Ադրբեջանցիների դեմ մենմենակ

- in Մշակույթ
Paterazm

(Հատված Արցախի ազատամարտի մասին, իրական փաստերի հիման վրա գրված, «Անահիտի աղբյուրը» վեպից, որն արժանացել է ՀԳՄ և ՀՀ ՊՆ համատեղ մրցանակի:)

Դեպքը տեղի է ունեցել 1992 թ. օգոստոսի 15- ի լույս 16-ի գիշերը, Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Հացի գյուղի դիրքերում: 

Հրանտին* ոտքերն իրենք էին ծանոթ ճանապարհով տանում. ամեն գիշեր, հերթապահ լիներ, չլիներ, մենմենակ, մատուռների մոտով, անտառի տակի կածանով գնում, բլինդաժի մոտից մտնում էր խրամատ: Այդ գիշեր առջևում էլ թշնամին էր գաղտագողի մոտենում խրամատներին. ճարպիկներն առաջ անցան, որ մթության մեջ մեկ – մեկ աննկատ վերացնեն հայ ժամապահներին, բայց որքան էլ զգույշ էին մոտենում, Աբելը** զգաց թշնամու ներկայությունն ու ավելի արագ գործեց: Նրա արձակած կրակահերթը փռեց դիմացը դուրս եկածներին, մյուսները դիակների հետևում պատսպարվելով ետ քաշվեցին ու հարմար դիրքավորվեցին: Ազատամարտիկի ու ադրբեջանցիների խմբի միջև հրաձգություն սկսվեց. չորս պահունակ Աբելի զրահաբաճկոնի, երկուսն էլ ինքնաձիգի վրա կար…

Արագ գործողություններն հաճախ են ընթացք տալիս իրադարձություններին և որոշում ելքը: Ու, քանի որ իրենց ներկայությունը բացահայտվել էր, ադրբեջանցիները սկսեցին կարկուտի պես կրակ թափել կենտրոնական խրամատի վրա:

– Բիջո, կրակի՛, կրակի՛, Բիջո՜,- գնդացրորդին բղավեցին կենտրոնականում:

– Վանի՜կ…

– Բիջո՜…

Գնդացիրը լռում էր: Բիջոն շատ փորձառու չէր, բայց և երեխա տղա էլ չէր, որ շփոթվեր ու չկրակեր: Իհարկե պատահում էր, որ առաջին փամփուշտը չէր կրակվում, երկրորդ գնդակի առաջն արդեն փակվում էր, ու գնդացիրը լռվում էր… Բայց տղաներն այդպես էլ չհասկացան` գնդացի՞րն էր լռվել, թե՞ Բիջոն էր լռում…

– Կրակի՛, Բիջո՛…

– Բիջո՛, կրակի՛:

– Թորքերը խրամատ ըն մտնում, փախե՜ք…- ձայնեց գյուղացիներից մեկը:

– Վանի՛կ…

– Հրթի՜ռ, հրթի՛ռ խփեք,- բղավեց մյուսը:

Թշնամին մտավ խրամատ, բայց ազատամարտիկները մյուս ծայրից կարողացան արագ դուրս գալ խրամատից ու վազել դեպի այգիներ, Աբելի խրամատից իջած Գրիշիկն ընկավ, մնաց բլինդաժի մոտ, մոշի թփի տակ: Նա կուչ եկավ ու ահաբեկված շունչը պահեց` հասկանալով, որ ընկերները շուտով կհասնեն երկրորդ պահեստային դիրք:

Ադրբեջանցիները խրախճանում էին` ամեն ինչ սպասվածից հաջող էր ընթացել, պարգևատրման հոտն արդեն քթներին էր խփում:

– Բա ասում ես հայերը միաբան չեն, տեսա՞ր` ոնց համերաշխ ծլկեցին,- ասաց ադրբեջանցին ընկերոջը:

– Հերս միշտ ասում էր. «Մի հայը տասը թուրք արժի…»:

– …իսկ տասը հայը մի թուրքի լամուկ էլ չարժեն: Գիտեմ:

– Օղուլ, կապ տուր, ասա` գրավել ենք պոստը:

– Վերևն էլ չպրծնե՞ն, նոր:

– Վերևը հեչ, սեկունդների հաշիվ ա, կապ տուր:

– Կապ տուր, ասա` «լյոխ լյա՜վ ա», հը – հը – հը՜,- հռհռաց ադրբեջանցին:

Վարձկաններն ադրբեջաներեն լավ չէին խոսում, հայերին էլ չէին ճանաչում, որ կարծիք հայտնեին, նրանց գործը օպերացիան հաջող իրականացնելն էր, արել էին: Ու հիմա նրանց ուրիշ ոչինչ չէր հետաքրքրում, գոհ ծխում էին:

Հրանտն ամեն ինչ հասկացավ ակնթարթից էլ պակաս ժամանակահատվածում, բայց չընկրկեց: Նա թաքնվող չէր, ամբողջ կյանքում ինչ հարց ծառացել էր նրա առաջ, «կրակն» իր վրա վերցնելով, ինքնուրույն էր լուծել: Նրա միտքը չվարանեց, ձեռքը չդողաց, տեսողությունը չդավաճանեց: Նա քաշեց ձգանն ու, առաջ գնալով, ինքնաձիգի կրակահերթն ուղղեց դեպի թշնամին` միանգամից գետնին փռելով առջևում բոլոր եղածներին:

– Ալլա՜հ,- ճչացին ադրբեջանցիները:

– Աբե՜լ,- գոռաց Հրանտը` չդադարեցնելով կրակել:

Հրանտի ձայնը մթության մեջ ներքևից սուրաց դեպի Աբելը, արձագանքվեց սարերում և թափվեց թշնամու գլխին: Աբելն ավելի ոգևորվեց, իսկ ադրբեջանցիները հայերի հակահարձակումից զգուշանալով, շտապեցին ետ քաշվելով դուրս բերել վիրավորներին: Կենտրոնական խրամատի վրա հիմա էլ Հրանտն էր կրակահերթ տեղում` թշնամուն թույլ չտալով ուշքի գալ:

Աբելը կռիվ տեսած տղա էր ու պատերազմելու լուրջ փորձ ուներ, ինչքան մոտենում էին, քաղում էր` հասկանալով, որ հենց դադար տա, կխփվի: Մի պահ քիչ էր մնացել թուլանար, բայց կենտրոնական խրամատից փոխհրաձգություն լսելով, նորից ոգևորվել էր ու դեռ դիմադրում էր…

Ադրբեջանցիները կատաղած գոռում էին. անցանկալի զոհեր էին տվել, խաղուպարով քշել պահակազորին, գրավել էին դիրքերը, լուր ուղարկել յուրայիններին, գլուխ գովել, ու հիմա մի հոգի վերևում, մյուսը ներքևում հնձում էին իրենց:

– Սրանց կռվողներից զգույշ եղեք, էն փախնողների տեղը կհանեն,- վարձկաններին հապշտապ բացատրեց հայերին ճանաչող ադրբեջանցին:

Փամփուշտները վերջացան, Հրանտի ինքնաձիգը լռեց, ադրբեջանցիք, սաստիկ հայհոյելով, կատաղությամբ վրա տվեցին: Հրանտն ինքնաձիգը նետեց ու, դաշույնը դուրս քաշելով, ձեռնամարտի բռնվեց:

– Էդ հայի… ինձ ողջ ա պետք, ես դրա արյունը պտի խմեմ,- բղավեց ադրբեջանցիների հրամանատարը:

Հայոց քաջին հեշտ չէր տապալելը, նա հաղթանդամ էր և ուժեղ` ոչ միայն ֆիզիկապես: Նրա դյուցազնազարմ ոգին ընդհանրապե՛ս հնարավոր չէր ընկճել, և նա գերի չէր հանձնվելու, կռվելու էր մինչև մահ: Հրանտը թրատում էր աջ ու ձախ` թույլ չտալով բռնել իրեն: Ու, քանի որ ձախլիկ էր, թշնամու սպասածին հակառակ կողմից էր հարվածում: Սակայն թշնամու գերակշռությունը նրան քաշում էր դեպի խրամատ: Հրանտը դիմադրում էր մոլեգնած` նման իր զավակներին պաշտպանող վիրավոր գազանի: Հայոց հավաքական ուժն ու պահանջատիրությունն էին ժայթքել կյանքի քսանհինգ տարին նոր բոլորած Հրանտի միջով` ի տաբերություն հակառակորդի սպառնացող կեցվածքի: Ադրբեջանցիներն ու Հրանտը հայտնվեցին խրամատում: Նեղ տարածության մեջ, որտեղ թշնամին իրեն ավելի ապահով էր զգում, նույնպես հնարավոր չեղավ ընկճել արիասիրտ հայորդու ոգին: Ինչքան հնարավոր էր խրամատում մոտենալ, շրջապատեցին նրան, ինչքան մարդ կար թափվեցին գլխին ու բռնեցին ձեռքուոտքը, որ կարողանան դաշույնը ձեռքից խլել:

            – Հայի…- հայհոյեց ադրբեջանցի թուրքը և մոտեցավ կաշկանդանք չընդունող հայորդուն:- Հող ես ուզում, հա՞,- ասաց:

            Հրանտն հասկացավ, որ իր առաջ հրամանատար է: Մարմնին անվերջ տեղացող հարվածները չխանգարեցին տեսնել և զգալ ոսոխի արնածարավը: Հրանտն հայացքը չփախցրեց, ծնկի չիջավ, գթասրտություն չաղերսեց, կյանք չմուրաց: Հրանտն Աստծո կամքով ընդունեց իր նահատակությունը` հանուն ավելի վեհ նպատակի, քան ամեն գնով մահկանացուի կյանք պահպանելն էր: Թշնամին այդ ամենը կարդաց Հրանտի հրացայտ հայացքում, նա իր ողորմելիությունը տեսավ հայի զուլալ աչքերում, որ ողողվել էին լուսնի կաթնագույն լույսով:

Ադրբեջանցի հրամանատարն անկարող էր մարդկային լինել, նա անհամբեր էր, նա շտապում էր վայրկյան առաջ հանգցնել Հրանտի շանթահարող հայացքը` չհասկանալով, որ բոցը թրատել հնարավոր չի, և քաջ հայորդու հայացքն հետապնդելու է իրեն: Եվ նա շտապեց ջնջել Հրանտի աչքերում տեսած իր պատկերը, մղվեց թաքցնելու սեփական ողորմելիությունը: Նա մարդկանց այն տեսակից էր, ովքեր ամաչում են իրենց հոգում հայտնաբերած մարդկայնությունից և, երկվության մեջ տապակվելով, ձգտում են խեղդե՛լ այն: Իսկ երբ լավն ու բարին ճնշել չեն կարողանում, առավել անմարդկային ու գազանաբարո են դառնում, որովհետև մարդկային լինելը նրանց համար անպատվաբեր և ոչ շահավետ թուլամորթություն է:

Հրանտին կտտանքների ենթարկելու հարցում ադրբեջանցիները համակարծիք չէին:

– Սպանենք ու վերջ կամ գերի տանենք,- խնդրեց ադրբեջանցի զինվորներից մեկը իրենից ավագ մարտական ընկերներին:

– Ձենդ կտրի, թուլամորթ,- եղավ սպայի պատասխանը:

Հայոց սարերը ճաքում էին հերոսություն գնահատելու անընդունակ թշնամու հաջողությունից, «մատաղացուն» իր ոտքով էր եկել ադրբեջանցիների ձեռքը, նրանք չէին կարող բավարարվել ուղղակի խփելով, ծեծելով, նրանք չէին կարող իրենց «սուրբ» սովորությունից հրաժարվել:

Ահասարսուռ էր Հրանտի ձայնը, ցասումի, կանչի, ընդվզումի ու ցավի վիթխարի խառնագունդը թրատեց օդն ու սլացավ վեր, դղրդացրեց սարերի գագաթները, վերևից պայթեց փախուստի ճամփան բռնած գյուղացիների վրա:

Իսկ Գրիշիկը, թփերի մեջ թաքնված, գրկել էր զենքն ու սարսափից անզգայանում էր: Նրա տասը տարեկան Մխոն ու խոհարար մայրը շատ էին կապված Հրանտի հետ: Որդին գիտեր, թե այդքան զինվորների մեջ ակումբում Հրանտի մահճակալը որ մեկն է, ու վստահ ասում էր, որ Հրանտը ցերեկները քնում է, իսկ գիշերները գնում հետախուզության…

Աբելին տապալելն ավելի դժվար եղավ: Նա ուղղակի ջարդեց թշնամուն` քառասուն – հիսուն րոպե թույլ չտալով, որ տեսնեն, թե մի հոգու հետ են կռվում: Աբելը սեփական կյանքի գնով նրանց թույլ չտվեց, որ առաջ գան ու մտնեն իր պահակակետ: Թշնամին շփոթված էր, չէր սպասում, որ այդքան զոհ կտա: Խուճապի մեջ սկսեցին վիրավորներին ու զոհվածներին հազիվհազ տեղափոխել:

Երբ Աբելի կրակոցները լռեցին, Հրանտը մի վերջին անգամ մռնչաց որպես վիրավոր կորյուն, մայրիկ կանչեց, հետո նրա ձայնը խռպոտվեց ու կտրվեց: Դա առավելագույնն էր, որ այդ հերոս տղաները կարող էին անել միայնակ` ամեն մեկն իր պահակակետում…

Հրանտի տանջանքները ճնշող ազդեցություն թողեցին ադրբեջանցի զինվորներից ոմանց վրա: Հանգեց նրանց ոգևորությունը, ընկավ հայրենասերների մարտական ոգին, նրանք այլ կռիվ գիտեին, թեև շատերը դեռ կրճտացնում էին ատամները, իսկ Հրանտի արյունը ներծծվում էր պապակած հողի մեջ ու ավելի զորեղացնում այն: Հետո հողը ցավից տնքաց, երկրի ընդերքը ողբաց իր քաջարի զավակի մահը, ապա մոլեգնեց, և հայոց հողը երերաց օտարների ոտքի տակ: Ադրբեջանցիներին ու վարձկաններին խրամատն ահռելի վիհ թվաց, որն ուր որ է կլանելու է իրենց: Անբացատրելի մի երկյուղ պատեց բոլորին, և նրանք հասկացան, որ չափն անցել են ու շարժել աստվածների զայրույթը: Նրանք միանգամայն հստակ զգացին Բարձրյալի ներկայությունը, որը մի ամբողջականություն է ու որ այդ պահին երես թեքեց իրենցից: Որովհետև ինչու և ինչպես որ հասել էին այդտեղ, վարձկան, թե հայրենասեր, հավատացող, թե պարտադրված կռվող, միամիտ, թե փորձառու, ինչ էլ որ հաջողությամբ էին արել, ավարտել անմաքուր և պարտվել էին: Իսկ զոհված հայ ազատամարտիկների` Քրիստոսի չարչարանքներ կրած Հրանտի ու դյուցազնազարմ Աբելի հոգիները չէին խաղաղվի, մինչև մարտական ընկերները չվերադառնային խրամատներ: Աբելը մենակ էր մնացել, իսկ Հրանտը` թշնամացածների մեջ: Երկուսն էլ, ինչպես Նժդեհը կասեր, «թշնամու հետ չափվելուց առաջ իրենց հոգում կառուցել էին հաղթանակի շենքը» և կռվել անձնուրաց ու, թեև զոհված, բայց հաղթել էին:

Անահիտ Արփեն

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20