փորձերը:

Կառուցվածքային-ֆունկցիոնալ մոդելները, որոնք երեւում է Չինաստանն ու ԱՄՆ-ն կիրառելու են ոչ միայն Կենտրոնական Ասիայում, ներառում են բազմաթիվ խնդիրներ եւ լուծման մեթոդներ, այդ թվում տարածաշրջանային անվտանգության մասով: Ըստ այդմ, Չինաստանի ու ԱՄՆ-ի միջեւ պայքարի ու դիմակայության եւ այդ դիմակայության հետեւում «թաքնվելու» հնարավորության վերաբերյալ Ռուսաստանի հույսերն արդարացված չեն:

Պետք է ոչ թե զբաղվել աշխարհքաղաքականության մեջ արհեստական «բեւեռների» ստեղծմամբ, այլ հասկանալ, որ աշխարհում հասունանում է աշխարհքաղաքական կառուցվածքային ֆունկցիոնալությունը:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20