Գերմանիայում միգրանտներին «օգտագործելու» ձև են գտել

Միգրանտների հոսքը Գերմանիային կօգնի հաղթահարել բնակչության ծերացումն ու կադրային սովը մի շարք ոլորտներում: Reuters-ի հաղորդմամբ՝ այսպիսի հայտարարություն է արել Գերմանիայի փոխկանցլեր և էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը:

«Եթե մեզ հաջողվի արագ սովորեցնել նրանց, ովքեր գալիս են մեզ մոտ և նրանց ներգրավել աշխատանքում, մենք կլուծենք մեր տնտեսության հիմնական խնդիրներից մեկը՝ որակավորված աշխատողների պակասը»,- խորհրդարանականների առջև ելույթում ասել է Գաբրիելը:

Գործակալությունը հայտնում է, որ Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա տարածքում միգրանտներին տեխնիկական մասնագիտություններ են սովորեցնում: Գերմանացիներն այդպիսի գործից հաճախ հրաժարվում են՝ նախընտրելով բարձրագույն կրթություն ստանալ:

Reuters-ը նշում է, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ մինչև 2030թ. երկրում աշխատունակ քաղաքացիները 6 մլն-ով կպակասեն, իսկ մահացությունը կգերազանցի ծնելիությանը:

Եվրոպա փախստականների և ներգաղթյալների զանգվածային հոսքով պայմանավորված ճգնաժամը «կխորանա», եթե ավելի շատ ջանքեր չգործադրվեն Սիրիայում հակամարտության դադարեցման և միլիոնավոր տուժածներին օգնելու համար: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) տարածած հայտարարության մեջ:

Նրա տվյալներով՝ Սիրիայում հակամարտության պատճառով «կյանքի փրկության օգնության և պաշտպանության» կարիք ունի 16 մլն մարդ, ընդ որում՝ նրանց կեսը երեխաներ են: Երկրում հիվանդանոցների մոտ կեսը կամ ամբողջովին դադարեցրել է աշխատանքը, կամ մասամբ է գործում: ՄԱԿ-ում նշել են, որ ավելի քան 4 մլն սիրիացի, նրանց կեսը՝ երեխաներ, լքել են հայրենիքը հակամարտության սկզբից ի վեր, որը շարունակվում է արդեն մոտ 5 տարի: Սիրիայի քաղաքացիները այժմ Եվրոպա գնացող փախստականների հիմնական մասն են:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ուշադրություն է հրավիրում Սիրիայի հարևան պետություններին «զգալի աջակցություն ցուցաբերելու» անհրաժեշտությանը, որոնք իրենց տարածքում ընդունում են փախստականների հիմնական մասին: Մոտ 2 մլն սիրիացի ապաստան է գտել Թուրքիայում, մոտ 1.1 մլն՝ Լիբանանում, մոտ 630 հազար՝ Հորդանանում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20