Փոքր երկրների զարգացման գաղտնիքը

- in Հրապարակ
Democracy

Փոքր լինելը հաճախ ավելի լավ է: Նման եզրահանգման են եկել Credit Suisse Research Institute- ի հետազոտողները: Մինչ փոքր երկրները ձգտում են դառնալ մեծ տնտեսական խաղացողներ, նրանք արդեն գտնվում են ավելի լավ պայմաններում, քան իրենց ավելի մեծ գործընկերները:

Փոքր երկրների բնակիչներն ավելի աղքատ չեն մեծ երկրների բնակիչներից: Ճիշտ հակառակը. երբ չափում ենք հարստությունը յուրաքանչյուր քաղաքացու կտրվածքով, փոքր երկրները ավելի հարուստ են:

Աշխարհի թոփ 10 երկրներից 6-ը, ըստ մեկ բնակչին ընկնող հարստության, ունեն 10 միլոնից ավելի քիչ բնակչություն: Որքան փոքր է երկիրը, այնքան հարստությունը բաշխվում է ավելի հավասարաչափ: Այսպիսի երկրներում բնակչության 10 %-ը տիրապետում է ընդհանուր հարստության 54 %-ին: Մինչդեռ, մեծ երկրներում այդ թիվը կազմում է 62 %:

Փոքր երկրներում անհատներն ու կազմակերպությունները վճարում են ավելի քիչ հարկեր: Վճարելով ավելի քիչ հարկեր, փոքր երկրների քաղաքացիները ստանում են ավելի շատ օժանդակություն` կրթության և առողջապահության ոլորտում կառավարության ներդրումների հաշվին:

Առևտուրը միշտ եղել է կարևոր գործոն` չափելու երկրների տնտեսական հաջողությունները. հատկապես` փոքր երկրների: Երբ երկրների դիրքավորումը գլոբալ տնտեսության մեջ կատարվում է այնպիսի գործոններով, ինչպիսիք են առևտրի ազատությունը, արտասահմանյան ուղղակի ներդրումները, «սոցիալական գլոբալիզացիան» (ներառյալ անլար բաժանորդագրություններն ու տելեկոմունիկացիաները), «տեխնոլոգիական գլոբալիզացիան» (տոտալ ինտերնետ օգտատերեր և անվտանգության ծառայությունների գերակշռություն), ինչպես նաև բեզնեսով զբաղվելու հեշտությունը (տարիֆներ և հարկեր), ապա այս չափանիշներով, թոփ տասնյակում բոլոր տեղերը զբաղեցնում են փոքր երկրները`

1. Լյուքսեմբուրգ

2. Սինգապուր

3. Հոնգ Կոնգ

4. Շվեյցարիա

5. Իռլանդիա

6. Բելգիա

7. Իսլանդիա

8. Նիդեռլանդներ

9. Էստոնիա

10. Հունգարիա

Իհարկե, այս հետազոտությունը վերաբերում է աշխարհի արդեն զարգացած փոքր պետություններին: Բայց դրանք կարող են մի շարք առումներով օրինակ դառնալ Հայաստանի պես երկրների համար: Եթե նկատեցիք, դրանցից շատերը չունեն բնական մեծ ռեսուրսներ, և այդպիսի զարգացման են հասել հմուտ կառավարման և ճիշտ տնտեսական ու սոցիալական քաղաքականության արդյունքում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20