Ֆիզիկական բռնության հետևանքը կարող է անցնել, բայց նվաստացմանը՝ չի կարող

dat

«Ես չեմ կարող հաշտվել այս անպատժելիության հետ: Որդուս հետ եղածը աչքիս առաջ է, նրա բոլոր պատմածները սարսափելի տեսարաններն ու դաժանությունները պատկերացնում եմ ու վերապրում»,- ասում է անցած տարվա հուլիսի 19-ին Մարտունի քաղաքից ոչ հեռու Լեռնահովիտ գյուղի մերձակայքում ՌՈ աշխատակիցների կողմից դաժան խոշտանգումների ենթարկված Ալիկ Զախարյանի մայրը՝ Սոնիկ Սահակյանը:

Forrights.am. Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, զինվորական դատախազությունը մերժել էր Ալիկ Զախարյանի նկատմամբ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությունների ենթարկելու փաստով ՊՆ քննչական ծառայության քրեական գործի վարույթը կարճելու որոշման դեմ բողոքը:

Զինդատախազությունը ոչ միայն առանց պատշաճ քննություն կատարելու մերժել էր բողոքը, այլև ծաղրել էր անմարդկային վերաբերմունքի զոհ դարձած տղայի մորը՝ Սոնա Սահակյանին, ով ամիսներ շարունակ պայքարում է հիվանդ որդուն բռնության ենթարկողներին պատասխանատվության կանչելու համար:

Զինդատախազությունը բողոքը մերժելու համար հիմք էր ընդունելն հենց այն ՌՈ աշխատակիցների ցուցմունքները, ովքեր և ծեծի են ենթարկել 31-ամյա Ալիկ Զախարյանին, ում դաժան վերաբերմունքից հետո, ամիսներ շարունակ չի լքել սարսափն ու վախը և գամված է եղել անկողնում:

Ալիկ Զախարյանն այժմ տառապում է «Գլխուղեղի ախտահարման հետևանքներ, անձի և ինտելեկտի իջեցում» ախտորոշմամբ:

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արարատ Պողոսյանի նախագահությամբ պետք է մեկնարկեր Սահակյանի բողոքի քննությունը որդու հետ տեղի ունեցածի վերաբերյալ քրեական գործի կարճման որոշման դեմ, սակայն այն հետաձգվեց: Դատախազը եւ քննիչը չէին ներկայացել, դատավորի խոսքով, նրանց նիստի մասին ծանուցագրեր ուղարկվել էին, սակայն հայտնի չէ նրանք ստացել էին, թե ոչ: Հաջորդը նիստը նշանակվեց օգոստոսի 18-ին, ժամը 15.00-ին:

Դատախազի եւ քննիչը բացակայությունը վրդովվեցրեց Սոնիկ Սահակյանին:

«Ես մոտակա խանութից 15 հազար դրամ եմ պարտքով վերցրել, որ Մարտունիից տաքսիով արագ հասնեմ դատին, իսկ նրանք չեն եկել նիստին»,- ասաց Սահակյանը ու պատմեց, որ տաքսիով է եկել դատարան, որ շուտ հասնի, քանի որ առաջին ատյանի դատարանում իր՝ նիստերին մասնակցելու իրավունքը խոչընդոտվել է.

Դատավոր Արմեն Խաչատրյանը ծաղրել է բողոքող կնոջը

«Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընահանուր իրավասության դատարանում ուղղակի ծաղրում էին ինձ: Ընդհանուր առմամբ 5 նիստ է եղել, որոնցից երկուսի մասին ինձ ընհանրապես չեն տեղեկացրել, մյուս երկուսի դեպքում գնում հասնում էի դատարան, ասում էին, թե նիստը եղել ու ավարտվել է: Միայն վերջին նիստին ես ներկա եղա, որտեղ ընթերցեցի բողոքը, ինչի ընթացքում դատավոր Արմեն Խաչատրյանը ինձ ուղղակի ծաղրում էր, ընթերցելուս ընթացքում ասում էր՝ կանգնի, նստի, կանգնի, նստի ու բերանը բաց ծիծաղում էր: Ոնց որ ֆիզկուլտուրայի դասի լինեի, ոչ թե դատարանում»:

Բողոքը բովանդակությունը լսելուց հետո դատավորը Սահակյանին ասել է՝ գնա տուն, վճիռը քեզ կուղարկենք. «Ես էլ ասեցի, որ նա չի կարող առանց խորհրդակցական սենյակ անցնելու ու առանց հրապարակելու իրավունք չունի վճիռը ինձ ուղարկել: Մի քանի օրից ինձ զանգահարեցին դատարանից, ասացին, որ հաջորդ օրը ժամը 17.00-ին դատարանում վճիռն է հրապարակվելու: Երբ գնացի այդ ժամին, ասացին, թե կես ժամ սպասեք, նիստը 17.30-ին է սկսելու: Ես դուրս եկա դատարանի մուտքի մոտ ու այնտեղ սպասում էի, մեկ էլ հենց այդ պահին դատավորը դուրս եկավ դատարանից, նստեց իր մեքենան ու գնաց:

Ես արագ մտա դատարան, քարտուղարին հարցրի, թե ուր գնաց դատավորը, ինձ պատասխանեց, թե նա ընթեերցել է վճիռը ու գնացել: Ես ասացի, որ դեռ ժամը 17.17 է, իսկ նիստը 17.30-ին պետք է լիներ, ինձ էլ լկտիաբար պատասխանեցին, թե դատավորի ժամով արդեն ժամը 17.30-նն է»:

Սոնիկ Սահակյանը ասում է, որ Վերաքննիչ դատարանում բողոքի մերժման դեպքում դիմելու է Վճռաբեկ դատարան, հետո էլ պատրաստվում է դիմել ՄԻ Եվրադատարան:

Տղայիս վիճակը գնալով ավելի է վատանում: Նա չի քնում, տանից դուրս չի գալիս, անգամ պատուհանին չի մոտենում: Վախենում է: Անընդհատ մղձավանջների մեջ է: Ասում է, որ չի կարող մոռանալ տեղի ունեցածը: Ֆիզիկական բռնության հետեւանքը կարող է անցնել, բայց նվաստացմանը՝ չի կարող»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20